
Դանակով զինված՝ հարձակվել և ծեծել են ենթարկել տրանս կնոջը սեփական բնակարանում

Ուրբաթ՝ սույն թվականի հունիսի 14-ի երեկոյան, տղամարդը հարձակվել է տրանս կնոջ վրա իր իսկ բնակարանում և ենթարկել դաժան ծեծի։ Նախ տղամարդը զանգահարել է տրանս կնոջը, ով հանդիսանում է սեքս աշխատող՝ ցանկանալով հանդիպել նրա հետ, սակայն գալով նրա տուն, տղամարդը գրպանից հանել է դանակ և հարձակվել տրանս կնոջ վրա, սպառնացել, որ կսպանի, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, քերծվածքներ և կապտուկներ, քաշել և պոկել մազերը։ Տրանս կնոջը հաջողվել է դուրս գալ պատշգամբ և օգնություն կանչել, որից հետո բռնարարը հեռացել է։ Տրանս կինը դեպքի առնչությամբ անմիջապես դիմել է ոստիկանություն՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հարուցվել է քրեական գործ և տրանս կինը ճանաչվել է տուժող և ուղարկվել դատաբժշկական փորձաքննության։
Այսօր՝ հունիսի 17-ին, Տրանս կինը դիմել է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը, որպեսզի կազմակերպության իրավաբանական թիմը ներգրավվի սույն գործի շրջանակներում և ապահովի իրավական ներկայացուցչություն գործի բոլոր փուլերում։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն դատապարտում է գենդերային հիմքով բռնությունը և հետամուտ է լինելու դեպքի ամբողջական բացահայտմանը և մեղավորի պատասխանատվության ենթարկելուն։ Վերջին տարիներին նկատվում է տրանս ԼԳԲԻՔ անձանց ֆիզիկական բռնության ենթարկելու դեպքերի աճ, ինչի վկայությունն են ինչպես անցած տարվա ընթացքում փաստագրված ֆիզիկական բռնության դեպքերը, այնպես էլ Տրանս կնոջ սպանությունը 2023թ․-ի օգոստոսի 20-ին։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում այսօր առկա է Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամաբ բռնությունը հավերժացնող անպատժելիության մթնոլորտ՝ պայմանավորված թերի օրենսդրական կարգավորումներով, Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ խտրականությունը քրեականացնող օրենքի բացակայությամբ և անկատար իրավակիրառ պրակտիկաներով, ինչը պարարտ հող է ստեղծել Տրանս և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ ոտնձգությունների ու բռնության համար։
«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպություն հետևում է Տրանս և ԼԳԲԻՔ անձանց մասնակցությամբ քրեական գործերի ընթացքին, հետևողականորեն փաստագրում ու հավաքագրում խտրականության ու բռնության դեպքերը և իր ուշադրության կենտրոնում է պահելու նաև այս գործը՝ ՀՀ ոստիկանությանը հորդորելով իրականացնել պատշաճ հետաքննություն։
Հունիս 18 Հայաստան Երևան