
Միասին նշեցինք հպարտության ամիսը

2025 թվականի հունիսի 3-ին «Իրավունքի կողմ» ՀԿ-ն կազմակերպեց «Միասին նշենք հպարտության ամիսը» խորագրով համայնքային միջոցառում, որը մեկտեղեց ավելի քան 50 տրանս ԼԳԲԻՔ+ անձանց, համախոհների, ինչպես նաև Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների և գործընկեր կառույցների ներկայացուցիչների։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լիլիթ Մարտիրոսյանը, «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահը։ Նա կարևորեց համայնքի միասնականությունը, համերաշխության ուժը և համագործակցության անհրաժեշտությունը՝ հավասարության համար մղվող պայքարում։
Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին երկու պանելային քննարկումներ՝ նվիրված տրանս ԼԳԲԻՔ+ շարժման մարտահրավերներին, հնարավորություններին և համատեղ աշխատանքներին։
Առաջին պանելային քննարկման ընթացքում «Իրավունքի կողմ» ՀԿ-ի, «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի, Քվիր քուր պլատֆորմի, Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամի և Տրանս ազգային կոալիցիայի ներկայացուցիչները խոսեցին տրանս ԼԳԲԻՔ+ շարժման ներկա վիճակի, մարտահրավերների, համագործակցության խոչընդոտների և համատեղ գործողությունների կարևորության մասին։
Երկրորդ պանելային քննարկման ընթացքում հանդես եկան Ռուսաստանից Հայաստան տեղափոխված տրանս ԼԳԲԻՔ+ փախստականներ։ Նրանք ներկայացրին այն խնդիրները, որոնց բախվել են իրենց երկրում՝ հակաԼԳԲՏԻՔ+ օրենսդրության, պատերազմի հետևանքների և արտագաղթի փորձառությունների համատեքստում։
Միջոցառման վերջում անցկացվեց համայնքի կողմից քվեարկությամբ ընտրված մրցանակաբաշխություն՝ վեց անվանակարգում․
- «Կամուրջներ կառուցող» մրցանակ – Կոսուլիա Լիոնա Վլադիմիրովնա
- «Առաջնորդություն» մրցանակ – Քելլի Սերգեյ Հովհաննիսյան
- «Ջատագովություն» մրցանակ – Մոնիկա Սարկիսյան
- «Հանրային դեմք» մրցանակ – Դիանա Ղազրոյան
- «Տարվա Ակտիվիստ» մրցանակ – Էգի Ալեքսանդրունի
- «Սոցիալական մեդիա» մրցանակ – Դիլա Հովհաննիսյան
Միջոցառումը եզրափակվեց հարցուպատասխանով և ոչ ֆորմալ շփմամբ՝ ստեղծելով զորակցության և սիրո մթնոլորտ։ Միջոցառումն ամրապնդեց կապերը ինչպես Հայաստանի, այնպես էլ տեղահանված և փախստական տրանս ԼԳԲԻՔ+ անձանց միջև։