
Տեղի ունեցավ «Ուժեղանում ենք միասին» հզորացման դասընթացը

«Ուժեղանում ենք միասին․ հզորացման դասընթաց համայնքի տարբեր ներկայացուցիչների համար» հանդիպմանը համախմբվեցին ԼԳԲՏԻՔ+ համայնքի անդամներ և աջակիցներ Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից։ Հանդիպման հիմնական նպատակն էր ստեղծել անվտանգ և ներառական միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենար ազատ արտահայտել իր մտքերը, կիսվել անձնական և համայնքային փորձով, ինչպես նաև քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
Ծրագիրը նպատակ ուներ մասնակիցներին զինել այն գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են իրենց իրավունքները պաշտպանելու համար, ակտիվիստական գործունեությամբ զբաղվելու և սեփական համայնքներում առաջնորդի դեր ստանձնելու համար։ Դասընթացի հիմնական շեշտադրումները դրված էին մարդու իրավունքների, շահերի պաշտպանության և ակտիվիզմի վրա։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան ԼԳԲՏԻՔ+ համայնքի նկատմամբ խտրականության տարբեր դրսևորումներին՝ իրավական, սոցիալական և մշակութային համատեքստերում։ Քննարկվեցին ինչպես բացահայտ, այնպես էլ թաքնված խտրականության ձևերը, դրանց ազդեցությունը մարդու իրավունքների իրացման վրա և այն մարտահրավերները, որոնց համայնքի ներկայացուցիչները բախվում են առօրյայում։ Մասնակիցները համատեղ վերլուծեցին խտրականության կանխարգելման մեխանիզմները, իրավական պաշտպանության գործիքները, ինչպես նաև միջազգային և տեղական դրական փորձը։
Բացի տեսական գիտելիքներից, հանդիպումը ներառեց գործնական վարժություններ և խմբային աշխատանքներ, որոնք ուղղված էին համագործակցության հմտությունների զարգացմանը, համերաշխության մշակույթի ամրապնդմանը և առաջնորդության որակների ձևավորմանը։ Մասնակիցները բաժանվեցին աշխատանքային խմբերի՝ մշակելու համայնքային ներգրավվածության, փոխաջակցության և խնդիրների լուծման համատեղ ռազմավարություններ։ Շեշտադրվեց, որ միայն միասնական և համակարգված քայլերի միջոցով հնարավոր է իրական փոփոխությունների հասնել։
Հանդիպման ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց անձնական պատմություններով՝ բացահայտելով այն դժվարությունները, որին բախվել են իրենց կյանքի և ակտիվիստական գործունեության ընթացքում, և այն ուժը, որ ստացել են համայնքի աջակցությունից։ Այս պատմությունները ոչ միայն ոգեշնչեցին մյուսներին, այլև հիշեցրին, որ միասին հնարավոր է հաղթահարել անգամ ամենաբարդ փորձությունները։
Հանդիպան ավարտին բոլորը մեկտեղեցին իրենց առաջարկները և համատեղ քննարկեցին ապագա քայլերը։ Հանդիպումը եզրափակվեց միասնական հանձնառությամբ՝ շարունակել կապը, իրար աջակցել և գործնական քայլեր ձեռնարկել խտրականության դեմ պայքարում, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ։
Այս դասընթացը դարձավ ոչ միայն նոր գիտելիքներ և հմտություններ ստանալու հարթակ, այլև ուժեղ համայնքային կապեր ստեղծելու, վստահության մթնոլորտ ձևավորելու և համատեղ նպատակների շուրջ համախմբվելու կարևոր հնարավորություն։
Սույն հանդիպումը հնարավոր է դարձել իրականացնել Հավասարության հիմնադրամի աջակցությամբ։ Շնորհակալ ենք Հավասարության հիմնադրամին՝ ԼԳԲՏԻՔ+ համայնքի իրավունքների պաշտպանության և հավասարության առաջմղման գործում իրենց շարունակական աջակցության համար։