EN
>

Իրավունքի կողմ ՀԿ-ն իրականացնում է հետազոտություն

Իրավունքի Կողմ իրավապաշտպան կազմակերպությունը մեկնարկել է «Ընտանեկան բռնության ԼԳԲՏՔԻ+ զոհերի իրավիճակը Հայաստանում» հետազոտական ծրագիրը՝ ուսումնասիրելու ու բարձրաձայնելու Հայաստանում Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը։ ԻԼԳԱ Եվրոպայի կողմից ֆինանսավորվող ծրագրի նպատակն է բացահայտել Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ ընտանեկան բռնության ձևերն ու դրսևորումները, հաճախականությունը, ինչպես նաև բռնության կիրառման դրդապատճառները, ֆիզիկական և հոգեբանական հետևանքները։ Հետազոտությունը նաև հավաքագրելու է վիճակագրական տվյալներ ոլորտում գործող հասարակական  կազմակերպություններից և պետական մարմիններից, ինչպիսիք են Ոստիկանությունը, Դատախազությունը, Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, և վերլուծելու է գործող օրենսդրությունը՝ վեր հանելու առկա օրենսդրական ու ինստիտուցիոնալ բացերը, ուսումնասիրելու և հանդես գալու ոլորտի հետ առնչվող մարմիններին ուղղված առաջարկություններով:

Թեև Հայաստանը քայլեր է ձեռնարկել ընտանեկան բռնության դեմ պայքարելու համար՝ 2017թ-ին ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով այն քրեականացնելով, բայց Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ առկա խտրականության պատճառով համայնքի անդամները հաճախ չեն հայտնում ընտանեկան բռնության մասին։ Բացի այդ, ինչպես փաստում են պետական մարմիններին ուղղված հարցումները, ատելության հիմքով հանցագործությունների դեմ իրավական պաշտպանության և դեպքերի գրանցման բացակայությունը հանգեցրել է Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ ընտանեկան բռնության վերաբերյալ տվյալների բացակայության։

Հետազոտության շրջանակում ստանդարտացված հարցման և առցանց հարցաշարի միջոցով ուսումնասիրվելու է 300 դեպք։ Դիտարկվելու են հարցված անձանց նկատմամբ ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական բռնության և անտեսման դեպքերը։ Հարցմանը մասնակիցներին հնարավորություն է տրված մասնակցել հարցազրույցին հեռախոսով, առցանց կամ Իրավունքի Կողմ ՀԿ-ի գրասենյակում։ 

 

Ովքե՞ր կարող են մասնակցել հարցմանը․ 

Հետազոտությանը կարող են մասնակցել 16 և բարձր տարիքի Տրանս և ԼԳԲԻՔ անձինք։ Իրավունքի Կողմ ՀԿ-ն ապահովելու է հարցվածների անանունությունն ու տվյալների անվտանգությունը և, հասանելի ռեսուրսների սահմաններում, իրավական և հոգեբանական աջակցություն է տրամադրելու ընտանեկան բռնության ենթարկված անձանց: 

Հարցմանը մասնակցելու համար սեղմեք այստեղ։

Հետազոտությունը էական նշանակություն ունի Հայաստանում Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերի տարածումը բացահայտելու և խնդրի լուծման ճանապարհին մարտահրավերներն ու խոչընդոտները վեր հանելու համար: Այն նաև նպատակ ունի արդյունքների հիման վրա առաջարկություններ տրամադրել ոլորտին առնչվող պետական մարմիններին և համագործակցել նրանց հետ։

Մայիսի 04․2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին