EN
>

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ․ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է, ամեն տարի այս օրը ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և աշխարհի բազմաթիվ քաղաքացիական խմբավորումներ իրականացնում են փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ, որպեսզի հանրության ուշադրությունը հրավիրեն միլիոնավոր փախստականների և ամբողջ աշխարհում տեղահանված անձանց հիմնախնդիրներին, որոնք ստիպված են եղել պատերազմի, հակամարտության և հալածանքի պատճառով փախչել իրենց տներից։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2016 թ․-ից ի վեր իր առաջնահերթությունների մեջ ներառել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած բազմաթիվ ԼԳԲՏԻՔ փախստականների շահերի պաշտպանությունը և սոցիալական օժանդակության տրամադրումը։ Հատկապես վերջին տարիների ընթացքում տեղի է ունեցել դեպի Հայաստան փախստականների զանգվածային հոսք Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից՝ պայմանավորված այդ երկրների ներքաղաքական զարգացումներով և միջազգային հարաբերություններով։ ՀՀ տեղափոխված անձանց շրջանում մեծ թիվ են կազմում նաև ԼԳԲՏԻՔ անձինք, ովքեր ստիպված են եղել լքել իրենց երկիրը խտրականությունից և հալածանքից զերծ մնալու համար։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը փախստական ԼԳԲՏԻՔ անձանց ներառել է իր շահառուների շրջանում՝ իրականացնելով սոցիալական աջակցության ծրագրեր և տրամադրելով անհետաձգելի իրավաբանական աջակցություն՝ ապաստան գտնելու, փաստաթղթերի դիմումների և այլ հարցերով։

Փախստականների համաշխարհային օրվա շրջանակում կարևոր է ընդգծել, որ ցավոք բազմաթիվ են նաև Տրանս և ԼԳԲԻՔ անձինք, ովքեր ստիպված են լքել Հայաստանը՝ պայմանանավորված ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ շարունակական խտրականությամբ  և բռնությամբ։ Հայաստանի Հանրապետությունում առկա է Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամաբ բռնությունը հավերժացնող անպատժելիության մթնոլորտ՝ պայմանավորված թերի օրենսդրական կարգավորումներով,  խտրականությունը քրեականացնող օրենքի բացակայությամբ և անկատար իրավակիրառ պրակտիկաներով, ինչը պարարտ հող է ստեղծել Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ ոտնձգությունների ու բռնության համար․ միայն վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է առնվազն 8 տրանս անձանց երկիրը լքելու և Եվրոպական երկրներում կամ ԱՄՆ-ում ապաստան հայցելու փաստագրված դեպք։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կանգնած է փախստական դարձած Տրանս և ԼԳԲԻՔ անձանց կողքին և պայքարելու է նրանց շահերի պաշտպանության և իրավահավասարության ապահովման համար։ Միասին մենք շարունակելու ենք աշխատել, որ բոլոր Տրանս և ԼԳԲԻՔ անձինք ունենան միջազգային պաշտպանության և ապահով ապաստան գտնելու իրավունք՝ փախչելով բռնությունից, հետապնդումից, պատերազմից կամ աղետից իրենց բնակության վայրում։

Հունիսի 20,2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին