EN
>

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ՀԿ-Ի ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԹԻՄԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍ ԿՆՈՋ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

Ինչպես արդեն հայտնել էինք, սույն թվականի օգոստոսի 20-ին Երևանում իր իսկ բնակարանում առանձնակի դաժանությամբ սպանվել է Ադրիանա անունով 28-ամյա տրանս կին։ Հանցագործը հետքերը թաքցնելու նպատակով նաև այրել էր կնոջ բնակարանը։ Սպանված տրանս կնոջ ընկերները նույն օրը՝ ժամը 16։30-ի սահմաններում,ու զանգահարել էին «Իրավունքի կողմ» ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանին և հայտնել սպանության մասին։ 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով։ Սպանության հաջորդ օրը՝ օգոստոսի 21-ին, ժամը 02:40-ին, Արմավիրի մարզի 26-ամյա կասկածյալը Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ, ինչի ընթացքում խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը, ապա բնակարանը հրկիզել և փորձել է Բավրայի սահմանային անցակետով հատել ՀՀ պետական սահմանը: Նախաքննական մարմնի որոշմամբ 26-ամյա քաղաքացին ձերբակալվել է: Նրա մասնակցությամբ շարունակում են կատարվել վարութային և ապացուցողական գործողություններ:

Սպանված տրանս կնոջ ընտանիքի անդամների դիմումի համաձայն՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբանական թիմերը ներգրավել են սույն գործով և ապահովելու են իրավաբանական ներկայացուցչություն գործի բոլոր փուլերում։ 

Մենք շարունակելու ենք հետևել ինչպես այս, այնպես էլ այլ Տրանս և ԼԳԲԻՔ անձանց մասնակցությամբ քրեական գործերի ընթացքին՝ հետևողականորեն փաստագրելով ու հավաքագրելով խտրականության դեպքերը, և ՀՀ ոստիկանությանը հորդորում ենք իրականացնել պատշաճ հետաքննություն և մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ։

Սեպտեմբեր 19, 2023 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին