Համայնքային հանդիպումներ՝ գենդերի իրավական ճանաչման վերաբերյալ

2025 թվականի հունիսին Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն իրականացրեց երեք համայնքային հանդիպում, որոնց մասնակցեցին 41 տրանս և ԼԳԲԻՔ+ համայնքի ներկայացուցիչներ: Հանդիպումներն անցկացվեցին կազմակերպության ապահով տարածքում՝ ստեղծելով անվտանգ միջավայր՝ բաց երկխոսության և փոխաջակցության համար։

Հանդիպումների հիմնական նպատակն էր ներկայացնել և քննարկել կազմակերպության կողմից մշակված «Ինչպես սեռի նշումը փոփոխելու գործընթացները դարձնել առավել իրավահեն և անվտանգ տրանս անձանց համար» քաղաքականության թերթիկը՝  նվիրված գենդերի իրավական ճանաչման խնդիրներին Հայաստանում: Թերթիկն ամփոփում է կազմակերպության տարիների աշխատանքը՝ հիմնված երկու տարածաշրջանային հետազոտությունների, ռազմավարական դատական գործերի և տարածաշրջանային համագործակցության վրա։

Հանդիպումների ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին իրավական խնդիրները և դրանցից բխող մարդու իրավունքների խախտումները, որոնք առաջանում են գենդերի իրավական ճանաչման կարգավորման բացակայության հետևանքով, և քաղաքականության հիմնական առաջարկությունները։ Ակտիվիստները ցանկություն հայտնեցին զարգացնել իրենց շահերի պաշտպանության հմտությունները և կիրառել դրանք՝ պետական մարմինների, որոշում կայացնողների և այլ շահագրգիռ կողմերի հետ աշխատելիս։

Հանդիպումները նաև կարևոր էին համայնքային սոլիդարության խթանման և իրավական խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ փորձի փոխանակման տեսանկյունից։ Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարող են համախմբվել հանուն արդարության և հավասարության հաստատման։

Հանդիպումները հնարավոր են դարձել Կանանց ռեսուրսային կենտրոնի (ԿՌԿ) և Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Շվեդիայի կառավարությունը և ԿՌԿ-ն պատասխանատվություն չեն կրում բովանդակության, տեսակետների և մեկնաբանությունների համար։

Իրավունքի կողմ ՀԿ-ն շարունակելու է պարբերաբար կազմակերպել նման հանդիպումներ՝ որպես գենդերային արդարության և համայնքի հզորացման համար պայքարում կարևոր գործիք։

22-07-2025
Կիսվել