Բեռլինում ԼԳԲՏԻՔ+ Փրայդի ընթացքում տեղի ունեցած ողբերգական հարձակումից հետո հայկական մեդիայի մեկնաբանություններում արձանագրվել են ատելության խոսքի բազմաթիվ դրսևորումներ

Հուլիսի 25-ին Բեռլինում անցկացվող ԼԳԲՏԻՔ+ Փրայդի (CSD Berlin / Berlin Pride) ընթացքում տեղի ունեցած ողբերգական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ բազմաթիվ այլ անձինք վիրավորվել են։ Դեպքը լայն արձագանք է ստացել միջազգային և տեղական լրատվամիջոցներում՝ առաջացնելով քննարկումներ անվտանգության, բռնության և ԼԳԲՏԻՔ+ անձանց իրավունքների պաշտպանության շուրջ։

Դեպքի վերաբերյալ հրապարակումներ են տարածվել նաև հայկական մեդիայում։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի թիմը մոնիթորինգի է ենթարկել այդ հրապարակումների մեկնաբանությունների դաշտը՝ գնահատելու հանրային արձագանքը և արձանագրելու ԼԳԲՏԻՔ+ անձանց նկատմամբ ատելության խոսքի դրսևորումները։

Մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ մեկնաբանությունների զգալի հատվածը չի սահմանափակվել ողբերգական դեպքի քննարկմամբ։ Դրանցում լայնորեն տարածվել են ԼԳԲՏԻՔ+ անձանց նկատմամբ թշնամանք, վիրավորանք, ապամարդկայնացնող արտահայտություններ, ինչպես նաև բռնության արդարացում և հետագա բռնության բացահայտ խրախուսում։ Արձանագրվել են նաև մեկնաբանություններ, որոնցում ողբերգական հարձակումը ներկայացվել է որպես ողջունելի կամ ցանկալի իրադարձություն, իսկ բռնություն իրականացրած անձը՝ որպես հերոսական կամ օրինակելի կերպար։

Մասնավորապես, արձանագրվել են հետևյալ մեկնաբանությունները.

«Տարոսը Հայաստանի այլասերվածներին»։
«Ափսոս, որ մի քանի հոգի ավել չի սատկացրել»։
«Սաղին պիտի վերացնեին»։
«Հերոսի կոչում տալ այդ տղային»։
«Հայաստանում էլ դրանք շատ կան, վառել է պետք»։
«Զոհեր կան, բայց դրանք մարդկային զոհեր չեն»։
«Դրանք չեն զոհվում, դրանք սատկում են»։

Այս մեկնաբանությունները վկայում են ոչ միայն ԼԳԲՏԻՔ+ անձանց նկատմամբ խոր արմատավորված նախապաշարմունքների, այլև այն մասին, որ հանրային առցանց հարթակներում շարունակում է տարածվել մարդկանց արժանապատվությունը ժխտող և բռնությունը լեգիտիմացնող խոսույթ։ Մարդկանց որևէ խմբի նկատմամբ բռնության արդարացումը, նրանց ապամարդկայնացումը կամ ֆիզիկական ոչնչացման կոչերը չեն կարող դիտարկվել որպես կարծիքի արտահայտման ընդունելի ձև։ Նման խոսույթը նպաստում է թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը, խորացնում է հասարակական բևեռացումը և մեծացնում խտրականության ու ատելության շարժառիթով պայմանավորված բռնության ռիսկերը։

Միաժամանակ մոնիթորինգի ընթացքում արձանագրվել են նաև մեկնաբանություններ, որոնց հեղինակները դատապարտել են բռնությունը, ընդգծել յուրաքանչյուր մարդու կյանքի հավասար արժեքը և քննադատել ատելության խոսքի տարածումը։ Սակայն նման արձագանքները զգալիորեն զիջել են այն մեկնաբանություններին, որոնք պարունակում էին ատելության խոսք, բռնության արդարացում կամ ԼԳԲՏԻՔ+ անձանց նկատմամբ նվաստացնող արտահայտություններ։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր մարդու արժանապատվության և հավասարության պաշտպանությունը, իսկ մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը, որոնց միացել է Հայաստանը, պետության վրա դնում են խտրականության, ատելության հրահրման և բռնության կանխարգելման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու պարտավորություն։ Հանրային ողբերգությունները չպետք է վերածվեն որևէ խմբի նկատմամբ ատելության տարածման, բռնության արդարացման կամ խրախուսման առիթի։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կոչ է անում պետական մարմիններին, մասնավորապես՝ իրավապահ մարմիններին, իրենց լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գնահատական տալ մարդկանց խմբերի նկատմամբ բռնության, ատելության և ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր պարունակող հրապարակային արտահայտություններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան։

Կոչ ենք անում նաև լրատվամիջոցներին և սոցիալական մեդիայի հարթակներին առավել հետևողականորեն արձագանքել ատելության խոսք, ապամարդկայնացնող արտահայտություններ և բռնության խրախուսում պարունակող մեկնաբանություններին՝ կիրառելով արդյունավետ մոդերացիոն քաղաքականություն և նպաստելով մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա հիմնված հանրային քննարկումների ձևավորմանը։

Միաժամանակ կոչ ենք անում պետական կառույցներին, Մարդու իրավունքների պաշտպանին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և միջազգային գործընկերներին շարունակել համատեղ ջանքերը՝ ատելության խոսքի կանխարգելման, հանրային իրազեկման, մեդիագրագիտության զարգացման և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի մշակույթի ամրապնդման ուղղությամբ։

Մարդու կյանքի և արժանապատվության նկատմամբ հարգանքը համընդհանուր արժեք է։ Անկախ անձի սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից կամ որևէ այլ հատկանիշից՝ բռնության արդարացումը, մարդկանց ապամարդկայնացումը և որևէ խմբի նկատմամբ ատելության տարածումը չեն կարող ընդունելի լինել ժողովրդավարական և իրավական հասարակությունում։

28-07-2026
Կիսվել