
Սեքս աշխատողների հետ համայնքային հանդիպումներ

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն, Կարմիր հովանոց հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, վերջին երեք ամիսների ընթացքում կազմակերպել է չորս համայնքային հանդիպում՝ Հայաստանում սեքս աշխատողների միջև երկխոսության և իրազեկվածության խթանման համար։ Հանդիպումները մասնակիցներին հնարավորություն են տվել քննարկելու կարևոր հարցեր, արտահայտվելու, ինչպես նաև ամրապնդելու համայնքի միասնականությունը փորձի փոխանակման միջոցով։ Ստորև ներկայացնում ենք յուրաքանչյուր հանդիպման հիմնական թեմաները.
2025թ. հուլիսի 9-ի հանդիպումը կենտրոնացած էր սեքս-աշխատողների աշխատանքային դժվարությունների և խտրականության վրա։ Մասնակիցները քննարկումներ ունեցան՝ կիսվելով անձնական փորձառություններով, որոնք վեր հանեցին համակարգային խնդիրները։ Մասնակիցներից մեկը համարձակորեն կիսվեց հաճախորդի կողմից վատ վերաբերմունքի վերաբերյալ դեպքով։ Հանդիպման ընթսացքում ապահովեցինք անվտանգ միջավայր, որտեղ մարդիկ կարողացան համատեղ հասկանալ խնդիրները, քննարկել պայքարի ձևերը և խթանել ներհամայնքային աջակցությունը։
Հուլիսի 11-ի հանդիպման թեման բազմազանությունն ու ներկայացվածությունն էր։ Մասնակիցները դիտեցին տրանսգենդեր սեքս աշխատողների կյանքի մասին ֆիլմ, այնուհետև քննարկեցին ինքնության, ընտանիքի և հասարակության վերաբերյալ իրենց ընկալումները։ Մասնակիցները համեմատեցին ֆիլմում ներկայացված իրավիճակները իրենց սեփական կյանքի հետ, ինչը խորացրեց իրազեկվածությունն ու համերաշխությունը։
Օգոստոսի 14-ի հանդիպումը նվիրված էր ինքնաընկալմանը, որտեղ մասնակիցները նկարում էին ինքնանկարներ առանց վախի կամ անհանգստության։ Յուրաքանչյուր նկարում մասնակիցները պատկերել էին իրենց գլուխը, իրանը, ձեռքերը և ոտքերն այնպես, ինչպես իրենք են լիարժեքորեն պատկերացնում իրենց։ Նրանք, ովքեր ցանկանում էին, կիսվում էին իրենց մտքերով և զգացմունքներով՝ ստեղծելով ամուր կապ և աջակցություն համայնքի ներսում։
Սեպտեմբերի 1-ի հանդիպման ընթացքում համայնքը հավաքվեց սեքս աշխատողների կյանքի մասին կարճամետրաժ ֆիլմի ցուցադրության, որին հաջորդեց կարծիքների փոխանակում: Ֆիլմը քննարկումներ առաջացրեց սեքս աշխատանքի, իրականության, այդ թվում՝ հասարակական խարանի և անձնական դիմադրողականության վերաբերյալ: Մասնակիցները կիսվեցին իրենց մտքերով, քննարկեցին տեսակետները և ուսումնասիրեցին իրենց իրավունքների և արժանապատվության պաշտպանության ուղիները՝ ընդգծելով պատմություններ պատմելու կարևորությունը իրազեկվածության բարձրացման և կարեկցանքի ձևավորման գործում։
Այս հանդիպումները կարևոր դեր են խաղացել ավելի քան 50 սեքս աշխատողների դիմադրողականության ամրապնդման և համայնքային կապերի խթանման գործում: Իրավունքի կողմ ՀԿ-ն շարունակում է հանձնառու լինել անվտանգ, ներառական տարածքներ ստեղծելուն, որտեղ սեքս աշխատողները կարող են կիսվել իրենց պատմություններով, մարտահրավեր նետել խարանին և պայքարել փոփոխությունների համար