Տասը տարվա պայքար հանուն հավասար իրավունքների
Հունվարի 27-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նշեց իր գործունեության հոբելյանական 10-ամյակը՝ ամփոփելով տասնամյակ տևած համառ պայքարի ճանապարհը, հաղթահարած մարտահրավերները և այն իրական փոփոխություններն ու ձեռքբերումները, որոնք հնարավոր դարձան Հայաստանում տրանս ԼԳԲԻՔ համայնքի իրավունքների պաշտպանության ոլորտում։
Այս տասը տարիները «Իրավունքի կողմ»-ի համար եղել են ոչ միայն իրավապաշտպան գործունեության, այլև տրանս ԼԳԲԻՔ համայնքի կողքին կանգնելու, նրանց ձայնը լսելի դարձնելու և արժանապատիվ ու անվտանգ կյանքի իրավունքը պաշտպանելու ճանապարհ։
Տարեդարձին ներկա էին դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության գործընկերներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տրանս ԼԳԲԻՔ համայնքի անդամներ ու աջակիցներ։
Բացման խոսքով հանդես եկավ կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով անցած բարդ և երբեմն վտանգավոր ճանապարհին՝ ընդգծելով, որ վերջին տասնամյակը եղել է դիմակայության, հաստատակամության և փոփոխության տարիներ։ Նա շեշտեց, որ «Իրավունքի կողմ»-ի գործունեությունը չի սահմանափակվում միայն իրավական աջակցության շրջանակներով, այլ ունի ավելի լայն՝ սոցիալական և մարդակենտրոն առաքելություն։
Այնուհետև կազմակերպության ֆոնդահայթայթման մասնագետ Աննա Էվոյանը ներկայացրեց «Իրավունքի կողմ»-ի տասը տարիների ընթացքում արձանագրված կարևոր ձեռքբերումները՝ խոսելով կազմակերպության կայացման, ծրագրերի ընդլայնման և միջազգային համագործակցությունների աճի մասին, որոնք էական դեր են ունեցել կազմակերպության ազդեցության ամրապնդման գործում։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև «Տրանս շարժումը Հայաստանում․ հետադարձ հայացք» կարճ վավերագրական ֆիլմը, որը ներկայացրեց շարժման ձևավորման պատմությունը, անցած ճանապարհը, մարտահրավերներն ու ձեռքբերումները՝ հիշեցնելով, թե որքան դժվար, բայց համառ ճանապարհով են հնարավոր դարձել այսօրվա փոփոխությունները։
Միջոցառման ավարտին հնչեցին շնորհակալական խոսքեր և շնորհակալագրերի հանձնում դիվանագիտական առաքելություններին, կազմակերպություններին և անհատ ակտիվիստներին, որոնք այս տարիների ընթացքում կանգնել են «Իրավունքի կողմ»-ի կողքին և իրենց ներդրումն են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության ու ավելի ներառական ու ժողովրդավար Հայաստանի կառուցման գործում՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այս պայքարը միայն կազմակերպության մասին չէ, այլ մի ամբողջ համայնքի և համերաշխության պատմություն է։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը վերահաստատում է իր հանձնառությունը շարունակել պայքարը հանուն հավասար իրավունքների, անվտանգության և արժանապատիվ կյանքի բոլորի համար Հայաստանում։