EN
>

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱՆՁԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ․ ՀԻՇԵԼՈՎ ԱԴՐԻԱՆԱՅԻՆ

Նոյեմբերի 20-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Տրանսգենդեր անձանց հիշատակի օր, ամեն տարի այս օրը մենք միավորում ենք մեր ձայները՝ հիշատակի տուրք մատուցելու այն անձանց, ովքեր զոհ են դարձել տրանսֆոբիային։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Տրանսգենդեր անձանց հիշատակի օրվա կապակցությամբ կազմակերպել էր միջոցառում, որը կրում էր «Հիշելով Ադրիանային» խորագիրը՝ ի հիշատակ սույն թվականի օգոստոսի 21-ին իր իսկ բնակարանում սպանված և այրված տրանս կնոջ, ում դաժան սպանությանը հաջորդել էին մարդասպանին հերոսացանող և սպանությունը քաջալերող, ատելության կոչեր ու սպառնալիքներ պարունակող հազարավոր մեկնաբանություններ սոցիալական ցանցերում: Հայաստանի Հանրապետությունում այսօր տրանս անձանց նկատմամբ բռնությունը ու խտրականությունը ոչ միայն չեն նվազում, այլև աճ են գրանցում, ինչի վառ ապացույցն են հանդիսանում «Իրավունքի կողմ» ՀԿ-ի ներկայացրած ամենամյա զեկույցները և տրանս անձանց նկատմամբ ֆիզիկական և այլ տեսակների բռնության վերաբերյալ ամեն ամիս հրապարակվող ահազանգները։ 

                     

Տրանսգենդեր անձանց հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը ներկա էին սպանված տրանս կնոջ մայրը, դիվանագիտական կառույցների և ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, Տրանս և ԼԳԲԻՔ համայնքի անդամներ և համակիրներ։ Սպանված տրանս կնոջ՝ Ադրիանայի մայրը հանդիպման ընթացքում կիսվեց հիշողություններով  և նշեց, որ մինչև վերջ պայքարելու է, որպեսզի բացահայտվի իր դստեր սպանության հանգամանքները։ Հյուրերին ողջույնի խոսքով դիմեց «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը,  ապա տեղի ունեցավ «Տրանս անձանց իրավունքների իրավիճակը» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցում էին կազմակերպության փաստաբաններ Արթուր Մարգարյանը, Սոնա Հարությունյանը և Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբան Արա Կարագյոզյանը, ովքեր ներգրավված են Ադրիանայի սպանության գործով և զբաղվում են  նրա իրավահաջորդի շահերի պաշտպանությամբ։ Փաստաբանները ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակը, պետական մարմիններում Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ խտրականության դեպքերը, ինչպես նաև Ադրիանայի սպանության գործով որոշ մանրամասներ, որոնք չեն հակասում քննության գաղտնիությանը։ Ցուցադրվեց «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից նկարահանված նոր սոցիալական հոլովակը՝  «Հիշելով Ադրիանային» խորագրով, ինչին հաջորդեց «Տրանս անձանց ձայնը» պանելային քննարկումը, որի ընթացքում Տրանս և ԼԳԲԻՔ համայնքի ակտիվիստները կիսվեցին իրենց անձնական փորձառություններով և մատնանշեցին այն քայլերը, որոնց իրականացումը կարող է նվազեցնել համայնքի նկատմամաբ խտրականությունը և բռնությունը։ Հանդիպման վերջում խոսքով հանդես եկավ ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը, ով իր ցավակցությունը հայտնեց և շեշտեց մարդու իրավունքների պաշտպանության ու առանց խտրականության, ժողովրդավար հասարակության կառուցելու կարևորությունը։
Ադրիանայի ողբերգական սպանությունը միակ պատմությունը չէ, որն արձագանքում է բոլոր տրանսգենդեր անձանց սրտերում, ովքեր ամեն օր լսում են ատելության խոսք, ենթարկվում են խարանի, խտրականության, բռնության բոլոր տեսակներին տանը, փողոցում, պետական ու բժշկական հաստատություններում և այլուր։ Միայն 2023 թվականի ընթացքում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից փաստագրվել են տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնության տասնյակ դեպքեր, որոնց նկատմամբ արդարացի ու պատշաճ արձագանքը հնարավոր է կանխեր Ադրիանայի սպանությանը։ Ցավոք,  ի տարբերություն շատ այլ երկրների, Հայաստանը չի վարում առանձին վիճակագրություն տրանս անձանց նկատմամբ ատելության խոսքի, ատելության հիմքով հանցագործությունների և խտրականության դեպքերի վերաբերյալ, իսկ զանգվածային լրատվության միջոցներով Տրանս անձանց նկատմամբ խտրականությունը և բռնությունը չի լուսաբանվում, թեմային անդրադարձ կատարվում է միայն ներքաղաքական շահարկումների, խտրականության ամրապնդման և ատելության խոսքի տարածման շրջանակներում։

                                                

«Իրավունքի կողմ» իրավապաշտապն ՀԿ-ն հաստատակամորեն հավատում է կրթության և իրազեկման ուժին` վերացնելու կարծրատիպերն ու նախապաշարումները: Տրանսգենդեր անձանց հիշատակի օրը մենք ոչ միայն հիշատակի մոմեր ենք վառում տրանսֆոբիայի զոհերի հիշատակին, այլ նաև կոչ ենք անում կոնկրետ գործողությունների, որոնք կարող են փոխել այս իրավիճակը․ 

Պետական մարմիններին՝

– իրականացնել համապատասխան իրավական քայլեր ապահովելու տրասնգենդեր անձանց իրավական գենդերի ճանաչումը և անվանափոխությունը ՝ հիմնվելով ինքնորոշման իրավունքի, հոգևոր և ֆիզիկական անձեռնմխելիության վրա՝ վերացնելով հարկադրական բժշկական միջամտությունների պահանջը։

– թարմացնել իրավահավասարության մասին օրենքի նախագիծը` ներառելով խտրականության արգելքը` պայամանավորված գենդերային ինքնությամբ և գենդերային ինքնարտահայտմամբ։

– օրենքով ապահովել ատելության հիմքով հանցագործություններից և ատելության խոսքից տրանսգենդեր անձանց պաշտպանվածությունը, վարել միջադեպերի փաստագրումը և ինչպես ԵԱՀԿ մասնակից այլ երկրներ ներկայացնել հաշվետվություններ։

– ՀՀ կրթական համակարգում գործող ընթացիկ ուսումնական ծրագրերը տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից դարձնել ներառական և ուսուցանել ներառականություն, սեռականություն և գենդերային հիմնահարցեր:

– իրականցնել համապատասխան միջոցառումներ` տրանսգենդեր անձանց նկատմամբ կատարված բռնության, ատելության և խտրականության բոլոր դեպքերը արդարացիորեն ուսումնասիրելու համար։

– դադարեցնել ատելության, խտրականության եւ ծաղրանքի խրախուսանքը տրանսգենդեր անձանց հանդեպ:

ՀՀ ոստիականությանը՝

– ՀՀ ոստիկանությանը, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին և պատկան մարմիններին ապահովել Տրանս անձանց անվտանգությունը և ՀՀ սահմանադրությամբ նրանց տրված բոլոր իրավունքները։

ԶԼՄ-ներին՝

– խուսափել սխալ և ապակողմնորոշող տերմինաբանության կիրառումից և դադարեցնել խտրականության քարոզը տրանսգենդեր անձանց  հանդեպ:

– տրանսգենդեր անձանց վերաբերող հարցերը լուսաբանել ներառականության և զգայունության սկզբունքներից ելնելով:

– դադարել սնել թյուր նախապաշարմունքները և կարծրատիպերը տրասնգենդեր անձանց մասին՝ ներկայացնելով նրանց որպես հիվանդ մարդկանց, ովքեր ցանկանում են ոչնչացնել հայկական ավանդույթները եւ մշակույթը:

– հարգել տրանսգենդեր անձանց անձնական կյանքը և համագործակցել տրանսգենդեր անձանց հետ՝ նրանց մասին լրատվական նյութեր պատրաստել ցանկանալիս։

Նոյեմբեր 20, 2023  Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին