EN
>

ՌՈՒՍ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՆԵՐԳԱՂԹՅԱԼ ԼԳԲՏԻՔ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Սույն թվականի օգոստոսի 7-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հանդիպում էր կազմակերպել Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից ներգաղթած ԼԳԲՏԻՔ անձանց հետ, որի նպատակն էր նրանց ծանոթացնել կազմակերպության կողմից իրականացվող նոր սոցիալական օժանդակության ծրագրին։ Սոցիալական օժանդակության ծրագիրը իրականացվում է OutRight International կազմակերպության ֆինանսական աջակցությամբ և միտված է թեթևացնել ԼԳԲՏԻՔ ներգաղթյալների առջև ծառացած մարտահրավերները, ովքեր հակամարտության և հետապնդումների հետևանքով հայտնվել են ծանր դրության մեջ։
Հանդիպումը վարում էր «Իրավունքի կողմ» ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ով ողջունեց ներկաներին և ներկայացրեց կազմակերպության նպատակները ու իրականացվող ծրագրերը։ Նա նշեց, որ OutRight International կազմակերպության աջակցությամբ իրականացվող այս ծրագրի շահառուն կարող են հանդիսանալ Ռուսաստանից և Ուկրաինաից ներգաղթած այն ԼԳԲՏԻՔ անձինք, ովքեր հայտնվել են ծանր իրավիճակում՝ պայմանավորված Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումով, դրան հաջորդած մոբիլիզացիայով, ճգնաժամով և Ռուսաստանի Դաշնության Պետդումաի կողմից նոր օրինագիծի ընդունումով, որը բացառապես արգելում է ցանկացած «բժշկական միջամտություն՝ ուղղված անձի սեռը փոխելուն», ինչպես նաև անվավեր է ճանաչում գենդերի իրավական ճանաչումը տրանս անձանց համար պաշտոնական փաստաթղթերում։ Բացի այդ, Լիլիթ Մարտիրոսյանը հորդորեց ներկաներին ծրագրի մասին տեղեկացնել իրենց ԼԳԲՏԻՔ  ընկերներին, քանի որ ընդհանուր թվով 25 անձ կարող է ստանալ սոցիալական օժանդակություն, ինչը կարող են օգտագործել բնակարանի վարձակալության, կոմունալ վճարումների, հորմոնալ թերապիայի կամ պարեն ձեռք բերելու համար։
Օժանդակության դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կից հայտը։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն երաշխավորում է տրամադրված անձնական տվյալների գաղտնիությունը։
Հանդիպման երկրորդ հատվածում ռուս և ուկրաինացի ԼԳԲՏԻՔ անձինք ներկայացրեցին իրենց երկրներում իրավիճակը, երկիրը լքելու դրդապատճառները, ինչպես են կարողացել վերագտնել իրենց կյանքը Հայաստանում, և թե ինչ խնդիրների են բախվում այստեղ՝ որպես խոցելի խմբի անդամներ։ Ներկաների մեծամասնությունը փաստում էր, որ տեղափոխման պատճառը եղել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը և դրան հետևած մոբիլիզացիան, սակայն կային նաև անհատներ, ովքեր ցանկություն են ունեցել լքել Ռուսաստանը մինչ պատերազմը՝ պայմանավորված ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ ճնշումներով և ընտանիքներում խնդիրներով։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մշտապես կանգնած է եղել մարգինալացված խմբերի կողքին և եղել է ԼԳԲՏԻՔ համայնքի իրավունքների պաշտպանության ու օժանդակության առաջնագծում։ Բացի այս սոցիալական օժանդակության ծրագրից, կազմակերպությունը ԼԳԲՏԻՔ անձանց առաջարկում է նաև իրավաբանական, հոգեբանական օգնություն, ինչպես նաև պարբերաբար կազմակերպում է դասընթացներ, ճամբարներ և այլ միջոցառումներ, որոնց կարող են մասնակցել ԼԳԲՏԻՔ անձինք ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Այսպիսի ծրագրերի շնորհիվ մենք նպատակ ունենք ստեղծել համերաշխության միջավայր և իրավահավասար և ներառական հասարակություն, որտեղ յուրաքանչյուր անհատի իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանված և հարգված կլինի։

Օգոստոս 08, 2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին