EN
>

«ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԿՏԻՎԻԶՄ՝ ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԴԱՍԸՆԹԱՑ ՏՐԱՆՍ ԵՎ ԼԳԲԻՔ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, Հպարտության ամվսա միջոցառումների ու ծրագրերի շրջանակներում, կազամակերպել էր «Շահերի պաշտպանություն և ակտիվիզմ՝ հանուն սոցիալական ներառականության» թեմայով դասընթաց Տրանս և ԼԳԲԻՔ երիտասարդների համար։ Դասընթացը իրականացվում էր Աստրեան Հանուն Արդարության Լեսբիների հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և նպատակ ուներ Տրանս և ԼԳԲԻՔ երիտասարդներին զինել ադվոկացիոն հմտություններով, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն պաշտպանել իրենց իրավունքները և կայուն փոփոխություններ իրականացնել իրենց համայնքներում։ Դասընթացին մասնակցում էին 25 Տրանս և ԼԳԲԻՔ երիտասարդներ Երևանից և ՀՀ մարզերից։ 

Դասընթացի ընթացքում մասնակիցները համապարփակ գիտելիքներ ստացան ԼԳԲՏԻՔ շարժման պատմության ու ներկա հիմնախնդիրների ու օրակարգային հարցերի վերաբերյալ։ Խոսվեց առցանց հարթակներում ակտիվիզմ իրականացնելու ու արշավներ վարելու սկզբունքներից, ինչպես նաև առցանց հարթակներում ԼԳԲՏԻՔ անձանց թիրախավորող խարանից, խտրականությունից ու բռնության կոչերից պաշտպանվելու մասին։ Վերջին տարիներին՝ սոցիալական ցանցերի զարգացմանը զուգահեռ, մեծ թափ է ստացել նաև առցանց գենդերային բռնությունը, և դեռևս չկան համապատասխան կարգավորումներ այդ բռնությունից տուժող անձանց պաշտպանելու համար, ինչը յուրաքանչյուր անհատի ուսերին է թողնում անվտանգ առցանց միջավայր ստեղծելու պատասխանատվությունը։ 

Դասընթացի մյուս հատվածը նվիրված էր Տրանս և ԼԳԲԻՔ անձանց սոցիալական ներառականության խթանմանը և փոխօգնության  միջոցով մարտահրավերներին դիմակայելու հմտությունների զարգացմանը։ Ստեղծվեց անկաշկանդ միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարողանում  էր արտահայտել իր կարծիքները և մասնակցել քննարկումներին, խմբային աշխատանքների ու  տարաբնույթ գործնական աշխատանքների, որոնք ամբողջականորեն ուղղված էին շահերի պաշտպանության հմտությունների ձևավորմանը, ներանձնային և հասարակության հետ կոնֆլիկտների հաղթահարմանը, առցանց և օֆլայն ակտիվիզմ իրականացնելուն և այլն։ Մասնակիցները տեղեկացան, թե ինչպես ճիշտ աշխատել այն անձանց հետ, որոնք դեռ բավարար գիտելիքներ չունեն գենդերային ինքնության և սեռական կողմնորոշվածության վերաբերյալ, և մշակեցին Տրանս և ԼԳԲԻՔ շարժմանը նպաստելուն ուղղված ակտիվիզմի  ռազմավարություններ։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն շարունակելու է պարբերաբար կազմակերպել տարաբնույթ դասընթացներ Տրանս և ԼԳԲԻՔ անձանց հզորացնելու նպատակով և նրանց զինելով բոլոր այն հմտություններով, որոնք անհրաժեշտ են գենդերային բռնության դեմ պայքարելու, սոց ցանցերում ատելության խոսքի դեմ առցանց և օֆլայն ակտիվիզմ իրականացնելու, ատելության հանցագործություններից ու խտրականությունից պաշտպանվելու, մարդու իրավունքների խախտման դեպքերը կանխելու, մարտահրավերներին դիմակայելու ու սոցիալական ներառականությանը նպաստելու համար։ 

Հունիսի 16,2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին