EN
>

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԼԳԲՏԻՔ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՀ-ՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂ ԼԳԲՏԻՔ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Հավասարության հիմնադրամի «Պատրաստվել, արձագանքել և հոգալ» ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում նախաձեռնում է նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված, ՀՀ-ում ապաստան հայցող կամ ծայրահեղ ծանր պայմաններում հայտնված ԼԳԲՏԻՔ անձանց աջակցություն ցուցաբերելու համար:  

Շուրջ չորս ամիս առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից  Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված հարձակման հետևանքով Արցախի հայ բնակչությունը տեղահանվել է իր մշտական բնակության վայրից և ապաստան գտել Հայաստանի Հանրապետության տարածքում։  Ըստ ՀՀ կառավարության հրապարած վիճակագրական տվյալների՝ 2023թ․-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց ընդհանուր թիվը 100 625 է, ովքեր վերաբնակեցվել են մայրաքաղաք Երևանում և ՀՀ մարզերում։ Այս ամենի արդյունքում, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի, 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի, և տարածաշրջանային այլ կոնֆլիկտների ազդեցությամբ առաջացել է խորը սոցիալական ճգնաժամ, որին բախվում են վերաբնակեցված անձինք, որոնց թվում կան նաև բազմաթիվ Տրանս ԼԳԲԻՔ անձինք, ում համար, բացի սոցիալական և ֆինանսական դժվարություններից, առկա է նաև խարանի ու խտրականության բեռը, ինչը դարձնում է նրանց կրկնակի խոցելի, իսկ վերաինտեգրման գործընթացը էլ ավելի դժվարին։ Ճանաչելով այս խնդիրները՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մեկնարկել է այս ծրագիրը, սակայն ծրագիրի շահառուն կարող են հանդիսանալ ոչ միայն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք, այլ նաև այլ երկրներից ՀՀ տեղափոխված ապաստան հայցող անձինք, ինչպես նաև ծայրահեղ ծանր սոցիալական դրությունում հայտնված ԼԳԲՏԻՔ անձինք։ 

Պատշաճ օժանդակություն տրամադրելու նպատակով «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կիրականացնի վերաբնակեցված անձանց կարիքների համապարփակ գնահատում, որի վերլուծության արդյունքում կստեղծվեն սոցիալական օժանդակության տարբեր փաթեթներ՝ կախված դիմորդների նշած խնդիրների։ 

Ո՞վքեր կարող են դիմել։

Սոցիալական օգնություն ստանալու համար կարող են դիմել Լեռնային Ղարաբաղից տեղահանված, ինչպես նաև այլ երկրներից Հայաստան տեղափոխված և ՀՀ-ում ապաստան հայցող, ծայրահեղ ծանր սոցիալական դրությունում հայտնված ԼԳԲՏԻՔ անձինք, ովքեր ներկայումս բնակվում են Հայաստանի Հանրապետությունում։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն ձևավորելու է հատուկ հանձնաժողով, որը պատասխանատու է յուրաքանչյուր դիմումի մանրակրկիտ ուսումնասիրության և կարիքների գնահատման համար: Հանձնաժողովի անդամների կողմից դիմումների ուսումնասիրությունից հետո աջակցության դիմած անձինք պատասխան կստանան տասնհինգօրյա ժամկետում։ Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ձևաթուղթը։

Այսպիսի ծրագրերի շնորհիվ մենք նպատակ ունենք ստեղծել համերաշխության միջավայր և ստեղծել իրավահավասար և ներառական հասարակություն, որտեղ յուրաքանչյուր անհատի իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանված և հարգված կլինի:

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կապ հաստատեք մեզ հետ`
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ
Հեռ.՝ (+374) 11 880770
Էլ. հասցե՝ rightsidengo@gmail.com 
Աշխատանքային ժամեր՝ 12:00-19:00

Հունվար, 17, 2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին