EN
>

ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կ․Ա․-ն 30․10․2018թ․-ին ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ Կենտրոն և Նորք-Մարաշ բաժին դիմում է ներկայացրել ծննդյան ակտում ուղղումներ կատարելու վերաբերյալ։

Կ․ Ա․-ն ներկայացված դիմումով խնդրել է ուղղում կատարել ծննդյան թիվ 870 ակտում, այն է՝ սեռի վերաբերյալ սյունակում իգական նշումը ուղղել արական նշումով։

ՔԿԱԳ Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի կողմից 17․12․2018թ․ կազմված եզրակացությամբ դիմումը մերժվել է։

Տվյալ դեպքում, ՔԿԱԳ Կենտրոն և Նորք-Մարաշ բաժինը, մերժելով Կ․Ա․-ի դիմումը, հղում է կատարել ՀՀ արդարադատության նախարարի 14․05․2007թ․ հրամանին, որը սահմանում է, որ ՔԿԱԳ մարմինը մերժում է քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ փոփոխությունների, լրացումների և ուղղումների կատարումը, եթե ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն, չեն բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից կամ փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու պահանջը հիմնավորված չէ, փաստաթղթերում առկա են տեղեկությունների անհամապատասխանություններ։

Կ․Ա․-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի կողմից ընդունված վարչական ակտը և պարտավորեցնել ընդունել բարենպաստ վարչական ակտ։

ՀՀ վարչական դատարանի կողմից Կ․Ա․-ի հայցը մերժվել է, որից հետո Կ․Ա․-ն դիմել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։

Այսինքն, եթե անձը ցանկանում է փոփոխություն կատարել քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ (սեռի մասին գրառման փոփոխություն), նա պետք է՝

  1. Իրականացնի սեռափոխություն:
  2. Ներկայացնի ՀՀ օրենսդրության սահմանված կարգով բժշկական կազմակերպության կողմից տրված սեռի փոփոխության մասին փաստաթուղթ:

Քննարկվող դեպքում, որպեսզի Կ․Ա․-ն կարողանար սեռի վերաբերյալ սյունակում իգականը ուղղեր արական նշումով, նա պետք է իրականացներ թվարկված գործողությունները, այն է՝ իրականացնել սեռափոխություն և ներկայացներ ՀՀ օրենսդրության սահմանված կարգով բժշկական կազմակերպության կողմից տրված սեռի փոփոխության մասին փաստաթուղթ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Գարսոնը և Նիկոտը ընդդեմ Ֆրանսիայի (ECHR 121 (2017) 06.04.2017) գործով կայացրած վճռով[i] անդրադարձ է կատարել նշված հիմնախնդիրներին, մասնավորապես, նշելով, որ տրանսգենդեր անձի գենդերային ինքնության ճանաչումը բժշկական միջամտությունների ենթարկվելուց հետո, որը նրանք չեն ցանկացել իրականացնել, նշանակում է անձնական կյանքի հարգելու իրավունքի լիակատար ապահովման մերժում:

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Հայաստանում նաև բացակայում են իրավական կարգավորումները, ըստ որոնց կսահմանվեր սեռափոխության մասին բժշկական կազմակերպության կողմից տեղեկանք տրամադրելու նորմերը և կարգավորումները։

2021թ․ հոկտեմբերի 4-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Կ․Ա․-ի վերաքննիչ բողոքը և 2021թ․ նոյեմբերի 4-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան։

[i] https://hudoc.echr.coe.int/spa#{%22itemid%22:[%22001-172913%22]}

Դեկտեմբերի 15, 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին