EN
>

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՕՐԻՆԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱԺ-ՈՒՄ ՀՆՉԵԼ ԵՆ ԼԳԲՏԻՔ ԱՆՁԱՆՑ ԽՏՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ նոր օրենագծի քննարկումների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը առաջարկել է սահմանել, որ իգական սեռի անձանց զուգընկեր կարող են լինել արական սեռի անձինք և հակառակը, ինչպես նաև հնչեցրել է ԼԳԲՏԻՔ համայնքը խտրականացնող, ատելության խոսք պարունակող հայտարարություններ՝ մասնավորապես նշելով, որ եթե անձը  «զուգընկեր է ընտրում նույն սեռի ինչ-որ մեկին, այլևս մեր պաշտպանության ներքո չի գտնվելու»։ 

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքի նախագծում փոփոխությունների փաթեթը ներկայացվել է «Քաղաքացիակայն պայմանագիր» խմբակցության կին պատգամավորների կողմից, և դրանով արգելվում է կուսության ստուգումը, ինչպես նաև ընտանիքի սահմանումն ընդլայնվում է ու ավելանում են զուգընկեր և զուգընկերուհի հասկացությունները: Քննարկման ընթացքում Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց, թե ինչու սահմանված չէ, թե ով է զուգընկերը: Նրա խոսքով՝ ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ կան հայտնի այլ զուգընկերներ, և առաջարկեց, որ նախագծում հստակ նշվի, որ զուգընկերն արական ու իգական սեռի է։ Նախագծի համահեղինակ պատգամավոր Զարուհի Բաթոյանը պարզաբանեց, որ  իրենք իրավասու չեն սահմանել, թե մարդիկ ում են ընտրում  զուգընկեր․ «մենք չենք սահմանելու խտրականություն, ավելին, ես հույս ունեմ, որ շուտով  կառավարությունը բերելու է հավասարության մասին օրենքը, որտեղ արգելված է բոլոր հիմքերով խտրականությունը»,- նշեց նա։ Դրան ի պատասխան Գեղամ Նազարյանն հայտարարեց, որ «անձն ազատ է իրեն զուգընկեր ընտրելու նույն սեռի ինչ-որ մեկին` [ուրեմն] այլևս մեր պաշտպանության ներքո չեն գտնվելու: Դա արդեն ուրիշ բան է, բառերով չասեմ՝ ինչ է»: Ելույթ ունեցավ նաև պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, ով անդրադառնալով Գեղամ Նազարյանի խոսքին, ասաց․  «ասում եք՝ եկեք սահմանենք, որ սիրային կապը պետք է լինի միայն կնոջ և տղամարդու միջև, նաև ասացիք, որ ավանդական սեռական կողմնորոշում չունեցողները մեր պաշտպանության ներքո չեն, և այլն, սա շատ վտանգավոր է։ Այս ամբիոնից ասում եք՝ եթե ավանդական սեռական կողմնորոշվածություն չունի մարդը, նրա նկատմամբ կարող են բռնություն կիրառել, քանի որ այս օրենքի շրջանակում չէ»։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարկաական կազմակերպությունը դատապարտում է Գեղամ Նազարյանի խտրական հայտարարությունները, որոնք վտանգ են սպառնում ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությանը և ավելի սրում հասարակության բացասական վերաբերմունքը ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ՝ վերջիներիս դնելով  էլ ավելի խոցելի իրավիճակում։  Բոլորովին վերջերս՝ սույն թվականի հունվարի 25-ին «Իրավունքի կողմ» ՀԿ-ի կողմից ներկայացված «Ընտանեկան բռնության ԼԳԲՏԻՔ+ զոհերի իրավիճակը Հայաստանում» հետազոտությունը ցույց տվեց, որ առաջնային է զուգընկերոջ ներառումը ընտանեկան բռնության օրինագծում, քանի որ այդ կարգավորման բացակայությունը դուրս է թողնում ԼԳԲՏԻՔ անձանց նկատմամբ ընտանեկան բռնության զգալի մասը։ Անընդունելի է, որ ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից ոչ միայն ԼԳԲՏԻՔ անձանց վերաբերյալ խոսքում չի օգտագործվում համապատասխան ճիշտ տերմինալոգիա, այլ նաև հնչում են ԼԳԲՏԻՔ անձանց մարդու հիմնարար իրավունքներից զրկելու հայտարարություններ, որոնք պարունակում են խարան, խտրականություն, ատելության խոսք և խորացնում են համայնքի նկատմամբ բռնության անպատժելիության մթնոլորտը։ 

Ուստի կոչ ենք անում ՀՀ պետական մարմիններին՝

– թարմացնել իրավահավասարության մասին օրենքի նախագիծը` ներառելով խտրականության արգելքը` պայամանավորված գենդերային ինքնությամբ և գենդերային ինքնարտահայտմամբ։

– օրենքով ապահովել ատելության հիմքով հանցագործություններից և ատելության խոսքից տրանսգենդեր ԼԳԲԻՔ անձանց պաշտպանվածությունը, վարել միջադեպերի փաստագրումը և ինչպես ԵԱՀԿ մասնակից այլ երկրներ ներկայացնել հաշվետվություններ։

– ՀՀ կրթական համակարգում գործող ընթացիկ ուսումնական ծրագրերը տրանսգենդեր ԼԳԲԻՔ անձանց իրավունքների տեսանկյունից դարձնել ներառական և ուսուցանել ներառականություն, սեռականություն և գենդերային հիմնահարցեր:

– իրականցնել համապատասխան միջոցառումներ` տրանսգենդեր ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ կատարված բռնության, ատելության և խտրականության բոլոր դեպքերը արդարացիորեն ուսումնասիրելու համար։

– դադարեցնել ատելության, խտրականության եւ ծաղրանքի խրախուսանքը տրանսգենդեր ԼԳԲՏԻՔ անձանց հանդեպ` այդ խնդիրների քաղաքականացման միջոցով:

Փետրվար 7, 2024 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին