EN
>

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ՋԱՆՔԵՐԸ՝ ՏՐԱՆՍ ԿՆՈՋԸ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սույն թվականի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում տասից ավելի դիմակավորված անձինք մահակները ձեռքներին հարձակվել էին տրանս կնոջ վրա՝ դաժանաբար ենթարկելով ծեծի։ Տրանս կինը դիմել էր փախուստի, այնուհետև, նկատելով տարածքում ծառայություն իրականացնող պարեկներին, մոտեցել նրանց օգնություն խնդրելու նպատակով, սակայն մինչ պարեկների մոտենալը դեպքի վայր, բռնարարները հասցրել էին դիմել փախուստի: Նույն օրը՝ այս դեպքից կես ժամ անց, վերոնշյալ երիտասարդները Երևանի քաղաքապետարանի տարածքում ծեծի են ենթարկել մեկ այլ տրանս կնոջ՝ պատճառելով տարբեր աստիճանի վնասվածքներ, բացի այդ Մաշտոցի պողոտայում թիրախավորել էին երկու այլ տրանս կանանց, ովքեր հասցրել էին դիմել փախուստի։ Տրանս կինը դեպքի առնչությամբ դիմել էր ոստիկանություն։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարկական կազմակերպության իրավաբանական բաժինը ներգրավված է գործի շրջանակներում և ապահովում է ներկայացուցչություն գործի բոլոր փուլերում։ 

Մտահոգիչ է, որ արդեն 6 ամիս է անցել սույն դեպքից, սակայն ոստիկանությանը այդպես էլ չի հաջողվում բացահայտել հանցագործություն իրականացնող անձանց ինքնությունը՝ անկախ այն հանգամանքից, որ տրանս կինը նշել էր, որ հասցրել է տեսնել երիտասարդներից մի քանիսի դեմքերը, ինչպես նաև տարածքում եղել են բազմաթիվ տեսախցիկներ, և դրանց տեսագրությունների ուսումնասիրության միջոցով հնարավոր է նույնականացնել բռնության ենթարկողներին, հատկապես որ նրանցից ոմանք դիմավավորված չեն եղել։ 

Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ խտրականությունը քրեականացնող օրենքի բացակայության և անկատար իրավակիրառ պրակտիկաների պայմաններում ոստիկանության այս անգործությունը էլ ավելի է խորացնում արդեն իսկ ձևավորված անպատժելիության մթնոլորտը և խոցելի խմբերի անդամներին պահում մշտական վախի մթնոլորտում։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ ոստիկանությանը կրկնապատկել ջանքերը տրանս կնոջ նկատմամբ գենդերային հիմքով բռնություն իրականացրած կազմակերպված խմբի անդամներին օր առաջ բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ 

Հոկտեմբեր 24, 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին