Մարտ,ապրիլ և մայիս ամիսներին «Իրավունքի Կողմ» ՀԿ-ի ապահով տարածքում իրականացված համայնքային հանդիպումներ

Սույն թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համայնքային ապահով տարածքում Հավասարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ տեղի են ունեցել 6 միջոցառումներ՝ Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքների անդամների առողջության պահպանության, փոխօգնության, համերաշխության ամրապնդման և այլ թեմաներով։ 

Մարտի 1-ին՝ Զրո Խտրականության օրվա առիթով տեղի է ունեցել հանդիպում, որտեղ քննարկվել է խտրականության տեսակները՝ կենտրոնանալով գենդերային ինքնության և սեռական կողմնորոշվածության հիմքով խտրականության վրա։ Քննարկվեց, թե ինչպես կարող են համայնքի անդամները պաշտպանվել խտրականությունից, և շեշտվեց, որ անհրաժեշտ է ՀՀ խտրականության դեմ պայքարի օրենքում ներառել գենդերային ինքնությամբ և սեռական կողմորոշվածությամբ պայմանավորված խտրականությունը։ Հանդիպմանը մասնակցել են 13 Տրանս ԼԳԲԻՔ անձ և համակիրներ։ 

Մարտի 6-ին տեղի է ունեցել համայնքային հանդիպում՝ փորձի փոխանակում, որին մասնակցել են 8 Տրանս ԼԳԲԻՔ անձ և համակիրներ, ովքեր պատմել են իրենց անձնական փորձառությունների մասին։

Ապրիլի 20-ին տեղի է ունեցել Տրանս ԼԳԲԻՔ համայնքաին հանդիպում, որի ընթացքում քննարկվեց քվիր անձանց փորձառությունը ուսումնական հաստատություններում և ինչքանով են Հայաստանի Հանրապետությունում Տրանս ԼԳԲԻՔ անձինք կարողանում իրացնել իրենց կրթուրթյուն ստանալու իրավունքը։ Ցավոք, խարանի, խտրականության, բուլինգի և հոգեբանական և այլ տեսակների  բռնության պատճառով շատ հաճախ ԼԳԲՏԻՔ անձինք, հատկապես Տրանս անձինք դուրս են մնում ուսումնական հաստատություններից, չեն կարողանում ստանալ մասնագիտացում, ինչի հետևանքով հետագայում դառնում են գործազուրկ կամ դուրս են մնում կյանքի տարբեր ոլորտներից։ Ուսումնական հաստատություններում չկան պատշաճ կարգավորումներ ԼԳԲՏԻՔ անձանց այս ռիսկերից պաշտպանելու համար, և ամբողջ բեռը մնում է հասարակական կազմակերպությունների ուսերին, որոնք ԼԳԲՏԻՔ անձանց տրամադրում են այլընտրանքային կրթական հնարավորություններ՝ դասընթացների, սեմինարների, ակադեմիաների միջոցով։ Հանդիպմանը մասնակցել են 10 Տրանս ԼԳԲԻՔ անձինք և ակտիվիստներ։ 

Հաջորդ հանդիպումը վերաբերում էր ՀՀ-ում հորմոնաթերապիայի հասանելիությանը և տեղի է ունեցել ապրիլի 29-ին։ Այսօր Հայաստանում չկան տրանս-սպեցիֆիկ առողջապահության լիցենզավորում անցած կլինիկաներ և ներզատաբաններ, ովքեր կարող են աշխատել Տրանս անձանց հետ և նրանց նշանակել համապատասխան հորմոնալ դեղորայք։ Տրանս անձինք դրա հետևանքով հաճախ զբաղվում են ինքնաբուժությամբ, կամ խորհրդատվություն են ստանում այլ երկրների ներզատաբանների մոտ, ովքեր սակայն չեն կարող տրամադրել դեղատոմս համապատասխան դեղորայք ձեռք բերելու համար։ Այժմ ՀՀ-ում ներդրվել է նաև դեղատոմսերի էլեկտրոնային համակարգ, որը կկարգավորի դեղերի վաճառքը, և փաստացի այս ամենի արդյունքում Տրանս մարդիկ չեն կարողանա այլևս դեղատներից հորմոնալ դեղորայք ձեռք բերել, սակայն Առողջապահության նախարարությունը քայլեր չի ձեռնարկում Տրանս անձանց շահերը նույնպես այս օրինագծում ներառելու համար։ Հանդիպմանը մասնակցել են 9 Տրանս ԼԳԲԻՔ անձ։

Մայիս 7-ին և 8-ին տեղի են ունեցել երկու համայնքային հանդիպում-քննարկումներ՝ քվիր անձանց խնդիրները Հայաստանում թեմայով, որոնցից առաջինին մասնակցել են 10 Տրանս ԼԳԲԻՔ անձինք և համակիրներ, իսկ երկրորդին՝ 8։ Քննարկման ժամանակ մասնակիցները քարտեզագրել են այն ոլորտները, որտեղ ԼԳԲՏԻՔ անձինք բախվում են խտրականության և բռնության, և թե ինչ ազդեցություն է դա թողնում նրանց վրա՝ զրկելով կրթություն ստանալու, առողջապահական ծառայություններից օգտվելու, աշխատանքի տեղավորվելու և այլ իրավունքներից։ 

 

 

19-06-2024
Կիսվել