
Իրավունքի կողմը դատապարտում է Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի՝ ատելության խոսք պարունակող հայտարարությունները

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն մտահոգություն է հայտնում և դատապարտում է Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի կողմից ատելության խոսքով լի հրապարակային հայտարարությունները, որոնք հնչել են ինչպես 2025 թվականի մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, այնպես էլ ընտրություններից հետո:
Վարդան Ղուկասյանի կողմից ԼԳԲՏԻՔ համայնքի շարունակական թիրախավորումը, սեռական և գենդերային բազմազանության նկատմամբ ցուցաբերվող անհանդուրժողականությունը և թշնամանքը՝ «Դուք էլ, եթե զզվում եք ԼԳՏԲ-ից, եկեք կողքս կանգնեք, դուք տեսեք, թե ես ինչ կանեմ ԼԳՏԲ-ի գլխին», «Եվրոպայի պես միասեռականներին ամուսնություն անի, ես բարձրաձայն ասում եմ՝ եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, եթե հանկարծ էդպիսի բան անի», ինչպես նաև կանանց հասցեին արված կնատյաց արտահայտությունները, իբր «կանայք գայթակղում են տղամարդկանց, երբ կարճ են հագնվում», ոչ միայն խտրական և նվաստացուցիչ են, այլև խրախուսում են բռնությունը, տարածում թշնամանք և խորացնում հասարակության մեջ առկա բաժանարար գծերը:
Հիշեցնում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Վարդան Ղուկասյանը թիրախավորում է ԼԳԲՏԻՔ համայնքին։ Դեռևս 2019 թվականի ապրիլի 5-ին, երբ տրանս ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը ելույթ ունեցավ Ազգային ժողովում՝ բարձրաձայնելով տրանս մարդկանց իրավունքների մասին, Վարդան Ղուկասյանը հրապարակային արձագանքով կրկին թիրախավորեց Լիլիթին և ամբողջ համայնքը՝ հայտարարելով՝ «Նրանց ուղարկե՛ք Հոլանդիա։ Մենք ցանկանում ենք, որ կանայք լինեն կին, տղամարդիկ՝ տղամարդ»։
Նա նախկինում ևս բազմիցս հանդես է եկել նմանատիպ հայտարարություններով, որոնք սերմանել են թշնամանք ու ատելություն։ Այս շարունակական հռետորաբանությունն իր հերթին ավելի է սրել հասարակության վերաբերմունքը համայնքի նկատմամբ՝ խորացնելով անհանդուրժողականությունն ու խտրականությունը, ինչի վկայությունն են համացանցում տարածվող ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները։
Այսպիսի հայտարարություններն անընդունելի են հատկապես մի երկրի համատեքստում, որտեղ խտրականությունը, գենդերային անհավասարությունն ու համայնքների նկատմամբ ատելությունը արդեն իսկ լուրջ խնդիրներ են ստեղծում հանրային անվտանգության, սոցիալական արդարության և մարդու իրավունքների պաշտպանության համար։
Մենք հիշեցնում ենք, որ հանրային պաշտոնի թեկնածուները կամ հանրային պաշտոն զբաղեցնողները և ոչ միայն պարտավոր են գործել առաջնորդվելով մարդու իրավունքների, հավասարության և հասարակական համերաշխության սկզբունքներով։ Երբ մի քաղաքական գործիչ խաթարում է այդ արժեքները՝ տարածելով խտրականություն և ատելություն, նա զրկվում է հանրային վստահության կրող լինելու բարոյական իրավունքից։
Միևնույն ժամանակ, «Իրավունքի կողմ» ՀԿ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով իրավական ընթացք տալ Վարդան Ղուկասյանի կողմից ատելության խոսքի կիրառման դեպքերին, ինչպես նաև գրություն է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով արձագանքել և համապատասխան գնահատական տալ նման վտանգավոր հայտարարություններին։
Մենք պահանջում ենք, որ
- Վարդան Ղուկասյանը հրապարակայնորեն պատասխանատվություն ստանձնի իր կողմից հնչեցրած ատելության խոսքի համար,
- Իրավասու մարմինները քննեն այս հայտարարությունների հնարավոր իրավական հետևանքները՝ համաձայն ՀՀ օրենսդրության և միջազգային մարդու իրավունքների ստանդարտների։
- Ուստի կոչ ենք անում լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանը, պետական կառույցներին ու քաղաքական դերակատարներին՝ հստակ դիրքորոշում հայտնել խտրականության ցանկացած դրսևորման դեմ։
«Իրավունքի կողմ» ՀԿ-ն կանգնած է բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր պարբերաբար ենթարկվում են ատելության, բռնության և խտրականության՝ միայն իրենց ինքնության կամ արտահայտման ձևի համար։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն ներառական, համերաշխ և իրավահավասար հասարակության, որտեղ ատելության խոսքը տեղ չունի։