EN
>

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԵԴԻԱՅՈՒՄ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՏՐԱՆՍ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ» ԾՐԱԳԻՐԸ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Պատմությունների միջոցով մեդիայում վիճարկում ենք տրանս անձանց մասին պատկերացումները» ծրագիրը, որի շրջանակում կհրապարակվի Հայաստանում և Կենտրոնական Ասիայում ապրող տրանս անձանց մասին կարևոր պատմությունների շարք, որոնք կնպաստեն տրանս անձանց խնդիրների շուրջ տեսանելիության բարձրացմանը։ Այդ նպատակով, սույն թվականի օգոստոս ամսին «Իրավունքի կողմ» ՀԿ-ի համայնքային ապահով տարածքում կազմակերպվել է հանդիպումների շարք, որոնց հրավիրված էին մասնակցելու Տրանս և ԼԳԲԻՔ համայնքի տարբեր ներկայացուցիչներ, որպեսզի քննարկեն թեմայի շուրջ իրենց գաղափարները և հանդես գան առաջարկություններով։ Հանդիպումների ընթացքում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի աշխատակիցները և ԼԳԲՏԻՔ ակտիվիստները նաև զարգացրեցին իրենց հաղորդակցության հմտությունները՝ մասնակցելով թրեյնինգի, որի նպատակն էր բարձրացնել ակտիվիստների գիտելիքներն ու հմտությունները հաղորդագրությունների ձևակերպման և փորձարկման, լսարանին հասկանալու և սոցիալական մեդիայում առցանց արշավներ նախաձեռնելու համար:

Հանդիպումների շարքը վարում էր հաղորդակցման մասնագետ Աննա Էվոյանը՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի աշխատակից Միլենա Աբրահամյանի մոդերացմամբ։ Ներկաները ներգրավվեցին ակտիվ քննարկման մեջ՝ յուրաքանչյուն առաջարկելով, թե ինչ թեմայի շուրջ կուզեր բարձրացնել հանրային իրազեկվածությունը, ինչ հետաքրքիր պատմություններ կամ փորձառություններ կան, որոնք հատուկ են տրանս համայնքին և սովորաբար ստվերում են մնում հասարակության լայն շրջանակի համար՝ պայմանավորված տեղեկատվության պակասով և նախապաշարումներով։ Այս նախնական գաղափարները և առաջարկները հետագայում կծառայեն որպես ուղղություն ծրագրի մասնակիցների համար՝ պատմությունները հավաքագրելիս և հարցազրույցներն իրականացնելիս։ Առաջարկները զարգացնելով հնարավոր կլինի ստեղծել բազմաբովանդակ մեդիա նյութեր՝ տրանս անձանց կյանքի, սոլիդարության, սեռականության, ինքնարտահայտման և յուրահատուկ կենսափորձի վերաբերյալ, որոնք ավելի տեսանելի կդարձնեն թե՛ տարածաշրջանի, թե՛ Հայաստանի տրանս համայնքի փորձառությունները և կարտացոլեն իրականությունը։ Պատմությունները հրապարակվելու են հարցազրույցների, փոդքասթերի, ֆոտոպատմությունների տեսքով։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, սույն ծրագիրն իրականացնելով, նպատակ ունի ոգեշնչել և ոգևորել տրանս անձանց, ինչպես նաև փոխել հասարակության կարծիքը նրանց մասին՝ կիսվելով իրական փորձառությունները ներկայացնող պատմություններով։ 

Սեպտեմբեր 04,2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին