EN
>

ՏՐԱՆՍ ՃԱՄԲԱՐ 7

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն իրականացրեց թվով յոթերորդ տրանս ճամբարը տրանսգենդեր ԼԳԲԻՔ ակտիվիստների, համախոհների և նրանց ծնողների համար:

Դասընթացի նպատակն էր խթանել տրանսգենդեր համայնքի կարողությունների զարգացումը և հզորացումը, բարելավել տրանսգենդեր համայնքի ներգրավվածության մակարդակը սոցիալ-մշակութային և քաղաքացիական միջավայրում,  խթանել նրանց անվտանգությունը ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակությունում, նպաստել Տրանսգենդեր անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանը՝ նրանց տալով նոր գիտելիքներ, որոնք կբարելավեն նրանց բարեկեցիկ և անվտանգ կյանքը:

Ճամբարի ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝

  • Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները,
  • Խարանը և խտրականությունը տրանսգենդեր սեքս աշխատողների նկատմամբ,
  • Տրանսգենդեր անձանց իրավիճակը ՀՀ-ում,
  • Ատելության հիմքով բռնություններ և ատելության կոչեր,
  • Ընտանիքում ապահով և անվտանգ միջավայրի ստեղծում,
  • Ընտանիքի անդամների շահերի պաշտպանության մեխանիզմները,
  • Հորմոնալթերապիայի և սեռափոխության իրավական բացերը ՀՀ-ում,
  • Տրանս ակտիվիզմի իրավիճակը ՀՀ-ում,
  • Սեքս աշխատողների իրավիճակը ՀՀ-ում:

Ճամբարի առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հկ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը՝ ներկայացնելով կազմակերպության առաքելությունը, նպատակներն ու խնդիրները, իրականացվող ծրագրերը և ծառայությունները։ Շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին հետաքրքրվածության համար, ապա հավելեց, որ «կրթությունը շատ կարևոր է, որպեսզի միասին կառուցենք բոլորիս համար բարեկեցիկ և անվտանգ ապագա. ստանալով նոր գիտելիքներ կկարողանանք հասարակության մեջ կոտրել բոլոր կարծրատիպերը ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց վերաբերյալ, այո՛, մեզ խտրականացնում են դպրոցներում, ԲՈՒՀ-երում, այն բոլոր վայրերում, որտեղ կարող ենք ստանալ գիտելիքներ, բայց մենք պետք է շարունակենք պայքարել, և նման ֆորմատով հանդիպումները մեզ բավարար գիտելիքներ կտան պաշտպանելու մեզ և մեր համայնքի այլ ներկայացուցիչներին»։

Թրեյնինգի առաջին օրվա ընթացքում շոշափվեցին սեռ, սեռական կողմնորոշվածություն, գենդեր, գենդերային ինքնություն, գենդերային ինքնարտահայտում թեմաները, որոնք նոր և հետաքրքիր էին բոլոր մասնակիցների համար։ Լ. Մարտիրոսյանը ներկայացրեց բոլոր սխալ ձևավորված կարծրատիպերը ԼԳԲՏԻՔ անձանց մասին, սեռական կողմնորոշվածության և գենդերային ինքնության տարբերությունները, նույնասեռականության բուժման  անհաջող փորձարկումները։ Այնուհետև դասընթացավարը խոսեց, թե ինչպես օգտագործել և հասարակությանը ներկայացնել ճիշտ տերմիններ, որոնք սխալ ձևակերպմամբ հաճախակի օգտագործվում են մեդիա դաշտում՝ թիրախավորելով և խտրականացնելով ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց և սեքս աշխատող համայնքին: Առանձին անդրադարձ կատարվեց նաև գենդերային ինքնությանը և  ինքնարտահայտմանը։

Օրվա ավարտին դասընթացը շարունակեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող, տրանսգենդեր ակտիվիստ Մարիա Աթաբեկյանը, ով մասնակիցներին պատմեց, թե իր գենդերային ինքնության հիմքով ինչ դժվարությունների միջով է անցնում համալսարանում, սակայն շարունակում է իր ուսումը որպեսզի ապագայում կարողանա ստացած գիտելիքներով օգնի համայնքի անդամներին, որոնք շարունակական խտրականության պատճառով կրթություն ստանալու հնարավորություն չեն ունեցել։ «Այս դասընթացը շատ կարևոր է բոլոր տրանսգնեդեր սեքս աշխատող անձանց համար նրանով, որ համայնքի անդամներն ապրում են միայնակ, ընտանիքի և հարազատների կողմից լքված, սեքս աշխատող անձինք փողոցում ենթարկվում են բռնության և շատ հաճախ բժշկական հաստատությունները նրանց չեն սպասարկում ու խտրականացնում են իրենց գենդերային ինքնության հիմքով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է տիրապետել առաջին բուժօգնության գիտելիքներին՝ միմիյանց օգնելու և ինչու չէ նաև փրկելու համար» – հավելեց Մ. Աթաբեկյանը։ Դասընթացավարը մասնակիցներին տվեց առաջին բուժօգնության վերաբերյալ մանրամասն գիտելիքներ, թե ինչպես մինչև բուժաշխատողների ժամանելը և հիվանդին բուժհաստատություն տեղափոխելը անհապաղ օգնություն ցուցաբերել դժբախտ պատահարների, վնասվածքների, հանկարծահաս հիվանդությունների ժամանակ։ «Ցանկացած արտակարգ իրավիճակ ինքնին մեծ սթրես է։ Պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել և խուճապի չմատնվել։ Արտակարգ իրավիճակի հետևանքով շատ հաճախ մարդիկ կորցնում են ինքնակառավարումը և կարող են դառնալ ոչ ադեկվատ։ Սրա հետևանքով առաջին օգնություն ցուցաբերելիս կարող են լինել խանգարող հանգամանքներ, որոնք հաճախ լինում են գիտելիքների բացակայության, սխալ գործելու վախի, անվստահության, անորոշության, տուժածի վնասվածքի բնույթի և այլնի հետևանքով։ Խանգարող հանգամանքները կարելի է վերացնել, եթե մարդը պատրաստված է և ունի համապատասխան տեղեկատվություն։ Ցանկացած արտակարգ իրավիճակում պետք է ձեռնարկել որոշակի քայլեր, որոնք կնպաստեն տուժածի վիճակի բարելավմանը, կկանխեն հետագա վտանգները» – նշեց Մարիան։ Դասընթացի ընթացքում դասընթացավարը պրակտիկ օրինակների միջոցով ցուցադրեց ինչպես օգնել տուժածին և բերել գիտակից վիճակի, ցուցաբերել հոգեբանական օգնություն, ինչպես կատարել արհեստական շնչառություն, սրտի մերսում, ինչպես կանխել արնահոսությունները և այլն։ Դասընթացի վերջում մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Մ. Աթաբեկյանին մանրամասն գիտելիքներ փոխանցելու համար, որը չեն ստացել դպրոցում և կարևորեցին տեղեկատվության դերն իրենց կյանքում:

ՏՐԱՆՍ ճամբարի երկրորդ օրվա պատվավոր հյուրերն էին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը և դեսպանատան աշխատակիցը։ Լիլիթ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց հարգարժան դեսպանին հրավերքը ընդունելու, ներկա գտնվելու, և ՀՀ-ում ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց և սեքս աշխատող համայնքի կարիքները լսելու համար, նշեց, որ համայնքի համար մեծ պատիվ է իրենց կարիքների մասին դեսպանի հետ խոսելու հնարավորություն ունենալ։ Դեսպան Նիկո Սխերմերսը շնորհակալություն հայտնեց հրավերքի համար, ապա հավելեց, որ շատ ուրախ է գտնվել Ճամբարում և լսել մասնակիցների կարիքների մասին, ինչպես նաև հավելեց, որ միասնական ջանքերով ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձինք և նրանց ծնողներն ավելի ուժեղ և պաշտպանված են զգալու Հայաստանում։

Հարգարժան դեսպանի խոսքերից հետո մեկնարկեց «Խոսում են ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց ծնողները» պանելային քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերից և Երևանից ԼԳԲՏԻՔ անձանց ծնողները։ Քննարկման ընթացքում ծնողները պատմեցին անհատական պատմություններ, կիսվեցին իրենց երեխաների հետ ունեցած դժվար հարաբերությունների մասին, խոսեցին, թե ինչպես կարող են ներգրրավել այն ծնողներին, որոնք, չունենալով բավարար գիտելիքներ, շարունակաբար խտրականացնում են իրենց երեխաներին, մինչև իսկ դուրս հանում տանից՝ վախենալով հարազատների և հարևանների բացասական արձագանքներից։ Ծնողները պատրաստակամություն հայտնեցին «Իրավունքի կողմ» ՀԿ ապահով տարածքում կազմակերպել տեղեկատվական հանդիպումներ ԼԳԲԻՔ անձանց և նրանց ծնողների հետ, կրթել նրանց և ներգրավել տարբեր կրթական-սոցիալական միջոցառումներում, որոնք կնվազեցնեն բռնությունները և խարանը ընտանիքներում։ Մասնակիցները հարցեր ուղղեցին ծնողներին և ստացան սպառիչ պատասխաններ, ապա մասնակիցներից մի քանիսը գրկախառնվեցին իրենց ծնողների հետ՝ ստանալով ջերմություն և դրական տրամադրություն։

Հաջորդ պանելային քննարկումը նվիրված էր սեքս աշխատողներին, այս ձևաչափով քննարկումը արդեն վեց տարի շարունակ տեղի է ունենում ՏՐԱՆՍ ճամբարի շրջանակներում։ Սեքս աշխատողները խոսեցին ՀՀ-ում շարունակվող բռնությունների աճի, հասարակության կողմից խտրականության և խարանի, ինչպես նաև օրենքների բացակայության մասին։

Սեքս աշխատողները կիսվեցին իրենց անհատական պատմություններով, նշեցին այն դժվարությունները, որոնց բախվել են սեքս աշխատանք կատարելու ընթացքում: «Սեքս աշխատանքը ՀՀ-ում համարվում է անօրինական, և սեքս աշխատողը պարբերաբար տուգանվում է ոստիկանության կողմից,  չի ընդունվում և բացասական վերաբերմունք է ստանում հասարկության կողմից, ՀՀ-ում տրանսգենդեր և սեքս աշխատող անձանց այլ աշխատանք չեն տրամադրում, ենթարկում են խտրականության, ամեն քայլափոխի ծաղրում են, նվաստացնում, ես ստիպված կատարում եմ սեքս աշխատանք՝ գնելու հորմոնալ դեղորայքներ, վճարելու տանս վարձավճարը և ուղղակի ապրելու համար» – քննարկման ընթացքում նշեց տրանսգենդեր սեքս աշխատող մասնակիցներից մեկը: Քննարկումը շատ էմոցիոնալ էր՝ հիմնված անհատական պատմությունների վրա։

Պանել քննարկումներից հետո մասնակիցները դիտեցին «Իմ իրավունքը նույնպես կարևոր է» թեմայով կարճամետրաժ ֆիլմը՝ բուռն քննարկում ծավալելով ֆիլմում ներկայացվող երևույթի վերաբերյալ, այնուհետև Լ. Մարտիրոսյանը, ամփոփելով պանել քննարկումները, խոսքը տրամադրեց հարգարժան դեսպան Նիկո Սխերմերսին՝ հայտնելու իր տպավորությունների մասին, ապա բոլոր մասնակիցներին հնարավորություն տրվեց իրենց հուզող հարցերն ուղղել հարգարժան դեսպանին։ Դեսպան Նիկո Սխերմերսը նշեց, որ շատ կարևոր է, որ համայնքի բոլոր անդամները տեղեկացված լինեն իրենց իրավունքներից և մասնակից դառնան ժողովրդավար և իրավահավասար պետություն կառուցելու գործընթացներին։ Մասնակիցները  շնորհակալություն հայտնեցին հարգարժան դեսպանին՝ կրկին հանդիպելու ակնկալիքով։

Նշենք, որ այս տարի ճամբարը եզակի էր նրանով, որ հորմոնաթերապիայի վերաբերյալ դասընթացը վարելու համար հրավիրված էր ազգությամբ ուկրաինացի էնդոկրինոլոգ և դիետոլոգ Ելենա Կոնովալենկոն: Ելենան մասնակիցներին հանգամանալից բացատրեց հորմոնաթերապիայի միջազգային փորձը, նոր գիտելիքներ տվեց այն բոլոր տրանսեքսուալ անձանց որոնք հորմոնաթերապիա են անցնում կամ պատրաստվում են սկսել։ Մասնակիցներն առաջին անգամ ստացան բավարար գիտելիքներ իրենց առողջության պահպանման վերաբերյալ, ձեռք բերեցին այնպիսի տեղեկատվություն, որը կօգնի հետագայում ճիշտ հորմոնալ դեղորայք ընդունել, լինել բժշկի հսկողության ներքո, պարբերաբար հանձնել համապատասխան լաբորատոր անալիզները և վերահսկել առողջությունը։ Դասընթացավարը պատասխանեց մասնակիցներին հուզող մի շարք կարևոր հարցերի, մասնակիցներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին բժշկուհուն նոր գիտելիքների և տեղեկատվության համար, որը հասանելի չէր նրանց, ապա Ելենա Կոնովալենկոն ցանկություն հայտնեց լինել այն մասնակիցների կողքին, ովքեր իր օգնության կարիքն ունեն։

Ճամբարի երորդ օրը Լ. Մարտիրոսյանը վարեց «Առաջնորդություն» թեմայով դասընթաց, որի ընթացքում խոսվեց ջատագովության, դրա իրականացման և արշավների կազմակերպման մեթոդների վերաբերյալ: Դասընթացավարը ներկայացրեց, թե ինչպես պետք է համայնքային նախաձեռնություններին, մասնագետներին և այլ խմբերին ներգրավել ջատագովության գործընթացներում:

Խոսվեց նաև հայտնի առաջնորդների կյանքի, նրանց գործունեության մասին, թե ինչպես են նրանք իրենց խոսքերով և արարքներով փոխել մի ամբողջ հասարակության, ազգի, մարդկության կյանքը դեպի լավը։ Դասընթացի ավարտին Լ. Մարտիրոսյանը հանձնարարեց բաժանվել խմբերի և կատարել գործնական աշխատանքներ նախորդ թեմաների վերաբերյալ, մասնակիցները, ներկայացնելով իրենց պատրաստած աշխատանքները, ամրապնդեցին իրենց ստացած գիտելիքները։

Այնուհետև, բոլոր մասնակիցները ներկայացրին անհատական պատմություններ, որոնք հետագայում ընդգրկվելու են «ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ անձինք պատմում են իրենց կյանքի մասին» գրքում։

Դասընթացի ավարտին մասնակիցները շնորհակալական խոսքեր հղեցին ԻԿ ԻՀԿ ողջ թիմին և ֆինանսավորող կազմակերպություններին՝ հնարավորություն ստեղծելու ստանալ նոր գիտելիքներ, որոնք հասանելի չեն դպրոցներում կամ համալսարաններում խտրականության պատճառով, ապա հավելեցին, որ նմանատիպ ճամբարները շատ կարևոր դեր ունեն իրենց կյանքում և, որ կցանկանան այն կրի շարունակական բնույթ։

Ճամբարի պաշտոնական փակումը կատարեց Լ. Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, ովքեր մասնակցեցին կրթական այս նախաձեռնությանը՝ իրենց հետ տանելով նոր գիտելիքներ, որոնք կոգնեն իրենց՝ կյանքի ողջ ընթացքում: Ապա բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ և շնորհակալագրեր։

Մեջբերումներ մասնակիցների խոսքերից.

«Ես առաջին անգամ եմ մասնակցում նմանատիպ միջոցառմանը, ես չէի պատկերացնում, թե ուր եմ գալիս, վախենում էի, հիմա կարող եմ ասել, որ դուք ինձ այնքան նոր գիտելիքներ տվեցիք, այնքան նոր ընկերներ ձեռք բերեցի, որ բառեր չեմ գտնում, շնորհակալ եմ որ դուք կաք, ձեր ՀԿ-ն կա»։

«Ես առաջին անգամ եմ ճամբարին մասնակցում, միշտ խուսափել եմ նկարվել և իմ դեմքը հանրայնացնել, բայց հիմա ազատ կարող եմ ասել՝ ինձ ներկայացրեք բաց դեմքով, ես այլևս չեմ վախենում»:

«Դուք գիտելիքների մեծ պաշար տվեցիք ինձ, Լիլի՛թ, ես երբևիցէ չեմ մտածել, որ ես ծնվել եմ այնպես, ինչպես կամ, ես միշտ մեղադրում էի իմ ծնողներին, բայց հիմա գնալու եմ ու ներեղություն խնդրեմ»:

«Դուք ինձ տվել եք նոր հնարավորություններ իմ կյանքը ավելի լավը դարձնելու համար, որի համար շնորհակալ եմ»:

«Սեռական կողմնորոշվածություն և գենդերային ինքնություն թեմաներն ինձ համար բացահայտեցին ճանաչելու ինձ, թե ես ով եմ, դուք ինձ տվեցիք այն ամենը, որը ես չէի ստացել ոչ մի տեղից»:

«Խնդրում եմ մյուսին կրկին ինձ ընդգրկեք և հնարավորություն տվեք մասնակցել ճամբարին, այն շատ կարևոր դեր ունեցավ իմ կյանքում»:

Տրանս ճամբարը արդեն շուրջ յոթ տարի է ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԼԳԲԻՔ անձանց, նրանց ԾՆՈՂՆԵՐԻՆ և ՀԱՄԱԿԻՐՆԵՐԻՆ տվել  և շարունակում է տալ նոր գիտելիքներ, նոր ձեռքբերումներ, համերաշխության օղակներ է ստեղծել ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց և նրանց ծնողների միջև՝ ամրապնդելով կապը երեխա-ծնող հարաբերություններում, ստեղծելով առողջ, ամուր և անվտանգ ընտանեկան հարաբերություններ։

Հարյուրավոր տրանսգենդեր ԼԳԲԻՔ անձինք շարունակում են ստանալ նոր գիտելիքներ մարդու իրավունքների, անվտանգության, ինքնախնամքի, ինքնապաշտպանության, առաջնորդության, ջատագովության, ինքնաճանաչման, հորմոնաթերապիայի, իրենց իրավունքները լիարժեքորեն կիրարկելու, դատական և ոստիկանանական համակարգերում իրենց պաշտպանելու և մի շարք այլ թեմաների վերաբերյալ։

Ապրիլի 26, 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին