ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ գործընկերներ, աջակիցներ, իրավապաշտպաններ, ԼԳԲՏԻՔ+ համայնք

Սույն հայտարարությամբ բարձրացնում ենք մեր խորը մտահոգությունը՝ նպատակ ունենալով կանխել, որ տրանս համայնքի անդամները ստիպված չլինեն անցնել այն նույն խտրականության ու դաժան վերաբերմունքի միջով, ինչի միջով անցել է իրավապաշտպան, «Իրավունքի կողմ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը:

2025 թվականի մայիսին Լիլիթ Մարտիրոսյանը հրավիրված էր Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Սան Պաուլո քաղաք՝ մասնակցելու միջազգային գործնական հանդիպման։ Հետադարձ ուղևորությունը նախատեսված էր Քենիայի Հանրապետության Մոմբասա քաղաք՝ մեկ այլ գործնական հանդիպման մասնակցելու համար։ Տարանցիկ կանգառը Դուբայի միջազգային օդանավակայանում էր, իսկ ավիափոխադրումն իրականացնում էր «Էմիրեյթս» ավիաընկերությունը։

Սան Պաուլոյի օդանավակայանում Լիլիթ Մարտիրոսյանը մոտեցել է «Էմիրեյթս» ավիաընկերության գրանցման սեղանին, հանձնել է ուղեբեռը և ներկայացրել անձնագիրը։ Հարցին, թե արդյոք Դուբայում 14-ժամյա սպասման ընթացքում տրամադրվում է հյուրանոց, աշխատակիցը տեղեկացրել է, որ տրամադրվում է։ Այնուհետև, աշխատակիցը մի քանի ճշտող հարցեր է ուղղել Լիլիթ Մարտիրոսյանին։ Այդ պահին Լիլիթը նկատել է, որ աշխատակիցը չափազանց երկար ժամանակ է պահում իր անձնագիրը՝ առանց ակնհայտ պատճառի։ Նրա պահվածքը Լիլիթի մոտ առաջացրել է անհանգստություն և զգացողություն, որ ինչ-որ բան այն չէ։ Չնայած դրան, նրան թույլատրվել է նստել ինքնաթիռ (EK262 չվերթ) և շարունակել ուղևորությունը դեպի Դուբայ և 14 ժամ անց վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում։ Օդանավից դուրս գալիս նրան մոտեցել են օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ու առանց պատճառաբանության հրահանգել հետևել իրենց։ Լիլիթին տարել են  ներգաղթի բաժին, որտեղ անձնագիրը անմիջապես ապօրինի առգրավվել է՝ առանց որևէ իրավական հիմքի։ Նրան լուսանկարել են առանց համաձայնության, պահել ավելի քան հինգ ժամ՝ տեղափոխելով մեկ սենյակից մյուսը, լրացնելով տարբեր փաստաթղթեր, նրա նկատմամբ ցուցաբերելով վատ վերաբերմունք: Երբ Լիլիթը հարցրել է, թե ինչ է տեղի ունենում, պաշտոնյաներից մեկը պատասխանել է՝ «Դու տրանս անձ ես ու Դուբայ քաղաք չես կարող մուտք գործել»։

Չնայած նրան, որ Լիլիթը տարանցիկ ուղևոր էր և Դուբայ մուտք գործելու մտադրություն չուներ, նրան արգելել են դուրս գալ՝ օգտվելու ավիաընկերության կողմից տրամադրված հյուրանոցից, էմիգրացիոն կենտրոնը առաջարկել է օգտվել օդանավակայանի ներսում գործող վճարովի հյուրանոցից, Լիլիթը մոտեցել է օդանավակայանում Էմիրեյթսի սպասարկամ կենտրոն՝ խնդրելով օգնություն, իսկ Էմիրեյթսի սպասարկման գրասենյակից պատասխանել են. «Մենք չենք կարող օգնել ձեզ»: Լիլիթ Մարտիրոսյանը մնացել է առանց սննդի, ջրի, քնի և արժանապատիվ վերաբերմունքի ավելի քան 14 ժամ։ Նա ստիպված է եղել քնել օդանավակայանում՝ սառը, կոշտ նստարանների վրա՝ ֆիզիկապես և հոգեպես սպառված վիճակում։

Անձնագիրն անօրինական կերպով պահվել է սահմանային մարմինների կողմից և վերադարձվել է միայն Մոմբասա մեկնող FlyDubai չվերթից մեկ ժամ առաջ։ Նրան ուղեկցել են օդանավ աշխատակիցների վերահսկողությամբ, որը բնորոշ է հանցագործների տեղափոխմանը։ Նրան տրվել է slip՝ փաստելով, որ անձնագիրը գտնվում է սահմանապահների մոտ։ Այս ամբողջ ընթացքը եղել է ապօրինի և նվաստացուցիչ։

Լիլիթը հենց օդնավակայանից բողոք նամակներ է ուղարկել Էմիրեյթսին, պատասխանը եղել է. «դիմեք, մենք 30 աշխատանքային օրվա ընթացքում կպատասխանենք»: Հասնելով Հայաստան Լիլիթը բազմաթիվ նամակներ է ուղարկել Էմիրեյթս ավիաընկերությանը՝ պահանջելով պաշտոնական հետաքննություն և բացատրություն, սակայն պատասխանները գոհացուցիչ չեն եղել։

Էմիրեյթսի կողմից տրված պատասխաններում նշվել է, թե երկրորդ չվերթը իրականացնում էր FlyDubai կողմից և իրենք չեն կրում պատասխանատվություն։ Սակայն Սան Պաուլոից դեպի Դուբայ թռիչքն իրականացվել է Էմիրեյթսի կողմից ու ըստ Լիլիթ Մարտիրոսյանի կասկածների խտրական գործողությունները սկսվել են հենց Էմիրեյթսի Սան Պաուլոյի չեք-ինի աշխատակցի կողմից, ով, ամենայն հավանականությամբ, ներքին հաղորդագրություն է ուղարկել Դուբայի իրավապահ մարմիններին՝ տեղեկացնելով Լիլիթի գենդերային ինքնության մասին:

Նշենք, որ Լիլիթ Մարտիրոսյանը նախկինում առանց խնդիրների այցելել է Դուբայ՝ այդ թվում 2025 թվականի հունվարի 29-ին՝ առանց որևէ խնդրի։ Սա ևս հաստատում է, որ դեպքն ուղղակիորեն կապ ունի կոնկրետ աշխատակցի գործողությունների հետ։

Էմիրեյթսից ստացված երկրորդ պատասխանը եղել է հետևյալը. «Չնայած մենք գիտակցում ենք, թե որքան ցավալի պետք է որ սա լիներ ձեզ համար, ցավոք, այս դեպքում մենք չենք կարող օգնել... մենք իրավասություն չունենք նման իրավիճակներում»:

Եվս մեկ անգամ նշում ենք, որ սա անընդունելի է։ Լիլիթ Մարտիրոսյանը չի ցանկացել մուտք գործել Դուբայ, այլ միայն օգտվել տարանցիկ Դուբայի օդանավակայանից։ Այսպիսով՝ ոչ մի իրավաչափ պատճառ չի եղել անձնագիրը ապօրինի առգրավելու, լուսանկարելու կամ հյուրանոցից զրկելու համար։ Էմիրեյթսը պարտավոր էր հոգալ այդ ծախսերը, ինչպես նշված է իրենց քաղաքականություններում։

Մինչ օրս Էմիրեյթսը չի իրականացրել որևէ հետաքննություն՝ պարզելու հաղորդագրության աղբյուրը և պատճառը։

Լիլիթ Մարտիրոսյանը միայն այժմ է բարձրաձայնում այս մասին՝ վերադառնալով Հայաստան, քանի որ հետադարձ չվերթը ևս Դուբայով էր և բարձրաձայնումը կարող էր վտանգել նրա անվտանգությունը։

Լիլիթ Մարտիրոսյանը մինչ օրս ոչ մի հետաքննության արդյունք չի ստացել։ Էմիրեյթսի պատասխանները եղել են խուսափողական, ընդհանուր և անպատասխանատու։

Նշենք, որ Դուբայի միջազգային օդանավակայանը ամբողջությամբ հագեցած է տեսահսկման համակարգերով, և Լիլիթ Մարտիրոսյանի դեմ իրականացված բոլոր գործողությունները տեսաձայնագրվել են անվտանգության տեսախցիկներով։

Էմիրեյթս ավիաընկերությունն իր տրամադրության տակ ունի հնարավորություն՝ դիմելու Դուբայի օդանավակայանի համապատասխան կառույցներին և ստանալու տեսագրությունները՝ իր աշխատակիցների կողմից ներքին հաղորդագրություն ուղարկելու, ինչպես նաև Մարտիրոսյանի հանդեպ կիրառված ապօրինի վերաբերմունքը փաստելու և քննություն սկսելու համար։

Այս հնարավորությունից չօգտվելը ևս մեկ ապացույց է Էմիրեյթսի՝ պատասխանատվությունից խուսափելու մտադրության վերաբերյալ։

Իրավական հիմքեր

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նշենք, որ Լիլիթ Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված գործողությունները կարող են դիտարկվել որպես միջազգային իրավունքի խախտումներ՝ մասնավորապես՝

  • Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 9-րդ հոդվածի խախտում (Ազատությունից զրկում առանց օրինական հիմքի),
  • Ջոկյակարտայի սկզբունքների խախտում, որոնք պաշտպանություն են սահմանում գենդերային ինքնության հիմքով խտրականությունից,
  • Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի խախտում՝ հաշվի առնելով երկարատև պահումը, լուսանկարման և հանգստի, մերժման հանգամանքները։

Նույնիսկ պայմանագրային առումով՝ Էմիրեյթս ավիաընկերությունն ունի ուղևորների հանդեպ պայմանագրային պարտավորություն, որը չի կատարել՝ չտրամադրելով կացարան և աջակցություն 14 ժամից ավելի տևող տարանցման ընթացքում։

ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ՝

  • Էմիրեյթսը պետք է անհապաղ իրականացնի ներքին քննություն՝ պարզելու, թե ով և ինչ հիմքով է հաղորդագրություն ուղարկել Դուբայի ներգաղթի մարմիններին։
  • Էմիրեյթսը պարտավոր է պաշտոնապես ներողություն խնդրել, փոխհատուցել պատճառված բարոյական և նյութական վնասը և հրապարակայնորեն բացահայտել կատարվածի հանգամանքները։
  • Միջազգային գործընկեր ավիաընկերությունները պետք է վերանայեն իրենց համագործակցությունը և կոդ-շեյր պայմանագրերը Էմիրեյթսի հետ։

ՄԵՐ ԿՈՉՆ Է՝

Հորդորում ենք միջազգային տրանս, քվիր և իրավապաշտպան համայնքին տարածել այս դեպքը, բոյկոտել Էմիրեյթս ավիաընկերությունը և խուսափել Դուբայի միջազգային օդանավակայանից օգտվելուց, քանի դեռ ընկերությունը պատասխանատվություն չի ստանձնել։

Այս դեպքը խտրականության և արժանապատվության կոպիտ խախտման մասին է՝ միջազգային օդանավակայանում, հայտնի ավիաընկերության մասնակցությամբ։

Խտրականությունն ու նվաստացումը երբեք չպետք է մոռացվեն կամ անտեսվեն։

Հարգանքով՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ

09-06-2025
Կիսվել