EN
>

ՀԱՐԱՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԼԳԲՏԻՔ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ, ՄԱՍ 1-ԻՆ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է այս հարացազրույցների շարքը՝ նպատակ ունենալով արժեվորել Տրանս և ԼԳԲԻՔ ակտիվիստներին, կիսվել նրանց պատմություններով, բարձրաձայնել բռնության դեպքերի մասին և վեր հանել Հայաստանում առկա խնդիրները։ Մեր առաջին զրուցակիցը, ով նախընտրեց անանուն մնալ, 21 տարեկան տրանս անձ է, ով սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանում և, ականատես լինելով Հայաստանում տրանս անձանց համար բժկական ծառայությունների սահմանափակ հասանելիությանը ու մասնագետների բացակայությանը, նպատակ ունի մասնագիտանալ ներզատաբանության (էնդոկրինոլոգիայի) մեջ։  

Ի՞նչ հարաբերություններ ունեք ընտանիքի անդամների հետ։  

Հայրս մահացել է, երբ երկու տարեկան եմ եղել, մայրիկիս հետ եմ ապրում։ Փոքր տարիքից էլ նկատելի են եղել իմ վարքի մեջ որոշակի փոփոխություններ, ու եկավ մի տարիք, որ հասկացա՝ ես չեմ կարող ուղղակի այսպես փակ ապրել ու միանգամից, ուղիղ ձևով մայրիկիս պատմեցի ամբողջ իրավիճակը, իմ գենդերային ինքնության մասին։ Իհարկե սկզբնական շրջանում մի քիչ դժվար էր, բայց հիմա նա ինձ ընդունում է այնպիսին, ինչպիսին կամ։ Ընդհանրապես ես իմ բարեկամների հետ շատ հազվադեպ եմ շփվում, ու, ես ինչքանով որ տեղյակ եմ, հիմնականում դա կապված է իմ կողմնորոշվածության հետ։ Ես միայն իմ քույրերի հետ եմ շփվում, շատ մտերիմ եմ։ 

Ո՞րն է տարբերությունը Երևանի և մարզերում ապրող ԼԳԲՏԻՔ համայնքի անդամների միջև։

Հրազդանը փոքր քաղաք է, մարդիկ բավականին նկատելի են, ու մեկը մյուսին դեմքով ճանաչում է։ Բնական է, որ ամեն անգամ ինձ տեսնելուց անտարբեր չեն անցնում, հետաքրքրություն է առաջանում։ Ինչ-որ տեղ այդ հետաքրքրությունը արդեն վերածվում է խտրականության և բռնության։ Իսկ Երևանում ավելի քիչ դեպքեր են եղել, հիմնականում տարբերությունը այն է, որ Երևանում խտրականությունը համեմատաբար քիչ է։

Ո՞րտեղ եք սովորում։ Ի՞նչ կրթություն եք ստացել։ 

Ես դպրոցում բավականին լավ առաջադիմություն եմ ունեցել, ու ինձ որպես կրթական էտալոն էին դիտարկում։ Խտրականությունը ավելի նկատելի դարձավ վերջին տարիներին, այնպես էր ստացվել, որ ինձ հետ սովորող աշակերտների մեծամասնությունը տղաներ էին, ու անընդհատ իրենք ինձ առանձնացնում էին, ու ես ինքնավնասումներ ունեմ, դրա մասին էին հանրայնացրել դպրոցում։ Փոքր տարիքում մեր դասարանի երեխաները ուրիշ դասարանի երխաների հետ սպասում էին՝ երբ եմ դուրս գալու դասարանից, որ ինձ ծեծեն և վնասեն։ Ու ամեն անգամ դասղեկիս դիմելուց հետո ես բացասական պատասխան եմ ստացել։ Ես երկու մոտ ընկերուհի ունեի, ու իմ դասղեկը իրենց ու մյուս աղջիկներին համոզում ու հրահրում էր, որ ինձ հետ չշփվեն, որ ես կարողանամ տղաների շրջապատ ինտեգրվեմ։ 

Հիմա բժշկական համալսարանում եմ սովորում ու հենց առաջին օրվանից հասկացա, որ այստեղ լրիվ տարբեր մարդիկ են, անտարբեր են իմ նկատմամբ, ինչ-որ տեղ անգամ դրական են վերաբերվում։ Նույնը դասախոսական կազմը, ես պիրսինգներով եմ դասի գնացել, ինձ միշտ ասել են՝ շատ սիրուն ես։

Կարողացե՞լ եք մասնագիտությամբ աշխատանք գտնել։

Ես սկզբնական շրջանում սեքս աշխատանքով եմ զբաղվել, հետագայում որպես խորհրդատու եմ աշխատել մարմնի խնամքի միջոցների խանութում, սկզբում շատ վախեցած էի, բայց տնօրենը բավականին ադեկվատ էր, անգամ ամանորին ինձ ականջող  նվիրեց։ Բայց հիմա խանութը փակվել է, և ես չեմ աշխատում։ Տրանս անձինք, եթե համաեմատենք մյուս ԼԳԲԻՔ անձանց հետ, ավելի տեսանելի են, այլ անձինք կարող են աշխատել ու թաքցնել իրենց գենդերային ինքնությունը, սեռական կողմնորոշվածությունը ու խնդիրներից խուսափել։  

Երբևէ ենթարկվե՞լ եք ֆիզիկական կամ այլ տիպի բռնության։ 

Ամենամեծ բռնության դեպքը, որ իմ համար շրջադարձային է եղել, անցած տարի հունիսի 24-ին է տեղի ունեցել։ Հրազդանում մի խումբ դեռահասներ իմ վրա էին հարձակվել՝ փայտերով, մահակներով, դանակներով, ու չորս կողմից ինձ շրջապատել էին։ Չգիտեմ այդ  պահին ինչ երկնային ուժ էր, որ մանկապարտեզ տեսա, մտա օգնություն խնդրեցի։ Ոստիկանությունը չէր արձագանքում ընդհանրապես, մի ժամից ավել սպասել եմ, որ ոստիկանները հասնեն, այդպես էլ չեկան, ես եմ ոստիկանություն գնացել։ Դիմումին ընթացք չի տրվել, քանի որ իմ բողոքը հիմնականում այդ մասնակիցներից մեկի դեմ էր, ով իրենց գլխավորն էր։ Բայց քանի որ իր 16 տարեկանը չէր լրացել, ու չնայած, որ արդեն իսկ հաշվառված էր տարբեր հանցագործությունների համար, որևէ իրավական պատասխանատվության չենթարկվեց։ Դրանից հետո մի տարի է արդեն հոգեբանի մոտ եմ այցելում։  

Մյուս դեպքը տեղի է ունեցել 2020 թ-ի օգոստոսի 13-ին։ Ես որոշ ժամանակ սեքս աշխատանքով եմ զբաղվել Երևանում, ու հանդիպել էի մի տղայի հետ իր մեքենայում։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ինքը խնդրեց ինձնից իմ հեռախոսը, որ զանգի ընկերոջը, ու հետո ուղղակի դանակը հանեց ու սպառնաց, որ եթե հեռախոսը իր մոտ չմնա, ինձ կվնասի։ Դեպքի առնչությամբ Արաբկիրի ոստիկանության բաժանմունք եմ դիմել, քննիչի վերաբերմունքը վերջին աստիճանի խայտառակություն էր․ ոչ հոգեբանական աջակցություն, ոչ էմպատիա, ոչ մի աջակցություն չկար, ու անգամ ինչ-որ տեղ այդ տղային էր պաշտպանում։ Ես ցանկացա անգամ քննիչին փոխեմ, բայց ինձ այդ հնարավորությունը չտվեցին։ Ու այդպես գործը փակվեց գնաց։  

Որպես ապագա բժիշկ՝ ի՞նչ եք կարծում, արդյո՞ք տրանս անձանց համար Հայաստանում ապահովված են անհրաժեշտ բժշկական ծառայությունները։  

Նախ առաջին հերթին իմ համար՝ որպես ապագա բժիշկի, կարևոր է ինչպես է պացիենտը ներկայանալու, ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցիչները պետք է իմանան՝ ուր են գնում, ինչ ձևով պետք է ներկայանան, ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Բարեփոխումների վերաբերյալ կասեի, որ անպայման պետք է բժիշկները անցնեն վերապատրաստումներ ԼԳԲՏԻՔ անձանց հետ շփվելու վերաբերյալ։ Ես բավականին քիչ եմ բժշկի դիմում, բայց վերջերս գնացել էի մեր տեղական պոլիկլինիկան, շատ ահավոր վերաբերմունքի արժանացա, որ անգամ սիմպտոմները թվարկելուց բժիշկը ինչ որ հիվանդություն է ասում՝ առանց ստուգումների, անալիզների, հիմնվելով կարծրատիպերի վրա՝ պայմանավորված իմ գենդերային ինքնությամբ։ Ու բժշկական դիանտոլոգիա հասկացություն գոյություն ունի, այսինքն վերաբերմունքը, հիվանդի հետ շփումը, ու էտ ամեն ինչը բացակայում էր իրենց մոտ։ Բժիշկներից մեկը անգամ ուզում էր ինձ արական հորմոնալ դեղորայք նշանակի՝ համարելով որ ես ունեմ շեղում։ Եվ դա իհարկե դեռ նեղ մասն է խնդրի։ Հայսատանում կոնկրետ մասնագետի բացակայության խնդիր կա, քանի որ էնդոկրինոլոգը երբ որ վերապատրաստվում ու դառնում է բժիշկ, իր  կրթության մեջ ներառված չէ տրանս անձանց վերափոխումը, հորմոնային թերապիան, ԼԳԲՏԻՔ համայնքի հետ աշխատանքի առանձնահատկությունները։ Հետևաբար եթե կրթական մասը ներառվի համալսարանական կրթության մեջ, ինձ թվում է հարցը արագ կլուծվի։ Ներկա իրավիճակում, բացի դրանից, ամենամեծ խնդիրներից մեկը դեղորայքի բացակայությունն է, ուղղակի կանանց համար նախատեսված  ինչ-որ հակաբեղմնավորիչներ կամ դաշտանային ցիկլի կարգավորիչ դեղեր են տրանս անձինք օգտագործում որպես հորմոնալ թերապիա, ինչը ուղղակի աբսուրդ է, հատկապես որ կոնկրետ դեղաչափեր նույնպես սահմանված չեն, որ գոնե յուրաքանչյուրին անհատապես նշանակվեն։ Ես ցանկանում եմ Հայաստանում մնալ, իհարկե ժամանակ առ ժամանակ արտերկիր գնալ վերապատրաստվելով, բայց ես ուզում եմ էնդոկրինոլոգ դառնալ ապագայում, ու կարծում եմ Հայաստանում այդ մասնագետի կարիքը շատ կա։  

Հունիսի 26 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին