
Հանրային հայտարարություն․ Հոմոֆոբիայի, Բիֆոբիայի և Տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը Հայաստանում

Այսօր՝ մայիսի 17-ին, նշվում է հոմոֆոբիայի, բիֆոբիայի, ինտերֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը (IDAHOBIT)՝ օր, երբ Տրանս և ԼԳԲԻՔ համայնքի անդամներն ու համախոհները աշխարհով մեկ բարձրաձայնում են համակարգային խտրականության և բռնության մասին և ընդգծում են այն ձեռքբերումները, որ մեր շարժումն ապահովել է տարիների պայքարի շնորհիվ։
Ցավոք, այս տարի IDAHOBIT-ը նշում ենք լուրջ հետընթացների պայմաններում՝ ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական մակարդակում։ Աշխարհով մեկ, այդ թվում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում, ընդունվում են հակա-ԼԳԲՏԻՔ օրենսդրական ակտեր, որոնք ուղեկցվում են միջազգային ֆինանսական աջակցության կրճատմամբ և շարժման ճնշմամբ։
Հայաստանում այն համեստ հաջողությունները, որ ձեռք են բերվել տարիների ընթացքում, այժմ վտանգի տակ են։ Դրանց շարքում են՝
– Նույնասեռ հարաբերությունների ապաքրեականացումը,
– Անվանափոխության գործընթացի պարզեցումը տրանս անձանց համար,
– Դատական հաղթանակներ՝ գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հիմքով,
– Գեյ անձանց համար արյան դոնոր դառնալու արգելքի վերացումը,
– Տրանս և ԼԳԲԻՔ կազմակերպությունների ձևավորումը,
– Եվ, իհարկե, ակտիվիստների քաջության շնորհիվ ավելի տարիների ընթացքում համայնքների խնդիրների վերաբերյալ տեսանելիության բարձրացումը։
Մեր հարևան Վրաստանում, որը երկար ժամանակ դիտվում էր որպես տարածաշրջանի առաջատար ԼԳԲՏԻՔ անձանց պաշտպանվածության ու տեսանելիության տեսանկյունից, ցավոք նույնպեսանցած տարվա ընթացքում ընդունվեցին հակա-ԼԳԲՏԻՔ օրենքներ։ Բացի այդ, բարձր է մնում Տրանս ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ ատելության խոսքի և բռնության մակարդակը, ինչի ականատեսը եղանք վերջին տարվա ընթացքում, մասնավորապես ատելության խոսքի մեծ արշավներ հաջորդեցին, երբ տրանսգենդեր ակտիվիստ Դիանա Ղզրոյանը հայտնեց միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու մասին, երբ հարևան Վրաստանում դաժանորեն սպանվեց տրանսգենդեր մոդել Կեսարիա Աբրամիձեն, և երբ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահ, տրանսգենդեր ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը հարցազրույցներում անդրադարձավ ԱՄՆ-ից ֆինանսավորման դադարեցմանը և Գյումրու ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հնչեցրած ատելության խոսք պարունակող հայտարարություններին:
Հայաստանում սեռական և գենդերային բազմազանության հանդեպ թշնամանքը մնում է խորքային։ Կառավարությունը շարունակում է անտեսել միջազգային զեկույցների պահանջները՝ հակախտրական օրենքներից դուրս թողնելով սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը։ Տարիների ընթացքում իրականացված ադվոկացիոն աշխատանքը չի ապահովել տրանս անձանց համար գենդերի իրավական ճանաչման կարգավորումների հասանելիություն։ Բռնության և խտրականության դեպքերը մնում են անարձագանք, ոստիկանության անպատժելիությունը՝ շարունակական։
Այս օրը՝ «Իրավունքի կողմ» ՀԿ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ կառուցելու մի աշխարհ, որտեղ չկա խտրականություն և բռնություն, և յուրաքանչյուր անհատ արժանանում է հարգանքի և արժանապատվության՝ անկախ իրենց գենդերային ինքնությունից, սեռական կողմնորոշումից կամ գենդերային արտահայտումից։
Մենք կոչ ենք անում՝
Պետական մարմիններին՝
– իրականացնել համապատասխան իրավական քայլեր ապահովելու տրասնգենդեր անձանց իրավական գենդերի ճանաչումը և անվանափոխությունը ՝ հիմնվելով ինքնորոշման իրավունքի, հոգևոր և ֆիզիկական անձեռնմխելիության վրա՝ վերացնելով հարկադրական բժշկական միջամտությունների պահանջը։
– թարմացնել իրավահավասարության մասին օրենքի նախագիծը` ներառելով խտրականության արգելքը` պայամանավորված գենդերային ինքնությամբ և գենդերային ինքնարտահայտմամբ։
– օրենքով ապահովել ատելության հիմքով հանցագործություններից և ատելության խոսքից տրանսգենդեր անձանց պաշտպանվածությունը, վարել միջադեպերի փաստագրումը և ինչպես ԵԱՀԿ մասնակից այլ երկրներ ներկայացնել հաշվետվություններ։
– ՀՀ կրթական համակարգում գործող ընթացիկ ուսումնական ծրագրերը տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից դարձնել ներառական և ուսուցանել ներառականություն, սեռականություն և գենդերային հիմնահարցեր:
– իրականցնել համապատասխան միջոցառումներ` տրանսգենդեր անձանց նկատմամբ կատարված բռնության, ատելության և խտրականության բոլոր դեպքերը արդարացիորեն ուսումնասիրելու համար։
– դադարեցնել ատելության, խտրականության եւ ծաղրանքի խրախուսանքը տրանսգենդեր անձանց հանդեպ` ԼԳԲՏ խնդիրների քաղաքականացման միջոցով:
ՀՀ ոստիականությանը՝
– ՀՀ ոստիկանությանը, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին և պատկան մարմիններին ապահովել Տրանս ԼԳԲԻՔ անձանց անվտանգությունը և ՀՀ սահմանադրությամբ նրանց տրված բոլոր իրավունքները։
ԶԼՄ-ներին՝
– խուսափել սխալ և ապակողմնորոշող տերմինաբանության կիրառումից և դադարեցնել խտրականության քարոզը տրանսգենդեր մարդկանց հանդեպ:
– տրանսգենդեր անձանց վերաբերող հարցերը լուսաբանել ներառականության և զգայունության սկզբունքներից ելնելով:
– դադարել սնել թյուր նախապաշարմունքները և կարծրատիպերը տրասնգենդեր անձանց մասին՝ ներկայացնելով նրանց որպես հիվանդ մարդկանց, ովքեր ցանկանում են ոչնչացնել հայկական ավանդույթները եւ մշակույթը:
– հարգել տրանսգենդեր անձանց անձնական կյանքը և համագործակցել տրանսգենդեր անձանց հետ՝ նրանց մասին լրատվական նյութեր պատրաստել ցանկանալիս։
#IDAHOBIT2025
17-05-2025