EN
>

ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՐԻԹՐԻԹ

Իրավունքի կողմ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը սույն թվականի ապրիլին Կարմիր Հովանոց ֆոնդի ֆինանասական աջակցությամբ կազմակերպել էր վերականգնողական րիթրիթ` Երևանում և ՀՀ տարբեր մարզերում բնակվող սեքս աշխատող համայնքի ներկայացուցիչների համար։ Հանգստի ընթացքում տեղի ունեցան նաև խմբային հանդիպում-զրույցներ, որոնք վարում էր Իրավունքի կողմ ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։

Հայաստանում բազմաթիվ սեքս աշխատողներ բախվում են այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են խարանը, խտրականությունը, բռնությունը, շահագործումը, ինչի պատճառով հաճախ զգում են նաև սթրեսի և անհանգստության բարձր մակարդակ։ Սեքս աշխատողների կյանքի որակի բարձրացման և վերականգնման անհրաժեշտ բաղադրիչներից է համայնքի աջակցությունը, այդ իսկ պատճառով Իրավունքի կողմ ՀԿ-ն նախաձեռնել էր այս վերականգնողական րիթրիթը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բնության գրկում ժամանակ անցկացնել, լիցքաթափվել և շփվել միմիյանց հետ։
Ողջույնի խոսքից հետո մասնակիցները ծանոթացան իրար հետ, տարատեսակ խաղերի միջոցով ավելի մտերմացան ու ձևավորվեցին փոխադարձ վստահության մթնոլորտ, ինչը հնարավորություն տվեց զույգերով թերապիա իրականացնել, բարձրաձայնել հիմնական խնդիրների մասին, խոսել տրավմաներից, խարանից, բռնության դեպքերից։ Քննարկվեց, թե ինչպես ինքնավերականգնվել, կարգավորել հարաբերությունները շրջապատի և ընտանիքի անդամների հետ, ձևավորել փոխօգնության խմբեր և իրականացնել համայնքի հզորացմանն ուղղված գործողություններ։ Այս օրերի ընթացքում մասնակիցները նաև լրացրեցին բազմաթիվ հոգեբանական թեստեր, ինչի շնորհիվ բացահայտումներ արեցին իրենց մասին։

Իրավունքի կողմ ՀԿ-ի համար առաջնային է սեքս աշխատողներին տրամադրել այն աջակցությունը, որն անհրաժեշտ է նրանց ֆիզիկական և մտավոր առողջությունը պահպանելու և լիարժեք կյանքով ապրելու համար: Քննարկման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար և ավելացրին, որ միասին շարունակելու են ստեղծել ապահով և ներդաշնակ միջավայր համայնքի բոլոր ներկայացուցիչների համար։

Ապրիլի 27․2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին