
Հանրային հայտարարություն | կանանց միջազգային օր 2025

Այսօր՝ մարտի 8-ին, երբ աշխարհը նշում է Կանանց միջազգային օրը, մենք բարձրաձայնում ենք նաև տրանս կանանց իրավունքների մասին։ Այս օրը խորհրդանշում է հավասարության, դիմադրության և հաղթանակի պայքարը, բայց միևնույն ժամանակ, մենք ականատես ենք լինում հակագենդերային և հակատրանս շարժումների վտանգավոր աճին բազմաթիվ երկրներում։
Մինչ կանանց իրավունքների համար մղվող պայքարը շարունակվում է, տրանս կանայք կրկնակի ճնշման են ենթարկվում․ նրանք ոչ միայն գտնվում են խտրականության, բռնության և ատելության թիրախում, այլև կառավարական մակարդակով իրականացվող հակագենդերային օրենսդրության, և կազմակերպված ատելության քարոզարշավների զոհ են դառնում։
Այսօր՝ 2025 թվականին, մենք տեսնում ենք, թե ինչպես են աշխարհում հակագենդերային շարժումները թիրախավորում տրանս և ԼԳԲԻՔ+ համայնքները՝ փորձելով ոչնչացնել տասնամյակների պայքարի արդյունքում ձեռք բերված իրավունքները։
ԱՄՆ-ում, Եվրոպայում, Միջին Արևելքում, Լատինական Ամերիկայում տրանս անձանց իրավունքների դեմ ուղղված օրենսդրական արգելքները կրկնապատկվել են, իսկ խտրական և կեղծ նարատիվները՝ ավելի մեծ տարածում ստացել։
Հայաստանում և Կովկասյան տարածաշրջանում տրանս անձինք ենթարկվում են բռնության, իսկ ատելության խոսքն ու պետական մակարդակով իրականացվող լռության քաղաքականությունը վտանգում են նրանց կյանքը։
Հարևան Ռուսաստանում, Վրաստանում և այլ երկրներում տրանս անձանց գոյությունն արգելող ու քրեականացնող օրենքներ են ընդունվում, իսկ մարդիկ ենթարկվում են հետապնդումների և բռնաճնշումների։
Մենք չենք կարող լռել։
Մարտի 8-ը միայն տոն չէ՝ այն հիշեցում է, որ բոլոր կանայք, ներառյալ՝ տրանս կանայք, արժանի են հարգանքի, անվտանգության և հավասարության։
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, կոչ Է անում միջազգային կառույցներին, կառավարություններին, դոնորներին և հանրությանը՝
- Պաշտպանել տրանս անձանց իրավունքները՝ իրավական, ֆինանսական և քաղաքական աջակցությամբ։
- Մերժել ու դատապարտել բոլոր հակագենդերային շարժումները, որոնք նպաստում են ատելության աճին և մարդու իրավունքների խախտումներին։
- Ճանաչել ու բարձրաձայնել տրանս անձանց պայքարը կանանց իրավունքների համաշխարհային շարժման ներսում։
Մարտի 8-ը նաև տրանս կանանց օրն է։ Մենք չենք զիջի մեր իրավունքները, մենք չենք լռի։ Մենք կշարունակենք պայքարել հանուն բոլոր կանանց հավասարության, անկախ նրանց գենդերային ինքնությունից։
Միացեք մեր պայքարին։ Քայլենք միասին հանուն արդարության։