EN
>

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման 3-րդ շրջանում ԼԳԲՏ իրավունքների վերաբերյալ առաջարկությունները Հայաստանին
Ս.թ. դեկտեմբերի 8-ից 12-ը «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Լ. Մարտիրոսյանը և քաղաքականության ու ծրագրերի ղեկավար Ա. Գևորգյանը ԻԿԻՀԿ Խորհրդի որոշմամբ գործուղվել էին Ժնև՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) գլխամաս: Գործուղման առաքելությունն էր մասնակցել UPR Info կազմակերպության կողմից իրականացվելիք դասընթացին, ՄԱԿ ՄԻԽ Համընդհանուր պարբերական դիտարկմանը (ՀՊԴ) Հայաստանի 3-րդ շրջանին ընդառաջ կազմակերպվելիք նախահանդիպմանը, ներկայացնել ԼԳԲՏ իրավունքների վերաբերյալ առաջարկություններ ՄԱԿ անդամ պետություններին և իրականացնել լոբբիստական աշխատանքներ ՀՀ-ում ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության համար: ՀՊԴ նախահանդիպման նպատակն էր ապահովել քաղաքացիական հասարակության առաջարկությունների ՄԱԿ անդամ պետություններին թիրախային և նպատակաուղղված լինելը:
            ԻԿՀԿ ներկայացուցիչները մասնակցեցին  ՀՊԴ ջատագովության մեկօրյա դասընթացին, որն իր մեջ ներառում էր համապարփակ տեղեկատվություն ՀՊԴ  բոլոր փուլերի, ՄԱԿ անդամ պետությունների հետ լոբբիստական աշխատանքներ կատարելու և ճիշտ, նպատակային ու թիրախային առաջարկներ ներկայացնելու վերաբերյալ:
            Դեկտեբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, ԻԿԻՀԿ նախագահ Լ. Մարտիրոսյանը ՄԱԿ ՄԻԽ գլխամասից հանդես եկավ տեսաուղերձով, կոչ արեց ՀՀ պետական մարմիններին և հասարակությանն անհապաղ դադարեցնել ատելության քարոզը, վերացնել խտրականությունն ու բռնությունները՝ պայմանավորված մարդու սեռով, գենդերով, տարիքով, ազգությամբ կամ այլ տեսակի հատկանիշներով:
            Դեկտեմբերի 11-ին ԻԿԻՀԿ ներկայացուցիչները մասնակցեցին ՄԱԿ ՄԻԽ ՀՊԴ նախահանդիպմանը, որտեղ ծրագրերի և քաղաքականության ղեկավար Ա. Գևորգյանը՝ ՀՀ-ն ներկայացնող քաղաքացիական հասարակության չորս այլ ներկայացուցիչների հետ, հանդես եկավ վեց րոպեանոց ելույթով: Ելույթին ներկա էին ՄԱԿ-ի անդամ պետությունները, որոնց ներկայացվեց Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակը, ելույթում անդրադարձ կատարվեց 2015թ.-ին՝ նախորդ ՀՊԴ շրջանում ՀՀ-ին արված ԼԳԲՏ առաջարկությունների և ՀՀ-ի  ստանձնած պարտականությունների իրականացմանը: Նախորդ ՀՊԴ շրջանում ՀՀ-ին ՄԱԿ-ի անդամ պետությունները թվով տասներկու առաջարկներ էին արել՝ ապահովելու համար ՀՀ-ում ԼԳԲՏ անձանց խտրականությունից և ատելությունից պաշտպանված լինելու իրավունքը: Չնայած որ ՀՀ-ն ընդունել էր առաջարկությունների մեծամասնությունը, գործնականում չէր իրականացրել միջազգային հանրության կողմից իր առջև դրված և իր կողմից ընդունած և ոչ մի առաջարկություն: Այդ իսկ պատճառով ԻԿԻՀԿ-ն, ընդգծելով  առաջարկությունների իրականացման կարևորությունը, ևս մեկ անգամ շեշտեց ԼԳԲՏ անձանց խտրականությունից և ատելությունից պաշտպանված լինելու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը:  ԻԿԻՀԿ ելույթով ներկայացրած առաջարկություններն ունեին հինգ թեմատիկ ուղղություններ՝
  1. Խտրականություն
Կրթության, զբաղվածության, առողջապահության, կացարանի և այլ ոլորտներում սեռական կողմնորոշվածության և գենդերային հիմքով խտրականությունն արգելող օրենքի մշակում և ընդունում, ներառյալ՝
  • հաստատութենականացված մարմնի ստեղծում՝ բողոքների ընդունման, քննարկման և լուծման համար,
  • ԼԳԲՏ անձանց նկատմամբ խարանն ու խտրականությունը նվազեցնող հանրային իրազեկվածության բարձրացմանը նպատակաուղղված ծրագրերի իրականացում,
  • ՄԻՊ-ի, ոստիկանության աշխատակիցների, քննիչների, բուժաշխատողների, դատավորների և կրթական անձնակազմի վերապատրաստում սեռականության և գենդերի վերաբերյալ:
  1. Ատելության խոսք
ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքն ու ատելության քարոզը քրեականացնող օրենքի ընդունում, ներառյալ՝
  • ՄԻՊ-ի, ոստիկանության աշխատակիցների, քննիչների, դատավորների և կրթական անձնակազմի վերապատրաստում սեռականության և գենդերի վերաբերյալ,
  • ԼԳԲՏ անձանց նկատմամբ խարանն ու խտրականությունը նվազեցնող հանրային իրազեկվածության բարձրացմանը նպատակաուղղված ծրագրերի իրականացում:
  1. Ատելության հիմքով բռնություններ
Սեռական կողմնորոշվածության և գենդերային ինքնության հիմքով ատելության հողի վրա կատարվող բռնությունների քրեականացում, ներառյալ՝
  • ՄԻՊ-ի, ոստիկանության աշխատակիցների, քննիչների, դատավորների վերապատրաստում սեռականության և գենդերի վերաբերյալ,
  • ԼԳԲՏ անձանց նկատմամբ խարանն ու խտրականությունը նվազեցնող հանրային իրազեկվածության բարձրացման նպատակաուղղված ծրագրերի իրականացում,
  • Ատելության հիմքով բռնությունների զոհ դարձած անձանց վերականգնողական ծրագրերի իրականացում:
  1. Տրանսգենդեր անձանց առողջություն
Հեռացնել հիվանդությունների շարքից տրասսեքսուալությունն՝ ըստ ԱՀԿ հիվանդությունների միջազգային դասակարգման 11-րդ վերանայված տարբերակի, ներառյալ՝
  • ապահովել սեռափոխության և հորմոնաթերապիայի ոլորտում անհրաժեշտ կլինիկական ուղեցույցների առկայությունը,
  • ներառել սեռափոխության և հորմոնաթերապիայի հետ կապված ծախսերը ներդրվող առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում,
  • ապահովել ՀՀ-ում տրանսգենդեր անձանց առողջության պահպանման ոլորտում վերապատրաստված ներզատաբանների և վիրաբույժների առկայությունը:
  1. Գենդերի իրավական ճանաչում
Գենդերի իրավական ճանաչման և սեռի մասին փաստաթղթերում նշման փոփոխման համար պարտադիր սեռափոխման (ստերիլիզացման) օրենսդրական պահանջի վերացում, ներառյալ՝
  • սեռի մասին նշման փոփոխման իրավական գործընթացը դարձնել պարզ, հասկանալի և արագ ընթացակարգ,
  • ապահովել, որ փոփոխված օրենսդրությունը թույլ տա տրանսգենդեր անձանց կատարել սեռի մասին նշման իրավական փոփոխություն՝ ելնելով տրանսգենդեր անձի գենդերային ինքնորոշման սկզբունքից և իրավունքից:
 
Տեղեկացնենք նաև, որ բացի վերոնշյալ ելույթից, ԻԿԻՀԿ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել և քննարկել ՀՀ-ում ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության իրավիճակը Ուրուգվայի, Շվեդիայի Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ ՄԱԿ ՄԻԽ Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի 3-րդ շրջանն իրականացվելու է 2020թ. հունվարին, իսկ այս տարի ապրիլին ԱԺ-ում՝ ազգային խորհրդակցության ընթացքում, ԻԿԻՀԿ նախագահ Լ. Մարտիրոսյանի ելույթից հետո, ԻԿԻՀԿ-ն՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, օգտվելով իր իրավունքից, ՀՊԲ 3-րդ շրջանին ընդառաջ, այլընտրանքային զեկույց էր ներկայացրել ՄԱԿ ՄԻԽ-ին, որի մեջ ներառել էր ՀՀ-ում տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խտրականության ու բռնությունների իրավիճակը, ինչպես նաև ՀՀ-ում տրանսգենդեր իրավապաշտպանների անվտանգության ապահովման հարցը:
Հատկանշական է նաև այն, որ 2019թ. հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվեց ՄԻԽ անդամ 2020-2022 թթ․ ժամանակահատվածի համար։ ՀՀ-ն ՄԻԽ-ին անդամակցում է առաջին անգամ։ Իր անդամակցության շրջանակներում Հայաստանը ջանքեր է գործադրելու իր հանձնառություններն և առաջնայնություններն իրականացնելու ուղղությամբ, որոնցից մեկը հանդիսանում է կանանց և երիտասարդության իրավունքների պաշտպանությունը, խաղաղ և ներառական հասարակությունների կայացումը։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հաջորդող տարում ամենայն աչալրջությամբ և ուշի ուշով հետևելու է ՀՀ-ի միջազգային հանրության առջև պարտավությունների իրականացմանը և շարունակելու է տեղական ու միջազգային իրավապաշտպան մեխանիզմներն օգտագործել ի շահ ՀՀ-ում տրանսգենդեր անձանց հավասարության:
Դեկտեմբերի 19, 2019 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին