EN
>

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ «ՀԱՄԱՅՆՔ և ԱԿՏԻՎԻԶՄ» ԹԵՄԱՅՈՎ

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն սույն թվականի հունիսի 27-ից 29-ը իրականացրեց «Համայնք և ակտիվիզմ» եռօրյա աշխատաժողովը Տրանս ԼԳԲԻՔ ակտիվիստների և ՀԿ ներկայացուցիչների համար։

Հանդիպում-քննարկման նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածության մակարդակը Տրանս ԼԳԲԻՔ անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտներում, խթանել համայնքի ակտիվ ներգրավվածությունը հկ-ների աշխատանքներում՝ Հայաստանում ժողովրդավարության և հավասարության ամրապնդման համար:

Աշխատաժողովի առաջին օրը մասնակիցները Zoom հարթակի միջոցով կապ հաստատեցին Վրաստանում գործող Թբիլիսի փրայդ ՀԿ-ի և Ուկրաինայում գործող ԷյջՓիԷլՋիԲիԹի ՀԿ-ի կողմից կազմակերպված հանդիպման մասնակիցների հետ։

Կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հանդես եկավ բացման խոսքով, ողջունեց գործընկեր կազմակերպություններին և հավելեց, որ տարածաշրջանային ծրագիրը կրելու է շարունակական բնույթ՝ ամրապնդելու ուժեղ և կայուն գործընկերային հարաբերություններ, որպեսզի մեր աշխատանքների արդյունքնում տարածաշրջանում ապահովվի ԼԳԲՏԻՔ անձանց անվտանգությունը, բարօրությունը և ապահովությունը։ Բացման խոսքով հանդես եկան նաև Թբիլիսի փրայդ ՀԿ-ի համահիմնադիր և ծրագրերի ղեկավար Թամազ Սոսաշվիլին և ԷյջՓիԷլՋիԲիԹի ՀԿ-ի նախագահ և ծրագրերի ղեկավար Իգոր Մեդվեդը։

Օնլայն հարթակի միջոցով մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, կիսվեցին իրենց ստացած գիտելիքներով և փորձով, այնուհետև շնորհակալություն հայտնեցին հանդիպումը կազմակերպելու համար, որը ավելի է բարձրացնում նրանց տեղեկացվածության և ակտիվիզմի մեջ ներգրավված լինելու մակարդակը։

Հանդիպման երկրորդ օրը մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ ֆոնդահայթայթման, միջազգային փոխանակման ծրագրերի և ԼԳԲՏԻՔ անձանց այդ ծրագրերում ներառելու հնարավորությունների վերաբերյալ։ Տեսական գիտելիքներից հետո մասնակիցները բաժանվեցին խմբերի և սկսեցին կատարել գործնական առաջադրանքներ, որոնք ուղղված էին ծրագրային հայտեր ներկայացնելուն՝ հաշվի առնելով ԼԳԲՏԻՔ անձանց կարիքները և պահանջները։ Շարունակելով աշխատաժողովը՝ օրվա երկրորդ կեսին Լիլիթ Մարտիրոսյանը մասնակիցների հետ քննարկեց ակտիվիզմի հեռանկարները, ծառացած խնդիրները, դրանց լուծման ուղիները Հայաստանում և տարածաշրջանում։ Օրվա ավարտին մասնակիցները ներկայացրին իրենց ստացած գիտելիքների հիման վրա մշակած ծրագրային առաջարկները, որոնք հետագայում կներկայացվի ֆինանսավորման։

Հանդիպման վերջին օրը մասնակիցները քարտեզագրեցին համագործակցության բոլոր հնարավոր եղանակները, շնորհակալություն հայտնեցին ֆինանսավորողներին և կազմակերպիչներին նման հնարավորության համար, որտեղ կարող են ձեռք բերել գիտելիքներ՝ ուղղված ԼԳԲՏԻՔ անձանց կյանքի որակի բարելավմանը, իրավահավասար և ապահով միջավայրի ստեղծմանը։

Աշխատաժողովի ավարտին Լիլիթ Մարտիրոսյանը հանդես եկավ փակման խոսքով, հանձնեց վկայականներ, բոլոր մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցության համար, ապա հավելեց, որ Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն, լինելով առաջին Տրանս կազմակերպությունը ՀՀ-ում և Կովկասում, կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը և անելու է ամեն ինչ, որպեսզի Տրանսգենդեր ԼԳԲԻՔ անձինք ապրեն ներդաշնակ և ապահով կյանքով։

Աշխատաժողովն իրականացվել է ԱՄՆ-ի Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «ԱլԳ երկրներում ԼԳԲՏԻՔ անձանց շրջանում ակտիվիզմի կառուցում» ծրագրի շրջանակներում՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի, Վրաստանում գործող «Թբիլիսի փրայդ» ՀԿ-ի և Ուկրաինայում գործող «ԷյջՓիԷլՋիԲիԹի» ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել ԼԳԲՏԻՔ անձանց կարողությունների մակարդակը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ջատագովության և առաջնորդության հմտությունների վերաբերյալ` ատելության խոսքի, ատելության հիմքով բռնությունների և խտրականության դեպքերի նվազեցման համար, քարոզչական մեխանիզմներով ապահովել համայնքի անվտանգությունն և բարեկեցությունը, խթանել ԼԳԲՏԻՔ շարժման ամրապնդումը` տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների հաստատման համար:

Մեր գործընկերների կողմից կազմակերպված հանդիպման մասին մանրամասն կարող եք ծանոթանալ ներքոնշյալ հղումներով.

 

#Regional_LGBT_Activism, #BST_RS_HPLGBT_TbilisiPride_Cooperation

Հունիսի 20․ 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին