EN
>

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ ՉՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՎ՝ ՏՐԱՆՍ ԿՆՈՋԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ, ԱՊԱ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ

Սույն թվականի հուլիսի 27-ին՝ առավոտյան ժամը 9։30-ին, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն էր զանգահարել տրանս կին Հ․Տ․-ն և հայտնել, որ այդ պահին իր բնակարանում ոստիկանությունը իրականացնում է խուզարկություն։ Հ․Տ․-ն նաև նշել էր, որ քննիչի խոսքով՝ իրեն պատրաստվում են ձերբակալել։ Ինչպես հետագայում պարզ դարձավ, բնակարանում խուզարկություն իրականացվում էր թմրանյութ հայտնաբերելու նպատակով, սակայն ոչինչ չհայտնաբերելուց հետո, տրանս կնոջից առգրավել են նրա անձնական օգտագործման երեք հեռախոսները, համակարգիչը, ինչպես նաև բնակարանում առկա ողջ գումարը։

Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ՝ սույն թվականի հունիսի 11-ին, նույն տրանս կինը երկու տղամարդու կողմից իր իսկ բնակարանում ենթարկվել էր դաժան ծեծի, և նրանից դանակի սպառնալիքով գողացել էին բջջային հեռախոսը։ 
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբանները զանգից անմիջապես հետո ուղեվորվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ խուզարկությունից հետո բերման էր ենթարկվել տրանս կին Հ․Տ․-ն։ ՀԿ-ի իրավաբանական թիմը տեսակցություն է ունեցել վերջինիս հետ և ստանձնել նրա պաշտպանությունը։ Մի քանի ժամ անց Հ․Տ․-ին տեղափոխել են Քննչական կոմիտե, որտեղ և իր պաշտպանների ներկայությամբ հարցաքննվելուց հետո, ժամը 16։25-ին ազատ է արձակվել՝ վերջինիս անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

«Իրավունքի կողմ»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբանական թիմը ներգրավված է ինչպես նախորդ, այնպես էլ այս գործի շրջանակներում և ապահովելու է իրավական ներկայացուցչություն գործի բոլոր փուլերում։
«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպություն հետևում է Տրանս և ԼԳԲԻՔ անձանց մասնակցությամբ քրեական գործերի ընթացքին, հետևողականորեն փաստագրում ու հավաքագրում խտրականության ու բռնության դեպքերը և իր ուշադրության կենտրոնում է պահելու նաև այս գործը՝ ՀՀ ոստիկանությանը հորդորելով իրականացնել պատշաճ հետաքննություն։ 

Հուլիսի 31,2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին