EN
>

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն սեպտեմբերի 14-20-ը իրականացրել է միջոցառումների շարք, որոնցից երկուսն անցկացվել են zoom օնլայն հարթակի միջոցով, իսկ մնացածը կազմակերպության համայնքային կենտրոնում՝ համակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ։

Սեպտեմբերի 15-ին կազմակերպության համայնքային կենտրոնում իրականացվեց հանդիպքում-քննարկում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռավարակներ» թեմայի շուրջ։ Հանդիպումը նախատեսված էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռավարակների շուրջ սեքս աշխատող Տրանս ԼԳԲԻՔ+ անձանց իրազեկվածությունը բարձրացնելու և համայնքում կրթական բացը լրացնելու համար։ Հանդիպումն անցկացրեց Կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։ Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 15 սեքս աշխատող Տրանս ԼԳԲԻՔ+ անձինք, որոնք Կազմակերպության նախագահի հետ քննարկեցին մի շարք հարցեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռավարակների վերաբերյալ։ Լիլիթ Մարտիրոսյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ է սեռավարակը, ինչպիսի սեռավարակներ գոյություն ունեն, ինչպես կանխել դրանք և որտեղ ու ինչպես կատարել հետազոտություն։ Միջոցառման ավարտին Լիլիթ Մարտիրոսյանը պատասխանեց մասնակիցների բոլոր հարցերին։

Միջոցառման երկրորդ մասում իրականացվեց օնլայն հանդիպում, որի ընթացքում խոսվեց, թե ինչպես կարող ենք ջատագովություն իրականացնել առողջության իրավունքի պահպանման վերաբերյալ։ Հանդիպումն իրականություն դարձավ zoom օնլայն հարթակի միջոցով։ Հանդիպումը վարեց կազմակերպության համայնքի պատասխանատու Արտակ Ա․-ն՝ ներկայացնելով, թե ինչ է ջատագովությունը և ինչ գործողություններ ու միջոցներ են օգտագործվում ջատագովություն իրականացնելիս։ Խոսվեց նաև մարդկանց առողջության, բժշկական ծառայություններից օգտվելու և պետության պարտավորությունների մասին, որոնք պետք է իրականացվեն հանրային առողջության պահպանման համար։ Արտակ Ա․-ն ամփոփեց հանդիպումը՝ պատասխանելով մասնակիցների հարցերին։

Այնուհետև, սեպտեմբերի 16-ին «Իրավունքի կողմ» ՀԿ-ի համայնքային կենտրոնում իրականացվեց հերթական միջոցառումը «Մեր կարիքներն ու խտրականության դեպքերը համավարակի ընթացքում» թեմայի վերաբերյալ, որի ավարտին կազմակերպության փաստաբանը իրավաբանական խորհրդատվություն տրամադրեց միջոցառման մասնակից տրանս և սեքս աշխատող անձանց։

Միջոցառման ընթացքում բոլոր մասնակիցներն իրազեկվեցին խտրականության, դրա անուղղակի և ուղղակի դրսևորումների, խտրականությունից պաշտպանվելու մեխանիզմների, հակախտրականության օրենսդրության անհրաժեշտության մասին, այնուհետև, վեր հանելով իրենց կյանքում և համավարակի ընթացքում խտրականության դեպքերը, փորձեցին առավել քննադատորեն մոտենալ դեպքերին և լուծումներ փնտրել դրանց համար։

Միջոցառման երկրորդ մասում ակտիվ քննարկում ծավալվեց այն մասին, թե ինչ կարիքներ են ունեցել սեքս աշխատող Տրանս ԼԳԲԻՔ+ անձինք համավարակի ընթացքում։ Մասնակիցները խոսեցին թե՛ հոգեբանական, թե՛ ֆինանսական, և թե՛ սոցիալական կարիքների մասին, որոնք ի հայտ են եկել արտակարգ դրության ընթացքում։ Մասնակիցները կարևորեցին հատկապես կազմակերպության կողմից իրականացվող ֆինանսական և սոցիալական աջակցությունը, ավելին՝ խրախուսեցին համայնքային կենտրոնի ակտիվ աշխատանքը, որն ապահովում է Տրանս ԼԳԲԻՔ+ անձանց և սեքս աշխատողների սոցիալիզացումը և ոչ ֆորմալ կրթությունը։

Եվ իհարկե, սեպտեմբերի 18-ին իրականացվեց հերթական դասընթացը zoom օնլայն հարթակի միջոցով։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել համայնքում առողջության իրավունքի, սեռավարակների կանխարգելման մասին իրազեկվածության մակարդակը։

Դասընթացը վարեց Կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ով ներկայացրեց, թե ինչ է հորմոնաթերապիան, հորմոնաթերապիայի գործընթացի միջազգային և տեղական փորձը, ներկայացրեց դրա օրինական կարգավորումներն ու բացերը: Հանդիպման վերջում Լիլիթ Մարտիրոսյանը մանրամասնեց, թե ինչպես և որտեղ կարող են հետազոտություններ իրականացնել՝ իմանալու իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին, ինչպես նաև խոսեց «Իրավունքի կողմ» ՀԿ-ի կողմից մատուցվող բոլոր այն ծառայությունների մասին, որոնք ուղղված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռավարակների հետազոտմանը և կանխարգելմանը։ Հանդիպմանը մասնակցող ավելի քան 15 Տրանս ԼԳԲԻՔ+ և սեքս աշխատող անձանց բոլոր հարցերին տրվեց համապարփակ պատասխաններ։

«Իրավունքի կողմ» ՀԿ-ի միջոցառումներին ու իրադարձություններին կարող եք հետևել ֆեյսբուքյան հարթակի, ինչպես նաև վեբկայքի միջոցով։

Սեպտեմբերի 24, 2020 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին