EN
>

Հանրային հայտարարություն «Կոռուպցիա 2, հատուցում» սերիալից մի դրվագի կապակցությամբ

Երկիր Մեդիա ՀԸ-ով հեռարձակվող «Կոռուպցիա 2, հատուցում» սերիալի դրվագներից մեկում հայհոյախառն, նվաստացուցիչ կերպով խոսվում է տրանսգենդեր անձանց մասին։

Սույն դրվագում Գոռ Վարդանյանը հանդես է գալիս որպես ոստիկանության աշխատակից և տրանսգենդեր անձանց մասնակցությամբ հոլովակ է ցուցադրում այլ անձանց, որոնք ներկայացվում են որպես ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ և ոստիկանապետ, ապա, տրանս անձանց անվանելով «վիժվածքներ», նշում է, որ տրանս անձինք բանտում պետք է պահվեն և ծեծվեն, օգտագործում է մի շարք վիրավորող և նվաստեցնող բառեր, որը խաթարում է տրանս անձանց արժանապատիվ կյանքը, անվտանգությունը և բարօրությունը։

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն դիմում-բողոքներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակին և Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին՝ հեռացնելու տվյալ սերիան, որը հասարակության շրջանում սրում է ատելությունը տրանսգենդեր անձանց նկատմամբ։

Պետք է նաև նշել, որ սույն սերիալում օգտագործվում են հայհոյանքներ, ժարգոնային բառեր, խտրականացնող, նվաստացնող և բռնություն քարոզող տեսարաններ։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 1–ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109 Ա որոշման համաձայն՝ տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պետք է առաջնորդվեն սահմանված սկզբունքներով:

Միևնույն ժամանակ, բռնության խրախուսումը և խտրականությունը հասարակության որոշակի շերտերի նկատմամբ նաև հակասում են համամարդկային արժեքներին և ՀՀ սահմանադրությամբ սահմանված այն գաղափարին, որ ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է։ Նման բովանդակությամբ հաղորդումները էլ ավելի են մեծացնում ատելությունը Տրանս  ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ հասակարության շրջանում և միտված են հասարակության բևեռացմանը։

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն հետևողական է լինելու սույն և ատելություն սերմանող այլ հաղորդումների նկատմամբ՝ կանխելու հասրակության շրջանում ատելության և բռնության տարածումը։

Ընթացքի վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ։

Հունիս 07, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին