EN
>

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 31-ը Տրանս անձանց տեսանելիության միջազգային օրն է։ Այս  օրը հարթակ է տրամադրվում տրանս համայնքին և նրանց աջակիցներին՝ իրազեկվածությունը բարձրացնելու, խնդիրներ քննարկելու և հասարակությանը կրթելու համար,  ինչպես նաև անդրադառնալու տրանս անձանց մասին տարածված կարծրատիպերին: Տեսանելիության միջազգային օրը ծառայում է որպես հույսի փարոս՝ ընդգծելով տրանսգենդեր անձանց հաջողության պատմությունները, որոնք հաճախ անտեսված և մարգինալացված են հասարակության և լրատվամիջոցների կողմից: Յոթ տարի շարունակ Իրավունքի Կողմ իրավապաշտպան ՀԿ-ն եղել է տրանսգենդեր անձանց տեսանելիության բարձրացմանն ուղղված արշավների առաջնագծում, ինչպես նաև արձանագրել է ատելության հիմքով հանցագործությունների և խտրականության դեպքերը՝ այդ խնդիրները ներկայացնելով ներպետական և միջազգային հարթակներում: Ցավոք, տրանս անձինք Հայաստանում դեռևս շարունակում են բախվել խտրականության, ճնշման և բռնության իրենց կյանքի տարբեր ոլորտներում, ինչի վկայությունն էին ֆիզիկական բռնության և ատելության կոչերի վերջին դեպքերը: Հասարակության կողմից չընդունվածությունը և պետական համակարգի, մասնավորապես ոստիկանության կողմից անգործությունը հաճախ տրանսգենդեր անձանց անպաշտպան, անօթևան է դարձնում և որոշ դեպքերում անգամ ստիպում փախչել երկրից: Մինչ եվրոպական մի շարք երկրներ բարեփոխումներ են իրականացրել՝ ուղղված տրանսգենդեր անձանց իրավահավասարության ապահովմանը, Հայաստանը դեռևս քայլեր չի ձեռնարկում այս հարցում։ Այս մարտահրավերների լույսի ներքո շարունակում է հրատապ մնալ տրանսգենդեր համայնքի տեսանելիության բարձրացումը․ երբ հասարակությունը սկսի հասկանալ և ընդունել տրանս անձանց, նրանց անհրաժեշտ պաշտպանության և աջակցության գործիքակազմը ևս ավելի էֆֆեկտիվ կդառնա: Կարևոր է նշել, որ տրանս անձինք միշտ և բոլոր ժամանակներում գոյություն են ունեցել մեր հասարակության մեջ, և, որպես այդպիսին, բոլորիս պարտքն է համերաշխություն և հարգանք ցուցաբերել Տրանս ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ։ 

Իրավունքի Կողմ իրավապաշտպան ՀԿ-ն հիշեցնում է, որ տրանս անձանց աջակցելը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության ամրապնդման և իրավական հավասարության հաստատման անբաժանելի մասն է։ Եկե՛ք միասին փոխենք աշխարհն այնպես, որ յուրաքանչյուր անհատի ստանա արժանապատիվ և հարգալից վերաբերմունք` անկախ գենդերային ինքնությունից:

Կարևորելով Տրանս անձանց միջազգային օրվա խորհուրդը՝ սույն թվականի մարտի 31-ին Իրավունքի Կողմ ՀԿ-ն կազմակերպել էր կոնֆերանս, որը ներառում էր կազմակերպության վերջին տարվա  իրավական հաշվետվության ներկայացում և պանելային քննարկում տրանս անձանց և ոլորտի մասնագետների մասնակցությամբ:

Միջոցառման մասին ավելի մանրամասն կհրապարակենք շուտով: 

Մարտի 31, 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին