EN
>

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՐՔ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Տրանսգենդեր անձանց հիշատակի միջազգային օրվան՝ նոյեմբերի 20-ին ընդառաջ իրականացնում է հարցազրույցների շարք Տրանսգենդեր անձանց հետ։

Այս հոդվածում ներկայացնում ենք Տրանսգենդեր սեքս աշխատող Մագդալենայի պատմությունը։ Մագդալենան, չցանկանալով բարձրաձայնել իր իրական անունը, նշում է, որ իր նկատմամբ բռնություններ շատ են եղել։ Հիմա կարողանում է քիչ թե շատ ինքնապաշտպանվել, բայց նախկինում գրեթե ամեն օր հանդիպում էր բռնությունների։

Հարցին, թե երբևէ բռնություններ եղել են իր նկատմամաբ, Մագդալենան պատասխանում է․

-Բռնություններ շատ են եղել։ Կարելի է ասել, կյանքս անցել է բռնություններով։ Վերջին դեպքը եղել է տանը, որտեղ ապրում եմ ընկերուհուս հետ։ Երկուսս էլ սեքս աշխատանքով ենք զբաղվում, քանի որ ուսանող ենք, մյուս կողմից այլ վայրում աշխատանք չեմ կարողանում դեռ գտնել։ Ընկերուհիս սպասում էր իր հաճախորդին, որը երբ եկավ, խնդրեց իրեն ջուր տալ։ Ընկերուհիս գնաց ջուր բերելու։ Հաճախորդի՝ ինձ հետ կոպիտ խոսելու արդյունքում, ես էլ սկսեցի կոպիտ խոսել։ Բանը հասավ նրան, որ հարձակվեց մեզ վրա և սկսեց հարվածել։ Բարեբախտաբար կարող էի ինքնապաշտպանվել, նաև փորձում էի պաշտպանել ընկերուհուս։ Արդյունքում վնասել եմ հեռախոսս, համակարգիչս։ Կոտրվել է տան աթոռներից մեկը, չհաշված մարմնական վնասները, որոնք ունենք ես ու ընկերուհիս այս պահին։ Հաճախորդն այնքան էր ագրեսիվացել, որ, շատ լկտի ձևով բղավելով, սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում։ Այս ամենը կատարվում էր գիշերը։ Կարևորն այն է, որ այս ամենին զուգահեռ, անընդհատ պահանջում էր, որ իմ իրական անունն ասեմ իրեն։ Այս տեսակ բռնություններ հաճախ են լինում։

Առհասարակ, ու՞մ կողմից են հիմնականում բռնություններ լինում Ձեր նկատմամբ։

-Իմ նկատմամբ բռնություններ առավել հաճախ լինում են հաճախորդների կողմից։ Դեռ ավելին, քանի որ նաև սովորում եմ համալսարանում, հաճախ եմ բախվում ինձ ուղղված վատ արտահայտությունների։ Բարեկամներիս շրջանում էլ հաճախ վիրավորական արտահայտություններ են լինում իմ նկատմամաբ։ Լավ հիշում եմ, երբ մորեղբորս տղան իմացել էր իմ ՍԿԳԻ մասին, իր երկու ընկերների հետ եկել էր ինձ ծեծի ենթարկելու։ Իսկ նախկին աշխատանքի վայրից ինձ հեռացրին միայն նրա համար, որ կրկին իմացան իմ ինքնության մասին։ Հեռացման պատճառը հետևյալն էր․ «Դու այն մարդը չես, որ աշխատես մեզ մոտ»։ Նման և այլ բռնությունները շատ վատ ազդեցություն են ունենում մարդկանց վրա։ Ես բազմիցս ենթարկվել եմ սթրեսների, վախերս են շատացել և այլն։ Կարելի է ասել ենթարկվել եմ բոլոր տեսակ բռնությունների, թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական, թե՛ տնտեսական։ Երբ մորս ընկերուհին մեզ հետ էր ապրում, իմ մասին իմանալուց հետո սկսեց արգելել ինձ դուրս գալ տանից, վերցրեց հեռախոսս, փոխեց ինտերնետ կապի գաղտնաբառը, նույնիսկ գումար չէին տալիս ինձ։ Մայրս առավոտից երեկո աշխատում էր, իսկ երբ վերադառնում էր տուն, ընկերուհին ասում էր, թե «ճիշտ ուղու վրա է ինձ դնում»։

Ինչպե՞ս եք հաղթահարել Ձեր նկատմամաբ բռնության հետևանքները։

– Բռնության հետևանքները կարողացա հաղթահարել առաջին հերթին իմ իրավունքների մասին իրազեկվելով։ Հետո սկսեցի բարձրաձայնել դրանց մասին։ Այս ամենին զուգահեռ, սկսեցի արժևորել կյանքս, հասկանալ իմ նպատակները, գնահատել իմ ցանկություններն ու ինձ, որպես մարդ և անհատականություն։ Արդյունքում ուժեղացել եմ հոգեբանորեն, ինչպես նաև ֆիզիկապես։

Ովքե՞ր և ի՞նչ կազմակերպություններ են աջակցել Ձեզ, հաղթահարելու բռնության հետևանքները։

-Բռնության հետևանքները հաղթահարելու ճանապարհին ինձ հետ է եղել մոտիկ ընկերներիցս մեկը, կարելի է ասել, միակ մոտիկ ընկերս, որը միշտ լսել է ինձ, հասկացել ու աջակցել։ Հետևելով նրա խորհրդին, կարևորել եմ ինձ ու սովորել արհամարհել հասարակական վատ մենթալիտետն ու տիրապետել «թքած ունենալու նուրբ արվեստին»։ Ընկերս օգնել է նաև հարթել մորս հետ հարաբերությունները։ Բազմից խոսել է մորս հետ։ Արդյունքում՝ այսօր ավելի լավ հարաբերությունների մեջ եմ մորս հետ։

Կազմակերպությունների մասին շատ տեղյակ չեմ եղել։ Գիտեի, որ կան կազմակերպություններ, որոնք մարդու իրավունքների ոլորտում են աշխատում։ Այսօր մայրս ու ես լավ հարաբերություններ ունենք և մեզ երջանիկ ենք զգում։

Հարցազրույցը խմբագրված է։

նոյեմբերի 18 , 2020 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին