
Կրթության իրավունք՝ հանուն ներառական և անվտանգ միջավայրի

Այսօր, սեպտեմբերի 1-ին, նշվում է Գիտելիքի օրը։ Սակայն Հայաստանում բազմաթիվ ԼԳԲՏԻՔ+ աշակերտների և ուսանողների համար կրթության ճանապարհը շարունակում է մնալ խոչընդոտներով լի։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից միայն վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրվել է 18 դեպք, երբ ԼԳԲՏԻՔ+ համայնքի անդամները դպրոցում կամ համալսարանում ենթարկվել են բուլինգի և խտրականության, կամ ստիպված չեն ցանկացել շարունակել ուսումը իրենց գենդերային ինքնության կամ սեռական կողմնորոշման հիմքով։
Կրթությունից դուրս մնալը բերում է լուրջ հետևանքների․ խտրականության և կրթության անհավասար հասանելիության պատճառով ԼԳԲՏԻՔ+ անձինք հետագայում բախվում են խնդիրների աշխատանքի որոնման և մասնագիտական կայացման հարցում։ Շատերը կանգնում են տնտեսական ծանր իրավիճակների առաջ, ինչը խորացնում է սոցիալական մեկուսացման և խոցելիության ռիսկերը։
Կրթությունը հիմնարար իրավունք է, որը պետք է երաշխավորվի յուրաքանչյուրի համար՝ առանց բացառության։ Ոչ մի աշակերտ կամ ուսանող չպետք է զրկվի գիտելիք ստանալու ու զարգանալու հնարավորությունից այն պատճառով, որ տարբերվում է։
«Իրավունքի կողմ» ՀԿ-ն տարիներ շարունակ իրականացնում է կրթական ծրագրեր ու նախաձեռնություններ՝ սեմինարներ, ուսուցողական ճամբարներ, քննարկումներ։ Այս աշխատանքները միտված են ոչ միայն ԼԳԲՏԻՔ+ երիտասարդների հզորացմանը, այլև ներառական ու ապահով կրթական միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր անձ կարող է սովորել արժանապատվությամբ։
Այսօր՝ Գիտելիքի օրը, կոչ ենք անում պետական կառույցներին և կրթական հաստատություններին գործել այնպես, որ ոչ մի աշակերտ կամ ուսանող չբախվի խտրականության և չունենա վախեր։ Գիտելիքի դռները պետք է բաց լինեն բոլորի համար, իսկ կրթությունը պետք է լինի այն գործիքը, որը բացում է հավասար հնարավորությունների ճանապարհ։