Իրավական գրագիտություն և ինքնապաշտպանություն․ դասընթաց սեքս աշխատողների համար

Իրավունքի կողմ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2025 թվականի հունիսին՝ Կարմիր հովանոց ֆոնդի ֆինանսական աջակցությամբ, կազմակերպեց «Իրավական գրագիտություն և ինքնապաշտպանություն» խորագրով կրթական դասընթաց՝ ուղղված Հայաստանում սեքս աշխատող համայնքի հզորացմանը։ Դասընթացին մասնակցեցին 18 սեքս աշխատողներ՝ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից։

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին զինել իրավական գիտելիքներով, անձնական անվտանգության ռազմավարություններով և ինքնապաշտպանության գործիքներով։ Հայաստանում և տարածաշրջանում սեքս աշխատողները հաճախ բախվում են խտրականության, բռնության, շահագործման, և նմանատիպ կրթական ծրագրերը դառնում են կենսական անհրաժեշտություն համայնքի անդամների համար։

Դասընթացը մեկնարկեց թիմային խաղերով, որոնք նպաստեցին միմյանց ճանաչելուն, վստահության մթնոլորտի ձևավորմանը և բաց հաղորդակցությանը։ Այնուհետև մասնակիցները ներգրավվեցին ինտերակտիվ ուսուցման և քննարկումների մեջ՝ ներառյալ՝

·  Իրավունքների ճանաչում և կիրառման հնարավորություններ

·  Ոստիկանության կամ այլ իրավապահների հետ շփման կանոններ և վարքագծի ռազմավարություններ

·  Վնասների նվազեցման մեթոդաբանություն՝ որպես անձնական և համայնքային անվտանգության գործիք

·  Սթրեսի կառավարում և հոգեկան առողջության պահպանման գործնական մեթոդներ

·  Իրավունքի պաշտպանությանը միտված անհատական և կոլեկտիվ գործողություններ

Խմբային աշխատանքների ընթացքում մասնակիցները վերլուծեցին իրական պատմություններ, քննարկեցին իրենց ապրումները և փոխանակվեցին արդյունավետ գործողությունների փորձով։ Մասնակիցները բաժանվեցին փոքր խմբերի՝ յուրաքանչյուրը մշակեց գործողությունների պլան՝ ուղղված համայնքի ներսում աջակցող մեխանիզմների ձևավորմանը, փոխօգնության ցանցերի ստեղծմանը և հզորացմանն ուղղված նախաձեռնությունների մշակմանը։

Դասընթացի ավարտին մասնակիցները հավաքականորեն ձևակերպեցին մի քանի առաջնահերթ նպատակներ․

·  շարունակել նմանատիպ կրթական հանդիպումները՝ հատկապես մարզերում,

·  ստեղծել անվտանգ շփման հարթակ, որտեղ սեքս աշխատողները կարող են կիսվել խնդիրներով ու ստանալ աջակցություն,

·  ստեղծել իրավաբանների և բժիշկների հետ համագործակցություն՝ իրենց իրավունքների և առողջության պաշտպանության գործում,

·  տարածել ստացած գիտելիքները համայնքի այլ անդամների շրջանում:

Մասնակիցները նշեցին, որ նման կրթական ծրագրերը ոչ միայն նպաստում են գիտելիքների և վստահության բարձրացմանը, այլ նաև սերմանում են համախմբվածության, խիզախության և հպարտության զգացողություն։ Շատերը առաջին անգամ բարձրաձայնեցին իրենց վախերի ու ապրումների մասին՝ ունենալով այն վստահությունը, որ լսված, հասկացված են լինելու և աջակցություն են ստանալու։

Իրավունքի կողմ ՀԿ-ն հավատարիմ է մնում իր սկզբունքներին՝ շարունակելու սեքս աշխատող համայնքի կարողությունների, ինքնապաշտպանության հմտությունների զարգացմանն ու արժանապատիվ կյանքի հնարավորությունների ընդլայնմանը միտված աշխատանքը։

02-07-2025
Կիսվել