EN
>

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՀԱՆՈՒՆ ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ամփոփել է Կարմիր Հովանոց հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող ենթադրամաշնորհային ծրագրի մրցութային փուլը, որը հայտարարվել էր Սեքս աշխատողների միջազգային օրվա կապակցությամբ և նպատակ ունի բարձրացնել Հայաստանում սեքս աշխատողների սոցիալական ներառականության մակարդակը։ Ձևավորված հատուկ մրցութային հանձնաժողովը գնահատել է ներկայացված նախագծերը՝ ըստ նախատեսվող գործողությունների իրագործելիության, կարիքների գնահատման, ծախսերի արդյունավետության, նախագծի նկարագրության հստակության և մրցույթի նպատակներին համապատասխանելիության և առանձնացրել 4 հաղթող նախագծեր, որոնք ներկայացրել են «Պատվի շարժում» ՀԿ-ն, «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն, Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամը և լրագրող Աննա Եգանյանը։

«Պատվի շարժում» հասարակական կազմակերպությունը իրականացնելու է սեքս աշխատողների նկատմամբ նախապաշարմունքները վիճարկելու և սոցիալական ներառմանն աջակցելու առցանց իրազեկման արշավ, որի ընթացքում ստեղծվելու է սեքս աշխատողների խնդիրների ու իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թվային բովանդակություն՝ հոդվածների և սոցիալական ցանցերում հրապարակումների տեսքով։ 

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իրականացնելու է «Երիտասարդական աշխատանքը հանուն սեքս աշխատող անձանց հիմնարար իրավունքների» ծրագիրը, որի  նպատակն է 5-ից 10 սեքս աշխատողների համար կազմակերպել եռօրյա դասընթաց, որի ընթացքում նրանք կիրազեկվեն երիտասարդական ծրագրերի և երիտասարդների հետ աշխատելու մեթոդների մասին և ձեռք բերված գիտելիքները հետագայում կկիրառեն իրենց համայնքներում։ 

Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամն իրականացնելու է «Բարձրացնել Տրանս սեքս աշխատող անձանց իրազեկվածությունը՝ անվտանգ և ներդաշնակ կյանք ունենալու նպատակով» ծրագիրը, որի շրջանակում կազմակերպվելու է սեմինար, որը կհամախմբի 15 տրանս սեքս աշխատող անձանց Երևանից և ՀՀ մարզերից։ Սեմինարի ընթացքում կքննարկվեն Հայաստանում սեքս աշխատողների անվտանգությանը և բարեկեցությանն առնչվող հարցերը։ 

Ենթադրամաշնորհային ծրագրի վերջին շահառուն՝ լրագրող Աննա Եգանյանը, իրականացնելու է սեքս աշխատող անհատների և իրավապաշտպանների հետ հարցազրույցների շարք, որի նպատակն է ձայն տրամադրել սեքս աշխատողներին, բարձրացնել նրանց խնդիրների ու կարիքների վերաբերյալ տեսանելիությունը։ 

Նշված ծրագրերը իրականացվելու են սույն թվալանի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում։ Ծրագրերի զարգացման մասին հավելյալ կտեղեկացնենք մեր կայքում։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կարևորում է ոլորտում գործող կազմակերպությունների հետ համագործակցությունն ու հզորացումը  և հույս ունի, որ այս ծրագրերը դրական ազդեցություն կունենան և կնպաստեն սեքս աշխատող համայնքի սոցիալական ներառականությանը։

Օգոստոս 8, 2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին