EN
>

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՆՎԵԼ Է ՏՐԱՆՍ ԿԻՆ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը խորը ցավով ու վրդովմունքով հայտնում է, որ Երևանում՝ իր իսկ բնակարանում առանձնակի դաժանությամբ սպանվել է 28-ամյա տրանս կին Ադրիանան։ Դեպքը տեղի է ունեցել սույն  թվականի օգոստոսի 20-ին, սպանությունից հետո բնակարանը այրել են։

Սպանված տրանս կնոջ ընկերները երեկ՝ ժամը 16։30-ի սահմաններում, զանգահարել են Իրավունքի կողմ ՀԿ-ի հիմնադիր – նախագահ Լիլիթ Մարտիրոսյանին և հայտնել սպանության մասին։ Ըստ նրանց՝ Ադրիանան մեկ շաբաթ առաջ ասել էր, որ իրեն հետապնդում են։ 
Ապա, ոստիկանության հետ փոխկապակցված լրատվականներից մեկը գրել էր, որ ժամը 16։55-ին, ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։ Հրշեջները կոտրել են դուռը, մարել կրակը։ Բնակարանում հայտնաբերվել է 28-ամյա քաղաքացու դին։ «Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 4 հետք և չի բացառվում, որ քննիչի կողմից նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ հարվածներն ավելի են», «նրան սպանելուց հետո բնակարանն ու դին այրել են»։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով։ 

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 02.40-ին, Արմավիրի մարզի 26-ամյա կասկածյալը Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին,  հարցաքննվել՝ դեպքի հանգամանքների շուրջ, որի ընթացքում նա խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը, որից հետո բնակարանը հրկիզել է և փորձել է Բավրայի սահմանային անցակետով հատել ՀՀ պետական սահմանը: 

Նախաքննական մարմնի որոշմամբ՝ երիտասարդը ձերբակալվել է: Նրա մասնակցությամբ շարունակում են կատարվել վարութային և ապացուցողական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցեր՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կոչ է անում ՀՀ ոստիկանությանը իրականացնել անաչառ քննություն և մեղավորին պատժել օրենքի ողջ խստությամբ, ինչպես նաև քայլեր ձեռնարկել տարածվող անպատժելիության մթնոլորտը վերացնելու համար։ 

ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք խուսափել ապատեղեկատվության տարածումից, սխալ և ապակողմնորոշող տերմինաբանության կիրառումից և դադարեցնել ատելության քարոզը տրանսգենդեր անձանց հանդեպ: Ատելության մակարդակն առավելապես սրվում է, երբ տարատեսակ արմատական խմբավորումներ, հասարակության այլ շերտերի ներկայացուցիչներ սպանության կոչեր ու սպառնալիքներ են հնչեցնում տրանսգենդեր անձանց նկատմամբ և մնում են անպատիժ։ 

Ամիսներ շարունակ արձանագրվող բռնության դեպքերը, ատելության կոչերը համապատասխան արձագանք չեն ստանում ոստիկանության կողմից, ինչը հանգեցնում է ավելի ծանր հանցագործությունների, այս դեպքում՝ սպանության։ 
Հիշեցնում ենք, որ նմանատիպ դեպք մի քանի տարի առաջ նույնպես եղել է, տրանս կնոջը փորձել էին այրել իր բնակարանում։ Բարեբախտաբար կինը չէր մահացել՝ հասցրել էր սողալով դուրս գալ տնից։ Մեկ այլ օրինակ է 2022 թվականի հուլիսի 30-ն ուղիղ եթերով տրանս կնոջ վրա հարձակված ու նրան ծեծի ենթարկած Վահե Եղիազարյանի դեպքը, ով այժմ ազատության մեջ է։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կիսում է դաժանորեն սպանված տրանս կնոջ հարազատների ու Հայաստանի ողջ ԼԳԲՏԻՔ համայնքի ցավը ու վիշտը այս ողբերգական պահին։ Ի հիշատակ տրանսֆոբիայի հերթական զոհ դարձած, իր իսկ բնակարանում դանակահարված ու ողջակիզված Ադրիանայի՝ այսօր, ժամը 20։00-ին «Իրավունքի կողմ» ՀԿ-ն իրականացնում է  մոմավառություն։ Միանալ ցանկացողները կարող են գրել մեր ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին՝ մոմավառության վայրի մասին տեղեկանալու համար։
ԼԳԲՏԻՔ համայնքի աջակիցներ, ոլորտում գործող կազմակերպություններ, իրավապաշտպաններ, հասարկական ու քաղաքական գործիչնե՛ր, Հայաստանի տրանսգենդեր համայնքը այսօր ունի ձեր բոլորի ակտիվ աջակցության կարիքը: Խնդրում ենք ոտքի կանգնել և բարձրացնել ձեր ձայնը Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ նպատակաուղղված բռնության և անարդարության դեմ։

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին