ԼԳԲՏԻՔ ապահով տարածքում նշվեց պանսեքսուալ և պանռոմանտիկ տեսանելիության օրը

Մայիսի 24-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ԼԳԲՏԻՔ+ ապահով տարածքում նշվեց Պանսեքսուալ և Պանռոմանտիկ տեսանելիության միջազգային օրը։ Ապահով տարածքը ոչ միայն ապահովում է մարդկանց ֆիզիկական անվտանգությունը, այլ նաև ստեղծում է միջավայր, որտեղ կարելի է ազատ խոսել սեփական ինքնության մասին, լսել միմյանց և ճանաչել իրար առանց վախի։

Այդ օրը համայնքի անդամները հավաքվել էին, որպեսզի միասին տոնեն իրենց ինքնությունները, պատմեն այն դժվարությունների մասին, որոնց բախվել են՝ երբ իրենց զգացմունքներն ու սերը չեն տեղավորվել "ավանդական" պատկերացումների մեջ։ Շատերը խոսեցին այն մասին, թե ինչպես են իրենց պանսեքսուալ կամ պանռոմանտիկ լինելը երկար ժամանակ թաքցրել, քանի որ այն սխալ էր հասկացվում կամ պարզապես անտեսվում՝ ինչպես հասարակության, այնպես էլ հաճախ սեփական ընտանիքի կամ նույնիսկ համայնքի ներսում։ Հանդիպումը վերածվեց ջերմ և հուզիչ քննարկման, որտեղ մարդիկ պատմեցին՝ ինչպես են սովորել ընդունել իրենց, ինչպես են անցել ինքնաճանաչման ճանապարհը, և որքան մեծ դեր են ունեցել նման տարածքներն ու նման օրերը՝ ուժ գտնելու, կապ հաստատելու և միայնությունը հաղթահարելու համար։

Նման օրերի նշումը ապահով տարածքում կարևոր պահ է՝ սիրո, ինքնության, ընդունման և փոխադարձ հարգանքի մասին բարձրաձայնելու համար։ Այն հիշեցում է, որ յուրաքանչյուր մարդ ունի սիրված, տեսանելի և լիարժեքորեն ընդունված լինելու իրավունք։

27-05-2025
Կիսվել