Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Հայաստանին ընդունել համապարփակ հակախտրականության օրենսդրություն

Ստրասբուրգ, 13 ապրիլի 2026 թ․ – Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին հրապարակային նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ կոչ անելով ընդունել համապարփակ և արդյունավետ հակախտրականության օրենք։

Հանձնակատարը ողջունել է Հայաստանի կողմից արձանագրված առաջընթացը, մասնավորապես՝ ոլորտային օրենսդրության զարգացումը, Քրեական օրենսգրքում ամրագրված նոր երաշխիքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ ներգրավվածությունը։ Միաժամանակ նա նշել է, որ ներկայում Արդարադատության նախարարության կողմից մշակվում է «Խտրականության կանխարգելման և դրանից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։

Մայքլ Օ’Ֆլահերթին ընդգծել է, որ Հայաստանը պետք է օգտագործի այս հնարավորությունը՝ ստեղծելու ուժեղ և համապարփակ հակախտրական իրավական շրջանակ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կարտացոլի բազմազան հասարակության կարիքները։ Այդ գործընթացը պետք է իրականացվի քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությամբ։

Հանձնակատարը նաև առանձնացրել է մի շարք կարևոր հարցեր, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ապագա օրենսդրության մշակման ընթացքում։ Մասնավորապես՝

  • Մարդու իրավունքների պաշտպանին պետք է տրամադրվի հստակ և ուժեղ մանդատ՝ որպես հավասարության մարմին՝ համապատասխան լիազորություններով և ռեսուրսներով,

  • անհրաժեշտ է ապահովել ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության իրավական հստակություն,

  • պետք է հնարավորություն ընձեռվի համապատասխան կազմակերպություններին ներգրավվել հակախտրական գործերում,

  • կարևոր է համապարփակ կերպով անդրադառնալ ատելության խոսքի խնդրին՝ ոչ միայն քրեական, այլ նաև քաղաքացիական և վարչական գործիքներով։

Եվրոպայի խորհուրդը շարունակաբար ընդգծում է, որ արդյունավետ հակախտրական համակարգի ձևավորումը կարևոր նախապայման է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական զարգացման համար։

Ավելին՝ հանձնակատարը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանին՝ խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի ոլորտում համապարփակ օրենսդրության ընդունման ուղղությամբ։

Հղում մամուլի հաղորդագրությանը՝https://bit.ly/3OB1xPm

14-04-2026
Կիսվել