«Հիշելով Նիկիտային» ցուցահանդես՝ նվիրված երիտասարդ տրանս ակտիվիստի հիշատակին

ԼԳԲՏԻՔ+ հիշատակի և հիշարժան օրերի պարբերական նշումը «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ապահով տարածքում արդեն ձևավորել է յուրահատուկ մշակույթ՝ հիմնված հիշողության, հոգատարության, սիրո և արդարության ձգտման վրա։ «Ապահով տարածքը միայն անվտանգ վայր չէ, այլ մի տեղ, որտեղ կարող ենք խոսել մեր ցավերի մասին, հիշել մեր կորուստները և հաղթահարել միայնությունը։

2025 թվականի հուլիսին կազմակերպվեց խորապես հուզիչ և կարևոր միջոցառում՝ «Հիշելով Նիկիտային» խորագրով ցուցահանդեսը։ Նիկիտան երիտասարդ տրանս ակտիվիստ էր, ով ինքնասպան եղավ Հայաստանում շարունակական գենդերային ճնշումների և սոցիալական մեկուսացման հետևանքով։ Ցուցահանդեսը ներառում էր Նիկիտայի լուսանկարները, նամակները ու պատմությունները։

Ցուցահանդեսի ընթացքում Նիկիտայի ընկերներն ու համայնքի անդամները հիշեցին իրենց միասին անցկացրած օրերը, կիսվեցին ապրումներով ու պատմություններով։ Դա մի պահ էր, երբ բոլորը զգացին, որ Նիկիտան դեռևս շարունակում է իրենց կողքին լինել։ Միաժամանակ խոսվեց նաև այն ցավոտ պատճառների մասին, որոնք հանգեցրին այս կորստին՝ հոգեկան առողջության հետ կապված դժվարությունները, շրջապատի անհանդուրժողականությունը ու պետության լիակատար անտարբերությունը։

17-07-2025
Կիսվել