EN
>

ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՄՓՈՓՈՒՄ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը սույն թվականի դեկտեմբերին իրականացրեց Հանրային Քաղաքականության և Քաղաքացիական Կրթության դպրոցը, որը ստեղծվել  է Հիմնական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Միացյալ Թագավորության Կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ՝ «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Դպրոցը առաջին անգամ էր իրականացվում Հայաստանի Հանրապետությունում և նպատակ ուներ հնարավորություն ընձեռել Տրանս և ԼԳԲԻՔ+ համայնքի անդամներին նոր գիտելիքներ ձեռք բերել կազմակերպչական կառավարման, հանրային քաղաքականության, իրավունքի, ադվոկացիայի, բանավեճերի, ելույթների, հարցազրույցների, քաղաքականության մեջ մասնակցություն ունենալու վերաբերյալ, ինչպես նաև նպաստել կազմակերպությունը ներկայացնելու, ռազմավարական հաղորդակցություն վարելու, ծրագրեր կառավարելու, անձնակազմին ղեկավարելու, միջոցառումներ կազմակերպելու, տեքստեր վերլուծելու և այլ կարողությունների զարգացմանը: 

Հանրային Քաղաքականության և Քաղաքացիական Կրթության դպրոցին  մասնակցելու համար դիմել էին 55 անձ, այդ թվում Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված անձինք, ինչպես նաև ԼԳԲՏԻՔ համայնքի անդամներ տարբեր երկրներից, ովքեր ապաստան են հայցել Հայաստանի Հանրապետությունից, որոնցից ընտրվել էին 30 մասնակիցներ։  Դպրոցի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ով իր երախտագիտությունը հայտնեց դպրոցի նկատմամբ մեծ հետաքրքրության և նոր գիտելիքներ ստանալու մոտիվացիայի համար։

Հանրային Քաղաքականության և Քաղաքացիական Կրթության դպրոցին որպես բանախոս ներգրավված էին քաղաքագիտության, մարդու իրավունքների և ադվոկացիայի ոլորտների երկար տարիների փորձ ունեցող մասնագետներ, ովքեր համատեղ ջանքերով մշակվել էին ուսումնական ծրագիրը`  բաժանված երկու 5-օրյա կուրսերի, որոնց ընթացքում տեղի ունեցան բանախոսություններ, դերային խաղեր և պրակտիկ առաջադրանքներ հետևյալ թեմաներով՝

  • մարդու իրավունքներ և դրանց պաշտպանության մեխանիզմներին,
  • ջատագովություն,
  • միջազգային կառույցները՝ որպես մարդու իրավունքների պաշտպանությունը խթանող օղակ
  • հանրային քաղաքականություն
  • աշխատանք պետական մարմինների հետ 
  • մասնակցություն ընտրություններին, տեղական ինքնակառավարական մարմինների որոշումների կայացմանը
  • կազմակերպչական կառավարում և առաջնորդություն
  • որոշումների կայացում
  • ռազմավարական հաղորդակցություն
  • հրապարակային խոսքի ձևակերպում ԼԳԲՏԻՔ անձանց խնդիրների վերաբերյալ
  • ուղերձների ձևակերպում 
  • արշավների և միջոցառումների կազմակերպում 
  • բանավեճ, ելույթ, հարցազրույց:

Դպրոցի յուրաքանչյուր օր կազմված էր այնպես, որ բուն դասախոսությունը, պրակտիկ առաջադրանքները և դերային խաղերը հաջորդեն միմյանց՝ ապահովվելով մասնակիցների լիակատար ներգրավվածությունը և հետաքրքրությունը։ Ստորև առանձնացրել ենք մասնակիցներից մի քանիսի տպավորությունները դպրոցից․ 

«Ինձ դուր եկավ, որ մեզ տարբեր ադվոկացիոն հմտություններ տրամադրեցին, որոնց միջոցով կարող ենք մեր գաղափարները ավելի լավ արտահայտել, զբաղվել ակտիվիզմով։ Կառանձնացնեմ հատկապես ելույթներ ձևակերպելու և հրապարակային խոսքի դասընթացը, ինչը ինձ մոտ շատ լավ ստացվեց և որի ընթացքում ստացած գիտելիքները հետագայում ես նույնպես կօգտագործեմ»։ 

«Ինձ համար շատ կարևոր էր, որ ընտրվել էի մասնակցելու Հանրային Քաղաքականության և Քաղաքացիական Կրթության դպրոցին, և ես այստեղ ստացած իրավական գիտելիքների հիման վրա կկարողանամ ապագայում ինքս ինձ պաշտպանել ոստիկանությունում, ինչպես նաև հասարակական վայրերում»։

«Այս անգամ դպրոցի ձևաչափով էր իրականացվում ու դա ինձ դուր եկավ, որովհետև այս ձևով ես կարողացա ավելի խորը գիտելիքներ ստանալ փիլիսոփայության, քաղաքականության, հորմոնալ թերապիայի և այլ թեմաների վերաբերյալ, ինչպես նաև հանդիպեցի բազմաթիվ նոր ու հետաքրքիր մարդկանց ԼԳԲՏԻՔ համայնքից»։ 

Իրականացնելով այս կրթական ծրագիրը՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը խթանեց ԼԳԲՏԻՔ+ համայնքի անդամների կարողությունների զարգացմանը և հնարավորություն ընձեռեց ակտիվորեն մասնակցելու տեղական և պետական մակարդակում որոշումների կայացման գործընթացներին։ Ծրագրի ընթացքում առավել ակտիվ մասնակիցները ստացան խրախուսական նվերներ՝ տարբեր անվանակարգերում, իսկ դպրոցի ավարտին բոլոր մասնակիցներին «Իրավունքի կողմ» ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հանձնեց հավաստագրեր։ Նշենք, որ դպրոցի բոլոր շրջանավարտները այսուհետ  հնարավորություն ունեն մասնակցելու «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության թիմի կողմից կազմակերպվող շահերի պաշտպանության հանդիպումներին, որոնց ընթացքում կհանդիպեն փորձագետների միջազգային կազմակերպություններից, դեսպանատներից և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից՝ այդպիսով առավել արդյունավետերեն կարողանալով իրականացնել շահերի պաշտպանություն ԼԳԲՏԻՔ+ տարբեր հիմնախնդիրներում դրական փոփոխության հասնելու նպատակով։ 

Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ–ի տեսակետների հետ։

Դեկտեմբեր 27, 2023 Հայաստան, Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին