EN
>

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

2022թ․ հունվարի 25-ին տեղի ունեցավ Իրավունքի կողմ իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Հայաստանում տրանսգենդեր անձանց խնդիրների լուծման տարբերակները» խորագրով կլոր-սեղան քննարկումը, ինչպես նաև «Թույլ տուր իմ ինքնությունը ես որոշեմ» գրքի շնորհանդեսը։

Քննարկմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիպ Լեիթնենը, Նիդերլանդերի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Մացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցիչ Տուպինա ԴաՍիլվան, Գերմանիայի դեսպանության մշակութային կցորդ Յակոբ Զիեգլերը, դիվանագիտական ներկայացուցիչներ, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Տրանս ԼԳԲԻՔ անձինք և ԼԳԲՏԻՔ անձանց ծնողներ։

                       

Հանդիպման պաշտոնական բացումը կատարեց Իրավունքի կողմ իրավապաշտպան հկ-ի հիմնադիր-նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ով հկ-ի և անձամբ իր անունից ջերմորեն ողջունեց կլոր-սեղան քննարկման բոլոր մասնակիցներին, երախտագիտություն հայտնեց Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամին՝ վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպությանը աջակցելու, Տրանս ԼԳԲԻՔ համայնքի կարողությունների զարգացման գործում մեծ ավանդ ունենալու, համայնքի իրավունքների պաշտպանությունը խթանելու համար, ինչպես նաև ողջունեց Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան լիարժեք ներգրավվածությունը տրանս անձանց իրավունքների պաշտպանության տարբեր գործընթացներում: Իր ելույթում տիկին Մարտիրոսյանը նշեց, որ  կազմակերպության գործունեությունը նպատակաուղղված է խթանելու Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքի անդամների սոցիալական ներգրավվածությունը կյանքի բոլոր ոլորտներում, որին հասնելու լավագույն ճանապարհը սոցիալ-մշակութային և իրավական փոփոխություններն են:

Այնուհետև Լիլիթ Մարտիրոսյանը խոսքը փոխանցեց Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով անդրադարձավ Հայաստանում Տրանս ԼԳԲԻՔ համյանքի իրավունքների բարելավմանն և արժանապատիվ կյանքի ապահովման կարևորությանը՝ հայտնելով Նիդերլանդների կառավարության պատրաստակամությունը ձեռնամուխ լինել այդ գործում։ Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիպ Լեիթնենն ընդգծեց, որ ժողովրդավարությունն ամուր է, եթե այն ներառական է, ապա անդրադարձավ վերջերս ձևավորված Ներառական ժողովրդավարության ու ԼԳԲՏՔԻ+ հզորացման հարցերով գլոբալ հիմնադրամին (GLIDE)։ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերն իր ելույթում նշեց, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԼԳԲՏ+ իրավունքների պաշտպանությանը՝ ընդգծելով, որ Միացյալ Թագավորությունը հունիսին կհյուրընկալի առաջին անգամ կայանալիք ԼԳԲՏ+ գլոբալ համաժողովը, որի նպատակն է խթանել հավասարությունը և ապահովել ԼԳԲՏ+ անձանց անվտանգությունն աշխարհում։ Դեսպանը նշեց, որ Միացյալ Թագավորությունը մտադիր է խրախուսել, որպեսզի կառավարություններն ու քաղաքացիական հասարակությունը կոնկրետ քայլեր ձեռնարկեն՝ ԼԳԲՏ+ անձանց պաշտպանելու և իրավապաշտպաններին աջակցելու ուղղությամբ։ Դիվանագիտական ներկայացուցիչները ողջունեցին ներկա գտնվող Տրանս ԼԳԲԻՔ համայնքի անդամներին և իրավապաշտպաններին, կարևորեցին Իրավունքի կողմ հկ-ի գործունեությունը, ներկայացրին իրենց դիտարկումներն անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ և իրենց պատրաստակամությունը հայտնեցին կազմակերության հետ համագործակցելու հարցում՝ հանուն Տրանս ԼԳԲԻՔ համայնքի պաշտպանության, իրավունքների բարելավման, ժողովրդավարության հաստատման և առանց խարանի ու խտրականության արժանապատիվ կյանքի։

                     

Շարունակելով հանդիպումը՝ Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արթուր Մարգարյանը ներկայացրեց Հայաստանում 2021թ. ընթացքում տրանսգենդեր անձանց իրավունքների ոտնահարման դեպքերը, խոսեց քրեական վարույթում, քննչական մարմիններում և ոստիկանությունում գտնվող գործերի մասին, նշեց, որ 2021 թվականի ընթացքում կազմակերպությունը իրավաբանական օգնություն է ցուցաբերել իր շահառուներին՝ խորհրդատվություն տրամադրելով ինչպես գրասենյակում, այնպես էլ առցանց տարբերակով։

Ա․ Մարգարյանը ներկայացրեց 2021թ. ընթացքում արձանագրված իրավական գործերի հաղթանակաները, նա առանձնացրեց, որ Հայաստանում առաջին անգամ դատարանի կողմից ճանաչվել է ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների խախտումը՝ խտրականության հիմքով: Ամփոփելով իր ելույթը՝ Ա. Մարգարյանը հանդես եկավ մի շարք առաջարկություններով ոստիկանությանը, զանգվածային լրատվության միջոցներին, քաղաքական գործիչներին, կառավարությանը, ԱԺ պատգամավորներին և Առողջապահության նախարարությանը։

                  

Քննարկման ընթացքում ելույթ ունեցան տեղական հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ, որոնք ընդգծեցին, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր լուծել Տրանս ԼԳԲԻՔ անձանց խնդիրները։

Հանդիպման երկրերդ մասում տեղի ունեցավ «Թույլ տուր իմ ինքնությունը ես որոշեմ» գրքի շնորհանդեսը. պանելային քննարկման միջոցով գրքի հերոսները կիսվեցին գրքում զետեղված իրենց պատմություններով, խոսեցին գենդերային ինքնությամբ և սեռական կողմնորոշվածությամբ պայմանավորված խտրականության, խարանի, ատելության խոսքի, բռնության դեպքերի մասին, որոնց բախվում են գրեթե ամեն քայլափոխի։ Գրքի հերոսները շնորհակալություն հայտնեցին կազմակերպությանը՝ իրենց խնդիրները բարձրաձայնելու և տեսանելիությունը ապահովելու համար։ Նշենք, որ գիրքը պատրաստվել է Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ի կողմից՝ Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI) ֆինանսական աջակցությամբ։ Գրքում արտացոլված են Հայաստանում բնակվող Տրանս ԼԳԲԻՔ սեքս աշխատող համայնքի նկատմամբ խարանի ու խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների իրական դեպքերը։

                      

Ամփոփելով հանդիպումը՝ Լիլիթ Մատիրոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին, հասարակական կազմակերպություններին, Տրանս ԼԳԲԻՔ համայնքին և աջակիցներին՝ կազմակերպության կողքին լինելու, հավասարության և արդարության համար պայքարելու համար։

Կլոր-սեղան հանդիպումն իրականացվել է Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI) ֆինանսական աջակցությամբ։

Հունվարի 31, 2022 Հայաստան, Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին