
Տրանս անձանց և սեքս աշխատողների իրավունքները համաշխարհային օրակարգում․ «Իրավունքի կողմ» ՀԿ-ն մասնակցել է CSW69-ին

Մարտի 9-15-ը «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը և ծրագրերի ղեկավար Ա.-ն Նյու Յորքում մասնակցում էին ՄԱԿ-ի Կանանց Կարգավիճակի Հանձնաժողովի (CSW69) 69-րդ նստաշրջանին։ Այս կարևոր համաժողովի շրջանակներում նրանք հնարավորություն ունեցան մասնակցելու մի շարք բարձրաստիճան հանդիպումների, ռազմավարական և պանելային քննարկումների և դռնփակ խորհրդակցությունների, որոնք կենտրոնացած էին գենդերային հավասարության, տրանս, ինտերսեքս և քվիր անձանց իրավունքների, ինչպես նաև սեքս աշխատողների հիմնախնդիրների վրա։
CSW69-ը բացառիկ հարթակ է, որտեղ քաղաքացիական հասարակության առաջնորդները, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները, ֆեմինիստ ակտիվիստները, ԼԳԲՏԻՔ+ համայնքի և սեքս աշխատողների շահերի պաշտպանները համախմբվում են՝ համատեղ ռազմավարություններ մշակելու և քաղաքականության փոփոխությունների վրա ազդելու նպատակով։ Այս տարվա քննարկումներում առանցքային դեր ունեին տրանս անձանց սոցիալական, իրավական և առողջապահական մարտահրավերները հատկապես Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում, որտեղ խտրական օրենսդրությունը, սոցիալական անտեսումը և հակագենդերային շարժումները շարունակում են խոչընդոտել համայնքի անդամների իրավունքների իրացումը։
Համաժողովի ընթացքում Լիլիթ Մարտիրոսյանը հանդես եկավ մի շարք ելույթներով և որպես բանախոս մասնակցեց տարբեր պանելային քննարկումների, որտեղ բարձրաձայնեց այն հիմնախնդիրները, որոնց բախվում են տրանս և սեքս աշխատող անձինք տարածաշրջանում։ Նրա ելույթները կենտրոնացած էին քաղաքական ներգրավվածության, սոցիալական պաշտպանության, հակագենդերային հռետորաբանության տարածման դեմ պայքարի և տարածաշրջանային համագործակցության խթանման վրա։
Լիլիթ Մարտիրոսյանը որպես խոսնակ մասնակցեց նաև NSWP (Global Network of Sex Work Projects)-ի կողմից կազմակերպված պանելային քննարկմանը, որը մեկ հարկի տակ էր համախմբել սեքս աշխատող, ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստներին, աջակիցներին և միջազգային ցանցերի ներկայացուցիչներին։
Որպես SWAN-ի Ղեկավար Հանձնաժողովի անդամ՝ Լիլիթ Մարտիրոսյանը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով տրանս, ինտերսեքս և քվիր սեքս աշխատողների հիմնախնդիրները և նրանց նկատմամբ կիրառվող համակարգային խտրականությունը։ Նա հատկապես անդրադարձավ համայնքի նկատմամբ բռնության, օրենսդրական սահմանափակումների և սոցիալ-տնտեսական անկայունության խնդիրներին, որոնք շարունակում են խոչընդոտել համայնքի ներկայացուցիչների իրավունքների լիարժեք իրացմանը։
Այս կարևոր քննարկումը հնարավորություն տվեց միջազգային մակարդակում բարձրաձայնելու տրանս և սեքս աշխատող անձանց նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականությունների ազդեցությունը և հնարավոր լուծումների մասին՝ միաժամանակ խթանելով համերաշխությունն ու միջազգային համագործակցությունը։
«Իրավունքի կողմ» ՀԿ-ի համար այսպիսի միջազգային հարթակներում մասնակցությունն ունի ռազմավարական նշանակություն, քանի որ այն հնարավորություն է տալիս ամրապնդել միջազգային գործընկերությունը, ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը, ներգրավել դոնոր համայնքին և բարձրացնել տեսանելիությունը մարդու իրավունքների հիմնախնդիրների վերաբերյալ։
Հատուկ շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին, գործընկերներին, պանելիստներին և բոլոր մասնակիցներին՝ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի ներկայացուցիչներին այս կարևոր քննարկումներում ներգրավելու, ինչպես նաև մեր աշխատանքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար։ Այս հանդիպումները ոչ միայն կարևոր էին քաղաքական փոփոխությունների խթանման համար, այլև նոր ուժ տվեցին շարունակելու պայքարը հանուն հավասարության և սոցիալական արդարության