EN
>

ՀԱՐԱՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԼԳԲՏԻՔ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ, ՄԱՍ 2

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է այս հարացազրույցների շարքը՝ նպատակ ունենալով արժեվորել Տրանս և ԼԳԲԻՔ ակտիվիստներին, կիսվել նրանց պատմություններով, բարձրաձայնել բռնության դեպքերի մասին և վեր հանել Հայաստանում առկա խնդիրները։ Այս անգամ մեր զրուցակիցը 21 տարեկան ԼԳԲՏԻՔ ակտիվիստ է, ով կիսվում է, թե ինչ խնդիրների է բախվել կրթական հաստատություններում, զինվորական ծառայության ընթացքում և ընտանիքում և նշում, թե ինչ փոփոխություններ կուզեր տեսնել ՀՀ օրենքներում, որոնք կարող են բարելավել ԼԳԲՏԻՔ անձանց և սեքս աշխատողների կյանքը։

Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք ընտանիքի անդամների հետ։ 

Մայրիկիս հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, քրոջս ու փոքր եղբորս հետ նոիյնպես լավ հարաբերություններ ունեմ, իրենք իմ մասին գիտեն։ Մամաիս հետ այդ թեմայով չենք խոսում, բայց ինձ թվում է՝ ինքը հասկանում է։ Հայրիկի հետ «բարև-հաջող» ամենաշատը՝ եթե հանդիպում ենք, չնայած որ նույն տանն ենք ապրում։ 

Պատմեք դպրոցական տարիների մասին, դպրոցում տեղյակ եղե՞լ են Ձեր սեռական կողմնորոշվածության մասին։

Դպրոցում տեղյակ չեն եղել իմ սեռական կողմնորոշվածության մասին, բայց դպրոցը ավարտելուց տարիներ անց իմացա, որ դասարանցիներիս 70 տոկոսը կամ լեսբի են, կամ գեյ, բիսեքսուալ, անգամ մի հոգի տրանս էլ կար, մի քիչ ցնցող էր ինձ համար, քանի որ այդ տարիներին մենք չէինք խոսում դրա մասին, չէինք բարձրաձայնում, ովքեր որ գիտեին իրար մասին, իրենք առանձին խոսում էին։ Չէինք խոսում, որովհետև վախենում էինք վատ վերաբերմունքից, նամանավանդ, որ մեր դասարանում կար էմո տղա, ու մեր հայոց եկեղեցու պատմության ուսուցիչը ասում էր՝ դա հիվանդություն է, իրեն պետք է բուժել, ու երբ ես իրեն պաշտպանում էի, ինձ էլ էին ասում՝ հիվանդ ես, շեղված ես։ Եհովայի վկա կար դասարանում, ու իր հետ նույնպես շատ վատ էին վերաբերվում։ Պարզ էր, որ եթե ինչ որ մեկի սեռական կողմնորաշվածությունը հայտնի լիներ, ինքը շատ ավելի էր թիրախավորվելու, դրա համար մեր դասարանում բոլորը գաղտնի են պահել, բայց դպրոցում կար մի աշակերտ, որ բացահայտ խոսում էր իր կողմնորոշվածության մասին, ու ահավոր վատ վերաբերմունք էր իր նկատմամբ։ 

Արդյո՞ք ստացել եք բարձրագույն կրթություն, եթե ոչ, ի՞նչն է պատճառը, որ համալսարան չեք ընդունվել։

Քոլեջում եմ սովորել ու մի կերպ ավարտել, ամեն օր կռիվներ էին՝ եթե տղաներից մեկը ավելի նուրբ էր, այդպիսի երեխաներին շատ էին վիրավորում։ Քոլեջում ես սկսեցի կոմպլեքսավորվել իմ ձայնից, սկսեցի ծխել, խմել, ու ձայնս փոխվեց։ Ես մինչ այդ եկեղեցական երգչախմբում էի երգում, ու ձայնս շատ բարակ էր, քոլեջում երբ ես դաս էի պատասխանում, ծաղրում էին, ու ես սկսեցի անգամ դասերը չպատասխանել, երբ որ կանչում էին, ասում էի՝ չեմ սովորել։ Ես դադարեցի երգել, աշխատում էի իմ ձայնը ձայնագրված երբեք չլսել, եթե հանկարծ լսում էի, հիստերիայի մեջ էի ընկնում։ Հիմա մի քիչ անցել է այդ ամենը, որովհետև երկար աշխատել եմ վրաս։ Համալսարան չեմ դիմել, որովհետև մտածում էի, որ համալսարանում էլ նույնը շարունակվելու է, նույն կռիվները։

Արդյո՞ք երբևէ հանդիպել եք խտրական վերաբերմունքի բժշկական հաստատություններում։  

Չէ, ես չեմ ասել, որ ես բիսեքսուալ եմ, որ ինձ խտրականացնեին կամ մերժեին, բայց եղել է, որ գնացել եմ իմ ընկերների հետ, որովհետև իրենք չեն ուզեցել մենակ գնալ, ու ահավոր խտրական վերաբերմունքի եմ ականատես եղել, հատկապես տրանս անձանց նկատմամբ, անգամ չեն էլ հետազոտել, անհիմն պատճառներ են բերել, օրինակ կին բժիշկ է եղել, որ ասել է՝ ես քեզ չեմ հետազոտի, որովհետև չեմ հասկանում՝ դու ոչ տղա ես, ոչ աղջիկ, չգիտեմ բացեմ՝ ինչ նայեմ։  

Դուք ազատվե՞լ եք զինվորական ծառայությունից՝ պայմանավորված ձեր սեռական կողմնորոշվածությամբ։ 

Ազատվել եմ, բայց մինչ այդ զինվորական ծառայություն անցել էի, ես քոլեջի հետ համատեղ նաև Պատանի երկրապահներ էի գնում, իսկ երբ 18 տարիս լրացավ, կամավորագրվեցի ՀՀ կամավորական կազմակերպություն, ու 6 ամիս անցել եմ զինվորական ծառայություն։ Վերաբերմունքը լավ էր, չնայած որ էլի ծաղրում էին ոմանք, ու ես էլի իմ ձայնի պատճառով կոմպլեքսավորվում էի։ Հետո, երբ ես արդեն բանակի համար գնացի զինվորական կոմիսարիատներ, էլի նորմալ էին վերաբերվում, միայն վերջում, երբ գնացի պետի մոտ, ով  պետք է ստորագրեր տարկետման թուղթը, պարզվեց նա իմ ռազմական կրթության ուսուցիչն էր եղել ու հույսեր ուներ։ Ու ինքը ասում էր՝ դու հաստատ սարքում ես, խաբում ես, որ ԼԳԲՏ անձ ես, որ չգնաս բանակ։ Ազատման պատճառը 18 տարեկանում առաջին անգամ զինկոմիսարիատ գնալուց փաստաթղթերում գրել էին նյարդային խնդիրեր, իսկ օրենքի փոխվելուց հետո, երբ երկրորդ անգամ գնացի, գրել են դյուրագրգիռություն։  

Ենթարկվե՞լ եք ընտանեկան բռնության՝ հոգեբանական, ֆիզիկական, սեռական, տնտեսական։

Բազմիցս ենթարկվել եմ՝ հորս, հորեղբայրներիս, հորեղբորս տղայի, տատիկիս կողմից։ Ամենալուրջ դեպքերից էր, երբ 14 տարեկան էի, մի անգամ խանութ ուղարկեցին, փողոցը անցնելիս մի մեքենա ինձ հարվածեց, նետեց մի կողմ, ու այդ պահին իմ դասարանցիներից մեկը, ով այդտեղ էր, զանգել էր դասղեկիս, ու դասղեկս էլ զանգել էր մեր տուն։ Երբ ես վերադարձա տուն, հայրիկս ու հորեղբորս տղան հարձակվեցին վրաս՝ գոռալով, թե ինչու ես վրաերթի ենթարկվել և այլն։ Ու հայրիկը փորձեց ինձ խփել, և ես էլ հունից դուրս եկա  ու հարձակվեցի իր վրա։ Ու ինձ համար շատ ահավոր էր, որովհետև ես վրաերթից դեռ ցավեր ունեի, իսկ տանը հարձակվում են ինձ վրա՝ հոգատարության փոխարեն։ Ու նմանատիպ կռիվների, հոգեբանական ճնշումներ շատ-շատ են եղել, մի հորեղբայրս թմրամոլ էր ու շատ հաճախ հենց մեր տանը ներարկում էր անում իմ աչքի առաջ։ Մյուս հորեղբայրս օրենքով գողերի շրջապատից էր, հոգեկան խանգարումներ ունի, ինքը ու իր տղան մեր հետ են ապրում, տղան նույնպես հոգեկան խնդիր ունի՝ շիզոֆրենիա։ Իրենք տեղյակ չեն, որ ես ԼԳԲՏ անձ եմ, բայց գիտեն, որ շփվում եմ ԼԳԲՏ անձանց հետ։ Մի անգամ հրապարակում էի տեղադրել տրանս անձանց հետ ու վերնագրել էի «իմ հրեշտակներ», ու մեր բարեկամներից մեկը տեսել էր, ցույց էր տվել հայրիկիս, հայրիկը զանգել էր ասում էր՝ գալու եմ քեզ մորթեմ։ 

Ի՞նչքանով է Հայաստանը ապահով սեքս աշխատող անհատների համար։ 

Ես զբաղվել եմ սեքս աշխատանքով, բայց շատ կարճ, ու խտրականության կամ բռնության չեմ ենթարկվել այդ ընթացքում։ Ընդհանուր ապահովության տեսանկյունից ես կարծում եմ, որ նույնասեռական տղամարդկանց համար համեմատաբար վատ են պայմանները, ու եթե իմացվում է դրա մասին, մեծ խայտառակություն է, անգամ եթե հետերոնորմատիվ տղամարդիկ կանանց հետ սեքս աշխատանքով են զբաղվում, էլի խարանի են արժանանում։ Տրանս անձանց դեպքում բռնությունն է շատ շատ, իսկ ցիս կանանց դեպքում տուգանում են, տանում են ոստիկանանական բաժանմունքներ, այնտեղ ոստիկանները շատ վատ են վերաբերվում, հատկապես եթե փողոցում են աշխատում։ Կարծում եմ, եթե սեքս աշխատանքը օրինականացվի, իրենք հարկ մուծեն, իրենց ծերությունը ավելի ապահովված կլինի, ապահովագրություն կունենան, թոշակ կունենան։ Նաև լավ կլիներ, որ հակախտրականության մասին օրենքում առանձին կետ լիներ թե՛ ԼԳԲՏ անձանց, թե՛ սեքս աշխատողների համար։ 

Կարդացե՛ք նաև Հարացազրույցների շարք լգբտիք անձանց հետ, մաս 1-ին

Օգոստոսի 02, 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին