Կարևոր զարգացում․ «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործը քննվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում
Սույն թվականի փետրվարի 18-ին «Իրավուքնի կողմ » ՀԿ-ն Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացվել է պաշտոնական ծանուցում, ըստ որի «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի» դիմումը նախատեսվում է անցնել դատարանի քննության փուլ։
Դիմումը վերաբերում է անձնական տվյալների (բնակության հասցեի) ապօրինի հրապարակմանը, ինչին հաջորդել են լայնածավալ ատելության խոսք, բռնության և սպանության սպառնալիքներ, ինչպես նաև իրավասու պետական մարմինների կողմից արդյունավետ պաշտպանության և պատշաճ քննության բացակայությունը՝ չնայած բազմակի դիմումներին և ներպետական բոլոր իրավական միջոցների սպառմանը։ Գործը ծագում է 2019 թվականի ապրիլին ՀՀ Ազգային ժողովում տրանս անձանց իրավունքների պաշտպան Լիլիթ Մարտիրոսյանի հրապարակային ելույթին հաջորդած իրադարձություններից։ Ելույթից հետո նա դարձել է համակարգված հետապնդման թիրախ, այդ թվում՝ մասնավոր անձի կողմից նրա տան հասցեի ապօրինի հրապարակման և նրա նկատմամբ բռնության կոչերի տարածման միջոցով։ Իրավապահ մարմինները չեն ապահովել պատշաճ պաշտպանություն, իսկ ներպետական դատարանները չեն տրամադրել արդյունավետ իրավական պաշտպանության միջոց։
Կարևոր է ընդգծել, որ Լիլիթ Մարտիրոսյանը մինչ օրս շարունակում է ենթարկվել թիրախավորման, հետապնդումների և զրպարտչական արշավների, ինչը վկայում է նրա անվտանգության, արժանապատվության և բարեկեցության նկատմամբ շարունակվող վտանգների մասին։
Եվրոպական դատարան ներկայացված դիմումով պնդվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածների խախտումը՝ համապատասխանաբար՝ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից պաշտպանվելու իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի իրավունքի մասով։
Այս գործը վեր է հանում Հայաստանում տրանսգենդեր անձանց և մարդու իրավունքների պաշտպանների անվտանգության հետ կապված ավելի լայն համակարգային խնդիրներ, քանի որ նրանք շարունակում են մնալ նպատակային հետապնդումների, բռնության և անպատժելիության պայմաններում առավել խոցելի խմբերից։
Մենք շարունակելու ենք պաշտպանել այս գործը դատարանում և հավատարիմ ենք մնում մարդու իրավունքների, հավասարության և արժանապատվության պաշտպանության առաջխաղացմանը։