
Ադվոկացիոն հմտությունների զարգացման դասընթաց «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչների համար

2025 թվականի մարտին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն՝ Հավասարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, կազմակերպեց ադվոկացիոն հմտությունների զարգացման դասընթաց՝ նախատեսված կազմակերպության 14 աշխատակիցների և ակտիվիստների համար։ Դասընթացը նպատակ ուներ խորացնել մասնակիցների ադվոկացիոն կարողությունները՝ մարդու իրավունքների ոլորտում առավել ռազմավարական, համակարգված և արդյունավետ ներգրավվածություն ապահովելու նպատակով՝ հատկապես կենտրոնանալով տրանսգենդեր ԼԳԲԻՔ անձանց և այլ խոցելի խմբերի հիմնախնդիրների վրա։
Դասընթացը անցկացվեց ապահով միջավայրում՝ ներառելով հետևյալ հիմնական թեմաները․
- Փաստերի վրա հիմնված ադվոկացիա
- Քաղաքականության վերլուծություն և ադվոկացիոն ռազմավարությունների մշակում
- Անձնական պատմությունների և հաղորդակցության գործիքների կիրառում փոփոխության համար
- Համագործակցություն պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և մեդիայի հետ
- Ադվոկացիոն գործունեության մոնիտորինգ և արդյունքների գնահատում:
Մասնակիցները ներգրավվեցին գործնական խմբային, վերլուծական և սիմուլյացիոն աշխատանքներում՝ նոր գիտելիքները կիրառելու և հմտություններ զարգացնելու նպատակով։ Դասընթացի կարևոր արդյունքներից էր համատեղ ադվոկացիոն գործողությունների պլանի մշակումը, որը կիրականացվի 2025 թվականի ընթացքում։ Այս գործողությունները միտված են գենդերի իրավական ճանաչման բարեփոխմանը առանց պարտադրող բժշկական միջամտությունների, ատելության խոսքի դեմ պայքարին և հասարակության մեջ ներառականության մակարդակի բարձրացմանը։
Դասընթացի ավարտին մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին ներգրավվելու քաղաքական և հանրային որոշումների ընդունման գործընթացներում։ Մասնակիցների խոսքով՝ սա ոչ միայն մասնագիտական զարգացման, այլև համայքային համախմբման և ուժեղացման եզակի փորձառություն էր։
Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում Հավասարության հիմնադրամին՝ այս կարևոր նախաձեռնությունը հնարավոր դարձնելու և տրանս ու ԼԳԲԻՔ+ համայնքների ձայնը բարձրացնելու մեր ջանքերին աջակցելու համար։ Այս դասընթացով ձեռք բերված հմտություններն ու փորձառությունները հիմք կծառայեն կազմակերպության ապագա ադվոկացիոն գործունեությունների համար։