
Համայնքի հզորացում՝ հանդիպումների միջոցով

2023 թվականից մինչ օրս Հավասարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն իր ապահով տարածքում պարբերաբար կազմակերպում է կրթական և համայնքային հանդիպումներ, որոնք նպատակ ունեն ոչ միայն զարգացնել ԼԳԲՏԻՔ+ համայնքի անդամների կարողությունները և բարելավել նրանց ինքնազգացողությունը, այլև խթանել փոխադարձ վստահությունը, աջակցությունն ու կապը։
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ապահով տարածքում հյուրընկալել ենք ընդհանուր 360 մասնակցի՝ ներառյալ ՀՀ մարզերից ժամանած անձանց, Արցախից տեղահանված համայնքի անդամների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, փախստականների ու ապաստան հայցողների՝ ՌԴ-ից, Իրանից, Կուբայից և Ուկրաինայից, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին և աջակիցներին։
Այս ժամանակահատվածում իրականացվել է 12 թեմատիկ հանդիպում, որոնց շրջանակում անցկացվել են՝
ֆիլմի դիտումներ և քննարկումներ՝ նվիրված գենդերային ինքնության և դիմակայության թեմաներին,
փոխօգնության խմբեր՝ մասնավորապես ՌԴ-ից և այլ երկրներից ժամանած փախստականների և տեղահանվածների համար,
ֆոկուս խմբային քննարկումներ՝ ընտանիքում ընդունված լինելու, սոցիալական կարիքների, ծառայությունների մատչելիության և համայնքային աջակցության մեխանիզմների շուրջ,
բաց զրույցներ և խմբային աշխատանքներ՝ ուղղված սոցիալական անվտանգությանը, հոգեբանական կայունությանը, ինքնարտահայտման իրավունքին և միասնականության խթանմանը:
Այս հանդիպումները բացառիկ նշանակություն ունեն հատկապես այն մարդկանց համար, ովքեր հանրային տարածքներում հաճախ ստիպված են թաքցնել իրենց ինքնությունը։ Ապահով տարածքը նրանց ընձեռում է շփման, ուսուցման և աջակցության հնարավորություններ մի միջավայրում, որտեղ սոլիդարությունն ու փոխըմբռնումը վերածվում են ներքին ուժի և հավատքի։
Մենք խորապես երախտապարտ ենք Հավասարության հիմնադրամին այս տարածքի կայուն գործունեությունն ապահովելու, համայնքի համախմբման և ԼԳԲՏԻՔ+ անձանց կողքին լինելու համար։