EN
>

ՀԵՐԹԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ կազմակերպության իրավաբանական թիմի համառ ջանքերի, ինչպես նաև դեպքի առնչությամբ տեսանելիության բարձրացման և ՀՀ պետական մարմիններին ուղղված մի շարք նամակների շնորհիվ ՀՀ Քննչական կոմիտեն վերադարձրել է տրանս կնոջից առգրավված 27,000 ԱՄՆ դոլար գումարը։ 

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, սույն թվականի հուլիսի 27-ին տրանս կինը ահազանգել էր «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ՝ հայտնելով, որ իր բնակարանում ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության առնչության կասկածով։ Նույն օրը, Ոստիկանությունը առգրավվել էր տրանս կնոջ բջջային հեռախոսները և բնակարանում պահվող 27,000 դոլար գումարը, որը տրանս կինը հավաքել էր տարիներ շարունակ սեքս աշխատանքով զբաղվելու միջոցով։
Չնայած, որ տրանս կնոջ բնակարանում թմրանյութեր չեն գտնվել և նա քրեական գործում ունի միայն վկայի կարգավիճակ, ամիսներ շարունակ Քննչական Կոմիտեն չէր վերադարձնում նրանից առգրավված հեռախոսները և գումարը՝ թողնելով առանց ապրելու համար անհրաժեշտ միջոցների։ «Իրավունքի կողմ»  իրավապաշտպան ՀԿ-ի իրավաբանական թիմը հուլիսի 28-ին գույքը վերադարձնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Քննչական Կոմիտե, դեպքի առնչությամբ ահազանգել և ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է տեղադրել «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ինչի արդյունքում հրապարակումներ են տեղադրվել նաև մի քանի լրատվական կայքերում, ինչպես նաև կազմակերպության կողմից դիմում-նամակներ են ուղարկվել ՀՀ Պետական մարմինների՝ հորդորելով ուշադրության կենտրոնում պահել այս դեպքը և կոչ անելով Տրանս և ԼԳԲԻՔ անձանց առնչվող քրեական գործերում վարել անաչառ քննություն, զերծ մնալ ցանկանած ձևի խտրականությունից և օր առաջ վերադարձնել տրանս կնոջից առգրավված գումարը և բջջային հեռախոսները՝ վերականգնելով նրա սեփականությունը տնօրինելու իրավունքը։

Արդյունքում, սույն թվականի հոկտեմբերի 6-ին Քննչական Կոմիտեն, տրանս կնոջ գործողություններում որևէ հակաիրավական վարքագիծ չգտնելով, վերջինիս վերադարձրել է ավելի քան երկու ամիս նրանից առգրավված դրամական միջոցները և գույքը։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակելու է անել հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանելու Տրանս և ԼԳԲԻՔ, սեքս աշխատող անհատների իրավունքները, ուշադրության կենտրոնում պահելով ինչպես այս, այնպես էլ այլ Տրանս և ԼԳԲԻՔ անձանց մասնակցությամբ քրեական գործերի ընթացքը, հետևողականորեն փաստագրելով ու հավաքագրելով խտրականության դեպքերը՝ դրանց մասին բարձրաձայնելով ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մակարդակով մինչև արդարության վերականգնում։

Նոյեմբեր 12, Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին