EN
>

ՀՈՒՆԻՍԸ ԼԳԲՏՔԻ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՄԻՍՆ Է

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն շնորհավորում է Տրանս և ԼԳԲԻՔ համայնքին Հպարտության ամսվա կապակցությամբ: Ամեն տարի ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցիչները համախմբվում են՝ նշելու հունիս ամիսը որպես Հպարտության ամիս՝ շքերթների, միջոցառումների և տոնակատարությունների միջոցով: Հպարտության ամսվա նպատակն է սատարել ԼԳԲՏԻՔ անձանց և պայքարել իրավահավասարության համար՝ անկախ սեռական կողմնորոշվածությունից կամ գենդերային ինքնությունից։ Ըստ Միջազգային ԼԳԲՏԻՔ+ Ճանապարհորդությունների Ասոցիացիայի կազմած 2023 Համաշխարհային Գեյ Հպարտության Օրացույցի՝ այս տարի ամբողջ աշխարհում Հպարտության ամսվա ընթացքում տեղի են ունենալու 83 միջոցառումներ, որոնցից առավել նշանակալիցներն են Մադրիդի, Սան Պաուլոյի, Սան Ֆրանցիսկոյի և Նյու Յորքի շքերթները, որոնց ամեն տարի մասնացում է մինչև 5 միլիոն մարդ։ 

Հպարտության ամսվա ընթացքում կարևոր է խոսել ԼԳԲՏԻՔ համայնքի գրանցած հաջողություններից ու նվաճումներից՝ այս տարի ամուսնության ինստիտուտն իրականություն է դարձել Անդորրայի, Կուբայի, Կուրասաոյի, Մեքսիկայի, Սլովենիայի և Շվեյցարիայի ԼԳԲՏԻՔ զույգերի համար, Կիպրոսում և Հնդկաստանում արգելվել է կոնվերսիվ թերապիան, Իսպանիայում տրանս անձինք արդեն կարող են փոխել իրենց սեռը՝ առանց հոգեբանական խորհրդատվության, Թայվանում ԼԳԲՏԻՔ զույգերը հնարավորություն են ստացել երեխա որդեգրել, իսկ Կուկի կղզիները միացել է նույնասեռականությունը ապաքրեականացրած երկրների շարքին։ Չնայած, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս պատշաճ օրենսդրական կարգավորումների չի մցրել ԼԳԲՏԻՔ անձանց իրավահավասարությունը ապահովելու համար, սակայն առկա է նաև դրական առաջընթաց, օրինակ այս տարի վերացվել է ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հրամանի դրույթը, որի համաձայն նույնասեռական լինելը արյան դոնորության արգելք էր։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ակտիվորեն զբաղվում է Հայաստանում Տրանս և ԼԳԲԻՔ անձանց հիմնահարցերով՝ հարյուրավոր շահառուների տրամադրելով անվճար իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն, ապահովելով ներկայացուցչություն դատարաններում,  կազմակերպելով տարատեսակ կրթական, ժամանցային հանդիպումների և քննարկումների և հնարավորություն ընձեռելով մասնակցել տարբեր մասանագիտական դասընթացնների։ 2016 թվականից ի վեր կազմակերպության համառ աշխատանքի արդյունքում հեշտացվել է տրանս անձանց անվանափոխության գործընթացը, ինչը այժմ հնարավոր է կատարել առանց նախկինում պարտադիր անձի տրանսգենդեր լինելը փաստող 3  անձանց վկայության և  պարտադիր հոգեբանական եզրակացության։ 2017 թ․-ին առաջին անգամ ՀՀ-ում «Իրավունքի կողմ» ՀԿ-ն կազմակերպել է Տրանս Ճամբար, իսկ ՀԿ-ի իրավաբանական թիմի ջանքերով 2018 թ․-ին  առաջին անգամ Դատարանի կողմից ճանաչվել է սեռական կողմնորոշման և (կամ) գենդերային ինքնությամբ  պայմանավորված խտրականության հիմքով իրավունքների խախտումը, ինչը ՀՀ-ում նախադեպային որոշում է։ 2022 թ․-ին «Իրավունքի կողմ» ՀԿ-ն հիմնել է համայնքային ապահով կենտրոն, որը յուրաքանչյուր ամիս հյուրընկալում է հարյուրավոր Տրանս և ԼԳԲԻՔ անձանց, նրանց ընտանիքի անդամների ու աջակիցների։ Կազմակերպությունը նաև հետևողականորեն հավաքագրում և փաստագրում է Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ խտրականության և բռնության դեպքերը․ ցավոք, Հայաստանում Տրանս և ԼԳԲԻՔ անձինք շարունակում են բախվել խարանի, խտրականության, ճնշման և բռնության իրենց կյանքի տարբեր ոլորտներում, ինչի վկայությունն էին վերջին տարվա ընթացքում փաստագրված ֆիզիկական բռնության և ատելության կոչերը։ 

Այս խոչընդոտների առկայության պայմաններում առավել կարևոր է Տրանս և ԼԳԲԻՔ ակտիվիստների և ոլորտում գործող կազմակերպությունների աշխատանքի շարունակականությունը և պայքարելու վճռականությունը: «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր Տրանս և ԼԳԲԻՔ+ ակտիվիստներին, ովքեր իրենց ուսերին են վերցրել հանուն հավասարության և անվտանգության պայքարի դժվարին աշխատանքը և ճանապարհ են հարթում առաջընթացի համար: Այսօր Հայաստանում օրակարգային է ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ խտրականությունը քրեականացնող օրենքի ընդունումը, գենդերի իրավական ճանաչումը, տրանս անձանց համար բժկական ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև ոստիկանության անգործությունն ու անպատժելիության մթնոլորտը հավերժացնող վարքագծերի վերացումը։ 

Մենք շարունակելու ենք պայքարել, որպեսզի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի լինի ընդունված և հարգված՝ անկախ սեռական կողմնորոշվածությունից, գենդերային ինքնությունից և գենդերային ինքնաարտահայտումից:

Քանի դեռ մեզանից որևէ մեկն ազատ չէ, մեզանից ոչ մեկն ազատ չէ:

Հունիսի 06․2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին