EN
>

ՀՈՒՆԻՍԻ 2-Ը ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Հունիսի 2-ը սեքս աշխատողների միջազգային օրն է։

Ցավոք, ինչպես բոլոր փոքրամասնություն կազմող խմբերի շրջանում, սեքս աշխատողների շրջանում ևս այս տարի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրները միայն սրվեցին՝ վեր հանելով բազմաթիվ առողջապահական, ֆինանսատնտեսական և արմատացած այլ խնդիրներ, որոնք կրում են ինչպես սոցիալ-մշակութային, այնպես էլ ինստիտուցիոնալ հիմքեր։

Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներով արգելվում է սեքս աշխատանքով զբաղվելը, ինչպես նաև սեքս աշխատանքին որևէ կերպ նպաստելը կամ աջակցելը, ինչն ինքնին արատավորում է սեքս աշխատողի կերպարը և վերջինիս ցուցադրում որպես հանցագործ և հասարակությանը անպիտան անդամ։

Այսպիսով, սեքս աշխատողները Հայաստանում խտրականացվում են կյանքի բոլոր ոլորտներում, զուրկ են պետական աջակցությունից, հետապնդվում են օրենքով, իսկ պետական կառույցներում խտրականացվում են պաշտոնը չարաշահող պետական պաշտոնյաների կողմից։

Ընդհանուր առմամբ, հայաստանաբնակ սեքս աշխատողները բարոյալքված են և հուսալքված, նրանց սեքս աշխատող լինելու հանգամանքը՝ կարծրատիպային մոտեցումներով պայմանավորված, վերջիններիս կանգնեցնում է փակուղու առաջ, որտեղից գրեթե երբեք ելք չկա։

Նրանցից շատերը լքված և անտեսված են ընտանիքի ու հարազատների կողմից, չունեն պահուստային միջոցներ ֆորսմաժորային իրավիճակներում դիմակայելու համար։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, լինելով Հայաստանում առաջին և միակ կազմակերպությունը, որն անդամակցում է SWAN-ին և Եվրոպայում Սեքս աշխատողների իրավունքների միջազգային կոմիտեին, որդեգրել է ռազմավարական ուղղություն՝ պայքարել սեքս աշխատողների իրավունքների համար, ինչի կապակցությամբ այսօր կոչ ենք անում․

պաշտոնատար անձանց, իրավապահ մարմիններին՝ 

  • դադարեցնել խտրականությունն ու բռնությունը սեքս աշխատողների նկատմամբ և ցուցաբերել առավելագույնս համերաշխ և ներառական վերաբերմունք այս խմբի ներկայացուցիչների նկատմամբ,
  • իրականցնել հաղորդումների արդար, թափանցիկ եւ անկողմնակալ քննություն,
  • դադարել սեքս աշխատողների նկատմամբ օգտագործել սխալ, վիրավորական և խտրական տերմինաբանություն գրությունների մեջ և հաղրդակցվելիս,
  •  վերանայել սեքս աշխատողներին խտրականացնող և հետապնդող օրենքները։ 

ԶԼՄ ներկայացուցիչներին՝ 

  •  զերծ մնալ սոցիալական ցանցերում և այլ հարթակներում իրավիճակը սրող, սեքս աշխատողներին վիրավորող և նսեմացնող  մեդիա նյութերի տարածումից,
  • Ծավալել որակյալ և անկողմնակալ մասնագիտական գործունեություն՝ չմոռանալով հանրային կյանքի վրա մեդիայի ազդեցության մասին,
  • Սեքս աշխատողների խնդիրները լուսաբանելիս՝ համապատասխան գիտելիքների և տեղեկատվության պակաս զգալու դեպքում համագործակցել «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հետ։

       Հունիսի 2, 2020 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին